Ադրբեջանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատունը բողոքի գիր է յղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեանը՝ ադրբեջանական լրատւամիջոցների կողմից Իրանի դէմ կիրառած վիրաւորական եւ անարգանքի գործողութիւնների առչնութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ադրբեջանի Հանրապետութեան որոշ լրատւամիջոցների անարգանքի գործողութիւնների շարունակութիւնից յետոյ Բաքւում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը խիստ բողոք է յղել այդ երկրի արտաքին գործերի նախարարութեանը:
Դեսպանատունը խստօրէն բողոք է արտայայտել ադրբեջանական լրատւամիջոցների գործողութիւնների առնչութեամբ եւ կոչ արել անյապաղ դադարեցնել դրանք։
Դեսպանատունը նաեւ զգուշացրել է երկու երկրների յարաբերութիւնների ուղղութեամբ նման գործողութիւնների վնասակար հետեւանքների մասին։
ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Նասեր Քանանին այսօր՝ մարտի 31-ին ադրբեջանական իշխանութիւններին կոչ է արել բացատրութիւն տալ վերջին հակաիրանական գործընթացների մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական խօսնակը սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի յայտարարութիւններին անդրադառնալով՝ կապւած հակաիրանական միասնական ճակատի ձեւաւորման, ինչպէս նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի յայտարարութեան Ադրբեջանի եւ սիոնիստական ռեժիմի միջեւ «ռազմավարական գործընկերութեան նոր փուլ» ձեւաւորմանը, Քանանին այն դիտարկել է որպէս անուղղակի հաստատում այդ երկրների հակաիրանական կողմնորոշման։
ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակն ադրբեջանական իշխանութիւններին կոչ է արել բացատրութիւն տալ այս յարաբերութիւնների վերաբերեալ։
Նա այդ գործընթացները որակել է որպէս եւս մէկ ապացոյց, որ սիոնիստական ռեժիմը չարամիտ մտադրութիւններ ունի Ադրբեջանի հողն Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեան համար սպառնալիքի վերածելու վերաբերեալ:
Ընդգծելով Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ամուր պատմական եւ կրօնական կապերը՝ նա յաւելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս փորձել է տապալել չարակամների ջանքերը, որոնք ձգտում են պառակտել երկու հարեւան երկրները։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքից մեր երկրի դէմ սիոնիստական ռեժիմի դաւադրութեան կազմակերպման սպառնալիքի նկատմամբ, եզրափակել է ԱԳՆ պաշտօնական խօսնակը: