Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղը խստօրէն դատապարտում է վերջերս Գլենդելում տեղի ունեցած ատելութեան միջադէպը, որտեղ անձանց միջոցով տարածուել է հակահայ թռուցիկներ, որոնք քարոզում են Հայոց ցեղասպանութիւնն աւարտին հասցնելու սարսափելի գաղափարը: Այս դատապարտելի արարքը յաջորդում է մի քանի շաբաթ առաջ Բեւերլի Հիլզում տեղի ունեցած նմանատիպ միջադէպին, որը ցոյց է տալիս մեր համայնքներում հակահայ տրամադրութիւնների եւ ատելութեան յանցագործութիւնների աճող վտանգը:
Որպէս կազմակերպութիւն, որը նուիրուած է ամերիկահայ համայնքի բարօրութեանը եւ առաջընթացին, մենք խորապէս անհանգստացած ենք այս ատելութեան արարքներից, եւ տեղական իշխանութիւններին կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադէպերը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին:
Հայոց ցեղասպանութիւնը` մարդկային պատմութեան մութ էջերից է, որը յանգեցրեց 1.5 միլիոն հայերի մահուան եւ տեղահանութեան: Նման վայրագութիւնների շարունակմանը նպաստելը ոչ միայն բարոյապէս զզուելի է, այլ նաեւ ուղղակի սպառնալիք է մեր համայնքի անվտանգութեան եւ բարեկեցութեան համար:
Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ համերաշխ լինել ատելութեան, խտրականութեան եւ բռնութեան դէմ։ Միասին մենք կարող ենք զարգացնել անվտանգ, ներառական եւ արդար հասարակութիւն, որը պաշտպանում է յարգանքի, կարեկցանքի եւ միասնութեան արժէքները: Աւելին, մենք խրախուսում ենք բոլորին ծանօթանալ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը եւ հայ համայնքի դիմագրաւած պայքարին, որպէսզի նպաստէն փոխըմբռնմանը եւ կարեկցանքին:
Մինչ մեր համայնքը պատրաստւում է համախմբուել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը այս ապրիլի 24-ին, այս միջադէպը յիշեցնում է մէզ, որ մենք պէտք է զգօն մնանք ցեղասպանութեան ժխտմանը եւ բոլոր ձեւերով ատելութեան հրահրմանը:
Մենք կը շարունակենք սերտօրէն աշխատել տեղական եւ ազգային գործընկերների հետ՝ բարձրացնելու այս խնդիրների մասին իրազեկուածութիւնը, պայքարելու ատելութեան յանցագործութիւնների դէմ եւ խթանելու այնպիսի հասարակութիւն, որտեղ բոլորը, անկախ իրենց ծագումից, կարող են ապրել առանց վախի եւ նախապաշարմունքների:
Մարտ 31, 2023 Գլենդել -Օրակարգ