ՀՅԴ 34րդ Ընդհանուր Ժողովին Ընդհառաջ

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէից տեղեկանում ենք որ շրջանը  նախապատրաստւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան  34րդ Ընդհանուր Ժողովի համար:

Դաշնակցութեան բարձրագոյն ժողովը իւրաքանչիւր չորս տարին մէկ անգամ քննում է բազմաբնոյթ հարցեր և շօշափում է ոչ միայն կուսակցական այլ նաև բոլոր այն հարցերը, որոնք անմիջականօրէն ազդում են  հայութեան եւ Հայաստանի ճակատագրին:

ՀՅԴ ընդհանուր ժողովները միաժամանակ այն բացառիկ առիթներն են իւրաքանչիւր դաշնակցականի համար, որտեղ   նա իր տեսակէտներն է փոխանցում դաշնակցութեան գերագոյն ժողովին և մասնակից է դառնում  համակուսակցական և համահայկական հիմնահարցերի ձևաւորման և դրանց լուծումների գործընթացին: Մի իրաւունք, որ իւրաքանչիւր դաշնակցականի համար վերապահուած է իր կանոնագրով:  Բնականաբար սոյն իրաւունքին զուգահեռ  իւրաքանչիւր դաշնակցական ստանձնում է որոշակի պարտաւորութիւններ, որոնք ոչ միայն աւելի քան 131 տարիների ընթացքում դարձել են մեր կուսակցութեան բարոյական նկարագրի անբաժանելի մասնիկը, այլ նաև  յստակօրէն բանաձևուած են ՀՅԴ կանոնագրի մէջ:

Յառաջիկայ  ընդհանուր ժողովը ոչ միայն քննարկելու է Հայաստանի ու հայութեան համար ներկայի ճգնաժամային իրավիճակը և իր քաղաքական ուղեգիծն է որոշելու յառաջիկայ բախտորոշ չորս տարիների համար, այլ նաև քննարկելու է ՀՅԴ  կառոյցի և կազմակերպական կանոնների վերանայման հարցը:

 ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի կազմակերպութիւնը հաւատարիմ իր 131 ամեայ աւանդին ու բարոյական արժէքներին և իբրև անբաժան մասնիկը  Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համաշխարհային ընտանիքի իր ամբողջական մասնակցութիւնն է բերելու այս կարևոր համագումարին:  Միաժամանակ տեղեկացանք, որ Կենտրոնական Կոմիտէն առանձին գրութեամբ շրջանիս բոլոր ընկերներին կոչ է ուղղել , որպէսզի գործօն մասնակցութիւն ցուցաբերեն իրենց  պատկան ժողովներին և  օգտագործելով իրենց կանոնագրական իրաւունքը, այս բախտորոշ օրերին իրենց ներդրումն ունենան կազմակերպութեան և հայրենիքի ապագայի գործընթացներին:  

Share