Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը

Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցութիւններից, հերթական անգամ հանդէս են եկել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնութիւն ուղարկելու կոչով: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի Յանձնախմբի հաղորդագրութիւնը:

Նախաձեռնութիւնը ղեկավարում է Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են յղել Պետական արտաքին գործառնութիւնների գծով յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ Մարիոյ Դիաս Բալարտին եւ ենթայանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարայ Լիին, որոնք արդէն սկսել են 2024 ֆինանսական տարուայ արտաքին օգնութեան մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնութիւնն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լոյս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պէտք է դադարեր նախագահ Բայդենի պաշտօնաւարութեան հէնց առաջին օրը. նա պաշտօնը ստանձնեց՝ որպէս Ալիեւին զինելու եւ օգնելու սուր քննադատ: Բայց եթէ մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պէտք է գործի», — ասել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի տնօրէն Արամ Համբարեանը։

Share