Տաթեւիկ Աղաջանեան
Ադրբեջանի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 12-ից իրականացուող շրջափակումը ամբողջութեամբ փոխել է Արցախի ներքին կեանքի բոլոր ոլորտները։ Բնակչութիւնը փորձում է կեանքը յարմարեցնել նոր պայմաններին, այստեղ նոյնիսկ կատակում են, թէ արդէն տնային տնտեսուհիները չէն որոշում, երբ են զբաղուելու կենցաղային գործերով, այլ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը: Բնապահպանական կեղծ պատճառաբանութեամբ Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով ստեղծուած իրավիճակում աշխատանքները համակարգելու համար Արցախի կառավարութիւնում ստեղծուել է օպերատիւ շտաբ:
Շրջափակումն Արցախի ժողովրդի վրայ ունեցել է հետեւեալ ազդեցութիւնները՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, կենսական ենթակառուցուածքների աշխատանքի խափանում եւ հոգեբանական ահաբեկչութիւն:
Յունուարի 9-ից ամբողջութեամբ խափանելով Հայաստանից ստացուող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար կասեցնելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնաւոր ստեղծել է շարունակական էներգէտիկ ճգնաժամ: Արցախում անցել են էներգէտիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծաւալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները եւ հնարաւորինս սահմանափակելով սպառումը: Այս ընթացքում մեծապէս պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ ջրամբար մուտք գործող ջրային պաշարների համեմատութեամբ աւելի շատ ջուր է բաց թողնուել: Այժմ կրիտիկական վիճակ է:
Սարսանգի ջրամբարի միջոցով բաւարարւում է ներքին էներգէտիկ պահանջարկի միայն 60 տոկոսը, ինչի հետեւանքով ՀՀ-ից Արցախ հասնող էլեկտրագծի վթարի հէնց յաջորդ օրուանից «Արցախէներգոյ» ՓԲԸ-ն ստիպուած է եղել անցնելու հովհարային անջատումների, նախ՝ օրական 2, այնուհետեւ՝ 4, իսկ այժմ էլ՝ 6 ժամեայ անջատմամբ:
Շրջափակման առաջին շաբաթուայ ընթացքում դատարկուել են մրգի եւ բանջարեղենի խանութները, այնուհետեւ՝ աստիճանաբար խանութների ցուցափեղկերը: Յատկապէս զգալի է սննդամթերքի, դեղորայքի, մանկական կերերի, հիգիենայի պարագաների սղութիւնը:
Բնակչութեան նուազագոյն պահանջները բաւարարելու համար յունուարի 17-ից սահմանուել է կտրօնային համակարգ, որի միջոցով իւրաքանչիւր անձ կարող է մէկ ամսուայ ընթացքում գնել 1 լիտր արեւածաղկի ձէթ, մէկական կգ մակարոնեղէն, բրինձ, շաքարաւազ եւ հնդկաձաւար: Իսկ փետրուարի 20-ից մթերքների այս ցանկին աւելացել են միրգը, բանջարարեղէնը, ձուն եւ լուացքի փոշին:
Կորոնաւիրուսային համաւարակ, պատերազմ, այժմ էլ՝ շրջափակում: Այս աղէտների հետեւանքով մեծապէս տուժել է նաեւ Արցախի կրթական համակարգը: Ինչպէս նախորդ դէպքերում, շրջափակման ժամանակ եւս հնարաւոր չի եղել ապահովել նորմալ դասընթաց, քանի որ 7 անգամ Ադրբեջանը արգելափակել է Արցախ մտնող գազատարը, որով ջեռուցւում է դպրոցների մեծ մասը, նախադպրոցական հաստատութիւնները: Փաստացի, պարբերաբար խաթարուել է 30.000 երեխայի կրթութեան իրաւունքը: Բացի դրանից՝ արցախցի դիմորդները չէն կարողացել մասնակցել Հայաստանում բուհական ընդունելութեան առաջին փուլի (ձմեռային) միասնական քննութիւններին։ Այժմ թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի կրթութեան ոլորտի պատասխանատուները քննութիւնները յանձնելու այլընտրանքային տարբերակներ են քննարկում։
Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը յայտարարել է, որ փետրուարի 27-ից Արցախի Հանրապետութիւնում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում լիարժէքօրէն կուերսկսուի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հաշուի առնելով գազամատակարարման մասնակի վերականգնումը՝ փետրուարի 20-ից վերսկսուել էր գազով ջեռուցուող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի եւ 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական եւ արուեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների դասընթացը, որը կասեցուած էր փետրուարի 7-ից։
Շրջափակման հէնց առաջին օրերից տուժել է տնտեսութեան 41 ոլորտ, աւելի քան 5100 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբիւրը, յատկապէս՝ սպասարկման ոլորտում: Մեծածախ ու մանրածախ առեւտրի ոլորտը տուժել է ապրանքի բացակայութեան, իսկ արտադրողները՝ հումքի ներկրման անհնարինութեան պատճառով: Տուժել են մանածագործական, հագուստի, խմիչքների արտադրութեան, միրգ-բանջարեղենի, մսի եւ մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայութիւնները, ինչպէս նաեւ՝ հիւրանոցային տնտեսութիւնները: Կառավարութիւնն աջակցութեան մի շարք ծրագրեր է մշակել՝ շրջափակման հետեւանքով աշխատանքից զրկուած ընտանիքների սոցիալական բեռը թեթեւացնելու համար:
Յատկապէս շրջափակման օրերին շատ է խօսւում ներքին արտադրութիւնը զարգացնելու մասին: Սակայն գրեթէ անհնար է գարնանացան մշակաբոյսէրի սերմերի, պարարտանիւթերի, բոյսէրի պաշտպանութեան միջոցների, իսկ անասնաբուծութեան ոլորտում՝ հատիկային եւ խտացրած կերերի ներկրումը։
Հանրապետութիւնում խնդրահարոյց է վառելիքի սակաւութիւնը, ինչի հետեւանքով կաթուածահար են լինում գիւղատնտեսութեան բոլոր ճիւղերի ընթացիկ աշխատանքները:
Այս պահին տեղական արտադրութեան բուսաբուծական մթերք վաճառքում չկայ կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծուած իրավիճակում գիւղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու եւ որպէս սերմացու օգտագործելու համար։
Ինչպէս հաղորդում են ԱՀ գիւղատնտեսութեան նախարարութիւնից, գարնանացանի աշխատանքները կատարուելու են պահուստային պաշարների, ինչպէս նաեւ Արցախում գործող ագրոմարկէտներում առկայ սերմերի մնացորդների հաշուին: Նոյն կերպ է լուծուելու նաեւ այդ աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի խնդիրը:
Արտակարգ տնտեսման ռեժիմով է աշխատում առողջապահական համակարգը. դեղորայքի եւ բժշկական նշանակութեան ապրանքների սահմանափակ պաշարները բաւարարելու համար Արցախի պետական բուժհաստատութիւններում դադարեցուած են պլանային բոլոր միջոցառումները՝ ներառեալ վիրահատութիւնները եւ հետազօտութիւնները։ Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիւանդանոցի եւ հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարաւոր չէ ներմուծել անհրաժեշտ քանակութեամբ բժշկական նշանակութեան ապրանքներ։ Առկայ է նաեւ ջեռուցման խնդիր, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցւում են սեփական կաթսայատների միջոցով, եւ գազի ու էլեկտրականութեան պարբերական անջատումները լրացուցիչ դժուարութիւններ են ստեղծում հիւանդների բուժման համար։
Առողջապահութեան համակարգում զգացւում է մասնագէտների պակաս, որը մինչեւ շրջափակումը լրացւում էր Հայաստանից եւ այլ երկրներից եկող մասնագէտների հաշուին։ Աւելի քան երեք ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապէս աջակցող տասնեակ բժիշկներ չէն կարողանում հասնել Արցախ եւ համապատասխան բուժօգնութիւն ցուցաբերել։
Եթէ օպերատիւ շտաբի ձեռնարկած միջոցառումների շնորհիւ քիչ թէ շատ կարգաւորուել են տնտեսական, սոցիալական ոլորտները, ապա նոյնը չի կարելի ասել քաղաքական ոլորտի մասին: Շրջափակման օրերին նշանակուել են նոր նախարարներ եւ ազատուել, իսկ մի շարք նախարարութիւններ դեռեւս գլխաւորում են ժամանակաւոր պաշտօնակատարները:
Փետրուարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնն այն պայմանով, որ բանակցողը չպէտք է լինի Ռուբէն Վարդանեանը: Մի քանի օր անց՝ փետրուարի 23-ին, Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը կառավարութեան նիստում հրապարակել է Ռուբէն Վարդանեանին պետական նախարարի պաշտօնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանեանի ջանքերը թէ՛ Արցախի մասին միջազգային իրազեկման բարձրացման եւ թէ՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիւ հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ: Իր պաշտօնավարման ժամանակ պետական նախարարը մեծ դեր է ունեցել յատկապէս շրջափակմանն առնչուող խնդիրները բարձրաձայնելու գործում՝ հարցազրոյցներ տալով մի շարք հեղինակաւոր լրատուամիջոցներին:
Փետրուարի 24-ին տեղեկութիւն տարածուեց, որ Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը կազմակերպել է հանդիպում Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների միջեւ: Ըստ պաշտօնական տեղեկատուութեան՝ քննարկուել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի եւ էլեկտրականութեան կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Այսօրուայ դրութեամբ այս ուղղութեամբ տեսանելի քայլեր չէն կատարուել: Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանը, ապա ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հաղորդում է․ «Խաղաղապահ զօրախմբի հրամանատարութիւնը շարունակում է բանակցութիւնները հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Բերձորի միջանցք) տրանսպորտային միջոցների երթեւեկութիւնը վերականգնելու վերաբերեալ»:
Արցախում ապրողներին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շուտափոյթ բացման անհրաժեշտութիւնից բացի, աւելի շատ մտահոգում է այն հարցը, թէ ի՞նչ գնով է դա արուելու: Ի վերջոյ, երեք ամսից աւելի կենցաղային զրկանքների ու հոգեբանական ճնշման ենթարկուած մարդիկ ուզում են վստահ լինել, որ դա չի արուելու ի հաշիւ իրենց իրաւունքների եւ արժանապատիւ ապագայի։