Իրականութիւնը որպէս մեղադրանք

Իրականութիւնը որպէս մեղադրանք

«Դրօշակ»-ի առաջնորդող

Սոյն թւականի մարտի 4-ին, միւնխէնեան համաժողովի շրջանակում գտնւելով Գերմանիայում, Նիկոլ Փաշինեանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումից 10 օր անց Փաշինեանը մամլոյ ասուլիս տւեց հայաստանյան լրատւամիջոցների ներկայացուցիչների համար։ Չնայած հանդիպումների նպատակների եւ մասնակիցների կազմերի տարբերութեանը՝ այս երկու միջոցառումները նման էին իրար նախ եւ առաջ նրանով, որ կարճ ներկայացնելով տարբեր բնագաւառներում իր գլխաւորած իշխանութեան ձեռքբերումները, Փաշինեանն առաջարկեց մասնակիցներին հարցեր ուղղել իր ներկայացրած եւ ոչ միայն այդ թեմաներով։ Երկու իրադարձութիւնների յաջորդ նմանութիւնն այն էր, որ դրանք հարց ու պատասխանի փոխարէն աւելի շուտ վերածւեցին հարցաքննութիւնների, իսկ աւելի ճիշտ, մեղադրանքների՝ ուղղւած անձամբ Հայաստանի ղեկավարի եւ նրա ղեկավարած իշխանութեան դէմ։ Կարելի է արձանագրել, որ կարճ ժամանակ անց, թէ՛ ներկաների, եւ թէ՛ ակնդիրների առջեւ աղճատւում ու յօդս էր ցնդում այն հեքիաթը, որ հանդիպումների սկզբում Փաշինեանը պատմում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի, ժողովրդավարութեան, կոռուպցիայի դէմ պայքարի, դատական համակարգի բարեփոխումների եւ այլ ուղղութիւններով ձեռք բերւած «աննախադէպ նւաճումների» վերաբերեալ։ Իսկ որ ողբերգական լինելու չափ մտահոգիչ էր, ակնյայտ դարձան երկրի ղեկավարի մակարդակին անհամապատասխան պարզունակ ու վտանգաւոր դիրքորոշումները, փաստարկների սնանկութիւնը ինչպէս ներքին կեանքի, այնպէս էլ ազգային կենսական հիմնախնդիրների վերաբերեալ։ Ժամանակին, երբ Փաշինեանը հաշւետւութեան խնդիր չունէր եւ միայն քննադատողի դերում էր, նա կարողանում էր փոքր ճշմարտութիւնը խառնելով մեծ ստին տրամաբանական շղթայ կառուցել եւ մոլորեցնել շատերին իր յեղափոխական ամբոխավարութեամբ։

Այժմ, երբ նա ստիպւած է հաշւետու լինել իր ու իր թիմի գործունէութեան համար, նրա հռետորաբանութիւնը խամրել է, դարձել հակասական ու անհաւաստի։ Թէեւ նա հաւատում է, որ եթէ անմիջականօրէն դիմի մարդկանց դեռ որոշակի զանգւածի, կը կարողանայ մոլորեցնել։

Իհարկէ, ամէն պատեհ ու անպատեհ առիթով նա շարունակում է բոլոր մեղքերի մէջ մեղադրել նախկիններին, բայց հինգ տարւայ կառավարման պատկերն ակնառու է, եւ տրւող հարցերը պատասխաններ են պահանջում կոնկրետ իրողութիւնների վերաբերեալ։ Վերոնշեալ երկու հանդիպումների ընթացքում, որոնք ընդհանուր հաշւով տեւեցին աւելի քան հինգուկէս ժամ, կարելի է ասել, որ ներկայացւող հարցադրում- մեղադրանքներից որեւէ մէկը չարժանացաւ յստակ ու բաւարարող պատասխանի, այլ հակառակը, տարակուսանք ու ծիծաղ էին յարուցում՝ ստիպելով հարց տւողներին ի վերջոյ լռելու սոսկ դիմացինի երկարաբանութիւններին եւ կարգավիճակին զիջելով։

Ահա մի քանիսն այդ հարցադրում-մեղադրանքներից, որոնց հետեւեցին լղոզւած, բուն հարցերից շեղւող, լաւագոյն դէպքում՝ արտառոց պատասխաններ։

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մէկն ասում է, որ բարեգործական նպատակներով Հայաստան բերւած բեռն ութ ամիս չեն կարողացել մաքսատնից դուրս բերել, իսկ մէկ ուրիշը ներկայացնում է, որ օտարերկրեայ ներդրումներ ապահովելու նպատակով փորձել է իր անունով հաշւեհամար բացել հայաստանեան բանկերում եւ վեց ամսւայ ջանքերն ապարդիւն են անցել։

Յատկանշական է, որ հնչող բազմաթիւ հարցադրում-մեղադրանքները երկրի ղեկավարի մօտ զարմանք կամ վրդովմունք չեն առաջացնում, ընդհակառակը, նա փորձում է անհեթեթ պատասխաններով արդարացնել տեղի ունեցողը, ինչը նշանակում է, որ շատ լաւ տեղեակ է այդ ամենի մասին, եթէ չենթադրենք, որ այս իրավիճակը հէնց իր թելադրանքով է ստեղծւել։

Փաշինեանը Գերմանիայում դժգոհում է, թէ Հայաստանում հիմնական խնդիր է որակեալ կադրերի բացակայութիւնը, սակայն, երբ Երեւանում ասում են, որ դատական համակարգի բարձր պաշտօններն ամբողջովին համալրւած են իր նախկին թիմակիցներով, նա անվրդով պատասխանում է. «Բա ովքե՞ր լինեն»։ Եթէ հարցն ընդարձակւէր, կարելի էր աւելացնել իհարկէ, որ ողջ պետական համակարգը, մինչեւ տեղական իշխանութեան աւագանիներ, իշխանութիւնն այսօր լցնում է իր կադրերով կամ աշխատանքից ազատելու պարտադրանքով մարդկանց ստիպում են անդամագրւել Փաշինեանի կուսակցութեանը։

Ակնյայտ է, որ երկրի ղեկավարութիւնը ստանձնած անձն այլեւս մոռացել է կամ վատ չի զգում իր նախկին ու ներկայ դիրքորոշումների 180 աստիճանի փոփոխութիւնից, իսկ աւելի մեծ հաշւով ամբողջովին հակասութեան մէջ մտնելուց «յեղափոխական ու ճշմարտութեան մունետիկ» նախկին Փաշինեանի հետ։

Փաշինեանն առանց քաշւելու եւ իրեն յատուկ ճարպկութեամբ ասուլիսի ժամանակ հրապարակայնօրէն արդարացնում է այն փաստը, որ կոռուպցիայի մէջ մեղադրւած եւ մեղադրանքի հիման վրայ 5․8 միլիոն դրամ գումար պետական գանձարանում վերականգնած անձը նշանակւել է նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանի ղեկավար։

Փաշինեանը շարունակում է արդարացնել իր թիմակիցների արագ հարստացման եւ թանկարժէք առանձնատների, բնակարանների, մեքենաների եւ այլ ձեռքբերումների վերաբերեալ ներկայացւող փաստերը։ Երբ, օրինակ, Երեւանում լրագրողն ասում է, որ պաշտպանութեան նախարարն էլիտար շէնքում բնակարան է ձեռք բերել, որի արժէքը նախապէս եղել է չորս հարիւր հազար դոլար, Փաշինեանը ասւածը հերքելու աւելի լաւ բան չի գտնում, քան խորհուրդ տալը, որ եթէ կարելի է Հայաստանում չորս հարիւր հազար դոլարով բնակարան վաճառել, ապա դու գնիր երեք հարիւր հազարով բնակարան եւ հարիւր հազար աւելիով վաճառիր։ Եւ ասած յիմարութիւնն այնքան է Փաշինեանին դուր գալիս, որ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնում է նոյն անհեթեթութիւնը։

Իսկ որտե՞ղ է թաքնւած իրականութիւնը։ Փաշինեանը գիտի, որ փոքր Հայաստանում, որտեղ բոլորն ամէն ինչի մասին իմանում են, անհնար է թաքցնել «արդարութեան յեղափոխութեամբ» իշխանութեան հասած իր թիմակիցների արագ եւ աչքի զարնող հարստացման, նրանց նախկին ու ներկայ կեանքի ու կենցաղի միջեւ եղած յեղափոխական փոփոխութիւնների պատկերը։

Սրանից աւելի կարեւոր ու խորքային այլ երեւոյթ եւս գոյութիւն ունի։ Փաշինեանի «թաւշեայ յեղափոխութիւնը» իրականացւել է ազգային արմատներից կտրւած, բարոյական եւ այլ սկզբունքներից զուրկ, արեւմտաթուրքական ազդեցութիւնների ենթակայ երիտասարդ մի շերտի կողմից։ Նիկոլ Փաշինեանը, որի գլխաւորած «յեղափոխութիւնը» իր էութեամբ ու բովանդակութեամբ տարբեր չէ այն կրողներից ու իրականացնողներից, չունի իր հետեւորդների երկարատեւ հաւատարմութիւնն ապահովելու այլ արժէք եւ միջոց, քան շահը։ Վերջին տարիների անկասելի գնաճի, հասարակութեան աւելի աղքատացման եւ աղքատների շերտի ընդլայնման պայմաններում «ժողովրդասեր իշխանութեան» նեղ շերտն անընդհատ մեծացնում է սեփական եկամուտները պետական բիւջէից ստացւող աշխատավարձերի բարձրացման, անտրամաբանական պարգեւավճարների հաշւին։ Սրան զուգահեռ, հասարակութեան մէջ տարածւում են խօսակցութիւնները, թէ պետական պաշտօնեաներն ինչպէս են վարժւում օգտւել պաշտօնի ընձեռած հնարաւորութիւններից։ Նիկոլ Փաշինեանը, ուզի կամ չուզի, պէտք է մի դէպքում խրախուսի, մէկ այլ դէպքում հանդուրժի այս ամէնը, որովհետեւ իր անգաղափար ու անսկզբունք «յեղափոխական» թիմն ամբողջական եւ միաձոյլ պահելու այլ միջոց չկայ, քան նիւթական շահագրգռութիւնը։ Ահա եւ հրապարակայնօրէն հակադրւելով իր իսկ հռչակած գաղափարներին եւ նպատակներին՝ Փաշինեանը պաշտպանում է թիմակիցների անտրամաբանական ճոխութիւնները, բարգաւաճող բիզնեսը եւ պետական համակարգին շօշափուկներով փաթաթւող կոռուպցիայի ծաղկումը։

Երկրի ղեկավարը յսյտարարում է. «Հայաստանի զարգացման ռազմավարութիւնը ժողովրդավարութիւնն է»։ Մի կողմ թողնենք, թէ որտեղից է փչում այս փիլիսոփայութիւնը եւ մեր աչքի առջեւ քանի երկիր է խորտակւել ժողովրդավարութեան անւան տակ իրականացւած ամբոխավարական յեղաշրջումների պատճառով։ Երեւանեան ասուլիսում լրագրողը վկայաբերում է «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպութեան գնահատականը, ըստ որի, Հայաստանի իշխանութիւններն իրականացնում են գաղտնալսումներ, եւ որ դատական համակարգը լրացւում է իշխող ուժի անդամներով։

Փաշինեանի հրահանգով մի շարք արտերկրեայ գործիչների, հիմնականում սփիւռքահայերի համար արգելւած է Հայաստան մուտքի իրաւունքը։ Այդ մարդկանց մեղքն այն է, որ իրենց ապրած երկրներում պայքարում են Հայաստանի ու Արցախի շահերի համար, ինչպէս եւ մասնակցել են Հայաստանում ծաւալւած վարչապետի հրաժարականի պահանջին։ Փաշինեանն ասում է, որ եթէ համակարգային կոռուպցիա լինէր Հայաստանում, ինքը դրանում փայ կունենար։ Այստեղ կարելի է համաձայնել նրա հետ, որովհետեւ ողջ իշխանութիւնը կենտրոնացած է ձեռքում եւ առանց իր գիտութեան, եթէ չասենք թելադրանքի, ոչինչ չի կատարւում, իսկ, մյուս կողմից, Փաշինեանի հարստացման եւ տարբեր բիզնեսների մաս կազմելու մասին խօսակցութիւններն աւելի ու աւելի են տարածւում ժողովրդի մէջ։

Փաշինեանն ասում է, թէ Հայաստանում որեւէ մէկի դէմ գործ սարքել հնարաւոր չէ, այնինչ ընդդիմութեան դէմ իր իշխանութեան հիմնական զէնքը «գործեր սարքելն» է, որոնց շինծու լինելու մասին ամէն օր յայտարարում են փաստաբանները։ Բազմաթիւ քրէական գործեր յօդս են ցնդում դատարաններում, իսկ անցնող հինգ տարիներին աղմուկ հանած շատ յանցագործութիւնների մասին խօսակցութիւնները մարեցին դրանցում մեղադրւող անձանց որոշ ժամանակ բանտային մեկուսացման մէջ պահելուց յետոյ։ Սրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում չեն ունեցել կամ դադարեցրել են այդպիսի գործունէութիւնը, ստացել են ազատօրէն գործելու իրաւունք։

Փաշինեանը, ում կենսագրութեան խայտառակ էջերից մէկն էլ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա առաջնորդի դէմ ոտնձգութիւնների կազմակերպումն էր Երեւանեան հարցազրոյցի ընթացքում անթաքոյց դրսեւորում է իր քամահրական վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հոգեւորականութեան նկատմամբ, եւ, ըստ էութեան, մերժում է վերջինիս հոգեւոր իշխանութիւն լինելու հանգամանքը յայտարարելով, թէ՝ Հայաստանում կայ մէկ իշխանութիւն։

Այս յօդւածը գրելիս նպատակ կար, ներքին խնդիրներին թռուցիկ անդրադառնալով, կենտրոնանալ Արցախ-Հայաստանի ինքնիշխանութեան պահպանման, անվտանգային խնդիրների եւ այդ հարցերում իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան վրայ։ Բայց անհնար է չյիշել հիմնահարցերը, որոնք ուռճացած են եւ համընդգրկուն։ Միւս կողմից՝ արտաքին քաղաքականութիւնն ուղղակիօրէն պայմանաւորւած է ներքին քաղաքականութեամբ, քանի որ ներսից հիւանդը չի կարող դրսից առողջ եւ ուժեղ լինել։ Նժդեհն ասում է, որ անբարոյական մարդը չի կարող հայրենասէր լինել եւ, հետեւաբար, մեր շահերը թէ որքանով պաշտպանւած կը լինեն, անմիջականօրէն կապ ունի այն բանի հետ, թէ ով է դրանք ներայացնողը։

Վերը յիշատակւած գերմանահայութեան հետ հանդիպումն ու երեւանեան մամլոյ ասուլիսը բաւական ժամանակ է, որ տեղի են ունեցել, սակայն այնտեղ արծարծւած հարցերը այսօրէական հնչեղութիւն ունեն։ Մասնաւորապէս դա վերբերում է ազգային-պետական խնդիրներին, որոնց մասին ներկայացւած տեսակէտներն արտայայտում են Հայաստանի իշխանութիւնների ի սկզբանէ որդեգրած եւ հետեւողականօրէն իրականացւող քաղաքականութիւնը։ Այդ հարցերին, սակայն, կանդրադառնանք յաջորդ անգամ։

«Դրօշակ» թիւ 3, 2023թ.

Share