Իշխանութիւններն ամէն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմութեան իրաւունքները

Իշխանութիւններն ամէն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմութեան իրաւունքները



Հայաստանի իշխանութիւններն ամէն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմութեան իրաւունքները։ Մեր շատ գրաւոր հարցումներ՝ հասցէագրուած կառավարութեանը, այդպէս էլ անպատասխան են մնացել։ Այս մասին Ազգային ժողւում աւանդական ճեպազրոյցների ժամանակ, մարտի 23-ին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

Իշխանութիւններն, ըստ նրա,  իրենց պարզապէս անտեսում են։ «Դիմելով այս կամ այն մանիպուլեացիային՝ նրանք փաստացի ակնյայտօրէն խախտում են գործող օրէնսդրութեան պահանջները։ Քիչ չէն եղել դէպքեր, երբ մենք ուղիղ ասել ենք իշխանութիւններին, որ այս տեղեկութիւնն անհրաժեշտ է։ Նրանք կամ չէն պատասխանել, կամ պարզապէս յայտարարել են, որ դա պետական գաղտնիք է։ Մենք գիտենք, թէ ինչ ոչ լեգիտիմ իշխանութեան հետ ենք ստիպուած գործ ունենալ։ Մենք գործ ունենք մի իշխանութեան հետ, որը խախտում է ազգային շահերը»,- ասել է Մինասեանը՝ չպարզաբանելով, թէ որն է իշխանութեան ոչ լեգիտիմութիւնը։Մենք առաջարկել ենք օրինաչափ ձեւաչափ՝ Ազգային ժողովի նիստը: Պետք է անպայման իր աշխատասենեակում լինի՞ կամ սուրճի սեղանի շու՞րջ:  Պատասխանեց Արծուիկ Մինասեանը  հարցին, թէ կը համաձայնէն, եթէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նրանց հրաւիրի խօսելու բանակցութիւնների ընթացքի մասին:

«Իրենք նման ցանկութիւն չունեն, իրենք ցանկացած հանդիպում փորձում են վերածել մի այլանդակ ձեւակերպումների: Յիշու՞մ եք վերջին քննարկումը, թէ ԱԺ փակ քննարկման ժամանակ «Քաղաքացիական խմբակցութիւն»-ը ներկայացնող անձինք ինչպիսի ձեւակերպումներ էին տալիս: Էնտեղ որեւէ քննարկում, որեւէ սրտացաւ վերաբերմունք հայրենիքի նկատմամբ չտեսանք մենք»,-ասաց Մինասեանը:  

Հարցին՝ ինչու՞ չէն օգտւում Կառաւարութեան հետ հարցուպատասխանի հնարաւորութիւնից՝ Մինասեանը պատասխանեց, որ մի քանի անգամ արդէն համոզուել են, որ իրենց հարցադրումներին Նիկոլ Փաշինեանը ոչ մի ըստ էութեան պատասխան չի տալիս. «Հերթական հիստէրիան, նոյնիսկ մեր պետութեանը վնասող, նոր սպառնալիքներ ստեղծող յայտարարութիւններ է անում, պետական գաղտնիքի հրապարակում է լինում: Սա չի նշանակում, որ միշտ պէտք է այդպէս լինի, բայց իրենք պէտք է դաս ստանան, որ Կառաւարութեան հետ հարցուպատասխանը, ըստ էութեան, հարցերին պատասխան տալն է, այլ ոչ հիստէրիայ անելն ու ամէն ինչ նախկինների վրայ բարդելը»:

Share