Բանաստեղծի հետ

Բանաստեղծի հետ

ԳՐԻՇ ԴԱՎԹԵԱՆ

ԳԱՐՈՒՆ

Դու գալիս ես նրա դալար հետքերով,

արահետներով այն գալարուն ու սորուն,

որտեղից նա անցել է թեթեւ քայլերով,

բայց մխրճուել է սրտիս մէջ,

որպէս տաք ու լուսաւոր ճառագայթ,

որ արեանս հետ զգացումով է հոսում,

ու յորձանուտ անելով խորանում է,

խորանում:

Եւ խորքերից իմ սրտի

պայթում է վառ կոկոնի պէս,

բնութեան զարթնումի աւետիսով,

որպէս կապոյտ մի ծաղիկ,

որ երազի վառ ծուէն է,

արեւի տակ համեցող

սրտապնդող մի խոստում է,

որ շնչում է նրա բոյրով

ու շոյում է քունքերս.

իր ջերմութիւնն է քսում իմ շուրթերին

համբոյրի կարօտանքով:

Դու գալիս ես նրա քայլքով սեթեւեթ,

որ ճկում է մէջքը վտիտ

ու խուսափում է իմ գրկից,

որպէս ամպը, որ փարում է լուսնեակին,

բայց սայթակում է մահիկից,

ու կուտակւում է

յօնքերիս մութ մռայլութեամբ երազկոտ:

Դու գալիս ես ճամփաներով այն հեռաւոր,

որտեղից իմ երազներն են անցնում

անուէրադարձ յուշերով.

յօրինում են կեանքիս հեքիաթը թաքուն,

գաղտնիքներով դիւթական,

արօտներով իղձերիս,

ուր ուզմունքներս են արածում,

որպէս ճերմակ գառնուկներ:

Տենչերս խայտում են հանց թիթեռներ,

որոնց թեւով ես գալիս:

Նրա թրթիռներով ես գալիս

ու մտնում ես սիրտս:

Ես երկրպագում եմ քո ծաղկունքին,

որի վարդաթերթերը

նա շաղ տուեց իմ կրծքին,

որպէս խանդաղատանք ու երջանկութիւն:

Երկրպագում եմ

քո նարգիսներին ոսկեբաժակ,

որոնց մէջ լցուած ցօղով

կարօտներիս սոխակները արբեցին,

փառերգութիւններ դայլայլելով նրան:

Ես երկրպագում եմ

մանուշակներին քրքումէ,

յասմիկներին սպիտակ,

որոնց զարդարանքով ես նմանւում նրան

եւ արժանանում ես իմ պաշտամունքին:

Առաւոտների խաղաղութեամբ

բեղմնաւորիր կարօտներս,

որ այս պաղատանքիս մէջ

համն առնեմ նրա համբոյրների.

խոնարհուեմ գեղեցկութեան պաշտամունքով,

հաւատարմութեան հաւաստիքով,

եւ զգամ հարազատութիւնը

սիրոյ ջերմութեամբ,

որով գալիս ես վերանորոգ կեանքով.

գալիս ես

շարունակութեան նման անփոփոխ,

եւ համ ու բոյր ես բաշխում,

որպէս անվերջանալի առատութիւն,

որպէս խորհրդաւոր մեկնումների

իմաստաւոր վերադարձ:

Գալիս ես,

մտնում ես սիրտս

ու ծաղկում ես:

**********

ԽՕՍՔԵՐ ՀՈՎԵԿ ԱՂՋԿԱՆ

Գարունը արդէն ժամանել է մեր կողմերը,

Ծաղկող բնութեան շունչն ու բոյրը

Շուտով իմ կուրծքը կուռեցնեն․

Ես աւելի եմ ուրախանում,

Որ քո գալով

Գիրկս կլցուի քեզնով

Ու քո հեւքով

Որ գարնան ծաղկունքի բոյրը ունես։

Դէ, այս անգամ ուշանում ես,

Ես չեմ էլ անհամբերանում․․․

Ասում եմ, որ երես չառնես․․․

Չեմ ուզում իմանաս,

Որ անհամբերանում եմ քո համար։

Քո գգուանքները,

Քո փափկութիւնները

Ուղղակի ինձ խելամաղ են անում․․․

Բայց ասեմ․․․ դու էլ ցանկանում ես ինձ․․․

Որ այնպէս քամում եմ,

Սիրաքամ եմ անում քեզ․․․

Ու շուրթերդ․․․ որ

Մանանայ են իմ շուրթերին։

Ես քեզ աւելի եմ սիրում ու ցանկանում

Քան միջանկեալ մանրամասնութիւնները․․․

Հանդիպելու օրից աւելի յետոյ էր

Որ սկսեցի քեզ աւելի սիրել,

Քան սովորաբար սերել եմ աղջիկներին․․․

Բայց դու ուրիշ ես,

Ես չեմ համեմատում քեզ

Սիրածս ուրիշ աղջիկների որեւէ մէկի հետ։

Մի նեղուիր․․․

Դէ եղել են․․․

Բայց դու ուրիշ ես․․․

Անկեղծ եմ ասում․․․

Հա․․․ հիմա միայն քեզ եմ սիրում․․․

*****

Share