ՀՅԴ Հայ դատի Հարաւային Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը եւ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 19-25-ը եղել են Բուենոս Այրեսում։
«Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացուել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների եւ շուրջ 700 կազմակերպութիւնների մօտ 5000 պատուիրակների մասնակցութեամբ։ Երկրորդ ֆորումն անցկացուել է յաջորդ տարի Մարոկկոյում՝ Մարաքեշում, որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից եւ շուրջ 750 կազմակերպութիւնից։
Հայ դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբը 2022թ. մայիսի 28-ին համագործակցութեան յուշագիր է ստորագրել CIPDH-UNESCO (Մարդու իրաւունքների խթանման միջազգային կենտրոն) կազմակերպութեան հետ, որի գործունէութիւնը հիմնուած է Արգենտինայի եւ UNESCO-ի միջեւ կնքուած համապատասխան պայմանագրի վրայ։ Հայ դատի յանձնախմբի եւ CIPDH-UNESCO-ի միջեւ կնքուած յուշագրի հիման վրայ էլ հնարաւոր է եղել ապահովել Գեղամ Ստեփանեանի եւ Արթուր Խաչատրեանի մասնակցութիւնը ֆորումին։
Ֆորումում քննարկուող թեմաների մէջ կան այնպիսիները, որոնք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակում մէզ համար առանձնակի կարեւորութիւն ունեն։ Մասնաւորապէս՝
· ինքնութեան իրաւունք,
· խաղաղութեան եւ բռնութեան չենթարկուելու իրաւունք,
· միջազգային հանրութեան համար կարեւորագոյն ծանր յանցագործութիւններ,
· խոշտանգումներ եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունք կամ պատիժ, նաեւ անվտանգութեան ուժեր ու մարդու իրաւունքներ,
· խտրականութիւն, այլատեացութիւն եւ ռասիզմ,
· մշակութային քաղաքականութիւն եւ մարդու իրաւունքներ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպուած «Խաղաղութեան գործընթացներ աշխարհում եւ Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրեանը մանրամասն ներկայացրել է Արցախեան հակամարտութեան ծագման պատմութիւնը, ընթացքը եւ հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Պատգամաւորը յատկապէս շեշտել է ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ հակամարտութեան կարգաւորումը: «Հակամարտութեան կարգաւորման որեւէ տարբերակ, որը չի երաշխաւորի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը չի կարող տարածաշրջանում երկարատեւ եւ արդար խաղաղութիւն հաստատել։ Խաղաղութիւնն առանց արդարութեան լոկ հրադադար է՝ իր բոլոր հնարաւոր բացասական հետեւանքներով՝ էթնիկական զտումից ու ցեղասպանութիւնից մինչեւ նոր պատերազմ։ Ուստի միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրայ, որպէսզի նրանք վերադառնան Արցախի հակամարտութեան քաղաքական կարգաւորման բանակցութիւններին»,- նշել է նա։ Խաչատրեանը նաեւ ներկայացրել է Արցախում պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացուած ռազմական ագրեսիայի մասին տեղելութիւններ։
Ֆորումի շրջանակներում կազմակերպուած «Մարդու իրաւունքների խախտումներն ու ցեղասպանութեան սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է 2020 թուականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուած պատերազմում եւ դրանից յետոյ իրականացուած ռազմական յանցագործութիւնները, մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստէր է ներկայացրել Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից համակարգային եւ հետեւողական կերպով իրականացուող էթնիկ ատելութեան յանցաւոր քաղաքականութեան վերաբերեալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնն է։
«Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորումի» օրերին Արգենտինայում եւ Ուրուգուայում ՀՀ ԱԺ պատգամաւորի եւ ԱՀ ՄԻՊ-ի՝ Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ուղեկցութեամբ այլ հանդիպումների եւ դրանց բովանդակութեան վերաբերեալ կտրամադրենք լրացուցիչ հաղորդագրութիւն:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
27.03.2023թ.