Հայաստանը հերթական անգամ մերժո՞ւմ է ՀԱՊԿ-ին

Հայաստանը հերթական անգամ մերժո՞ւմ է ՀԱՊԿ-ին

Լուրերի համաձայն, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարուելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քուոտայից: ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտօնը ռոտացիոն է:

Տիգրան Աբրահամեանի (Պատիւ Ունեմ Խմբակցութիւն) կարծիքով «Ի՞նչ է անում Հայաստանը: Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտայայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերեալ իր վերաբերմունքը: Երկրորդ, ցոյց է տալիս, որ իջեցնում է կազմակերպութեան հետ յարաբերութիւնների քաղաքական մակարդակը: Երրորդ, տպաւորութիւն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատուելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում աւելի վաղ մեկնարկած կուրսին: Գանք առանցքայինին: Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցոյց տալիս նեղացուածությու՞նը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրութիւն կայ: Միգուցէ տարածաշրջանում նոր պայթիւնի բարձր յաւականութիւնն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշուարկով»:

«Դա քաղաքական որոշում է, ես չեմ կարող մեկնաբանել, ես չգիտեմ այս որոշումն ում է ուղղուած»: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ՀՀ զինուած ուժերի գլխուոր շտաբի նախկին պետ Մովսես Յակոբեանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխաւոր քարտուղարի տեղակալի քուոտայից հրաժարուելու վերաբերեալ։

Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի քաղաքական որոշում կայացրել, եւ դա մէզ օգուտ է բերելու, թէ վնաս: Ես չգիտեմ՝ էդ մարդիկ քաղաքականութեան մէջ ինչ են մտածել, գուցէ ինչ-որ բան մտածել են:

Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխաւոր քարտուղարի տեղակալի քուոտայից հրաժարուելու վերաբերեալ։

***

Հայ-ռուսական յարաբերութիւններում եւ Հայաստան-ՀԱՊԿ արդէն իսկ խնդրահարոյց համագործակցութեան շրջանակում հերթական աղմուկն է հասունանում:

«Բաղրամեան 26» թելեգրամեան ալիքն այսօր տեղեկութիւն է հրապարակել այն մասին, որ Հայաստանը հրաժարուել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտօնից։ Տեղեկատուութեան հաւաստիութիւնը պարզելու համար 168.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ԱԳՆ խօսնակ Վահան Հունանեանի հետ, ով սովորաբար անհասանելի է լրատուամիջոցների համար, եւ այս անգամն էլ բացառութիւն չէր:

Իսկ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արմէն Խաչատրեանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկատուութեան, աւելին՝ այդ մասին լսում է առաջին անգամ:

Այնուամենանիւ, հաշուի առնելով յատկապէս Ադրբեջանի սեպտեմբերեան ռազմական ագրեսիայից յետոյ ՀԱՊԿ բոլոր առաջարկներն արդէն պաշտօնապէս մերժելու ՀՀ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը, այս տեղեկութիւնը լիովին տեղաւորւում է վերջին ամիսների այս քաղաքականութեան շրջանակում: Յիշեցնենք, որ անցնող ամիսների ընթացքում Հայաստանը մերժեց հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, դրան յաջորդեց նոյեմբեր ամսին նաեւ այն, որ Նիկոլ Փաշինեանը Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հերթական նիստին հրաժարուեց ստորագրել «ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետութեանը օժանդակութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։

Այս տարի յունուար ամսին յայտնի դարձաւ նաեւ այն, որ Հայաստանը հրաժարուել է հիւրընկալել ՀԱՊԿ «Անկոտրում եղբայրութիւն» խորագիրը կրող զօրավարժութիւնները ՀՀ տարածքում:

Փաշինեանն ասել էր, որ Հայաստանն աննպատակայարմար է համարում ընթացիկ տարում Հայաստանում Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) զօրավարժութիւնների անցկացումը:

«ՀՀ պաշտպանութեան նախարարն արդէն իսկ ՀԱՊԿ միաւորուած շտաբին գրաւոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զօրավարժութիւններ անցկացնելն այս իրավիճակում նպատակայարմար չենք համարում: Եւ այդ զօրավարժութիւնները ՀՀ-ում, համենան դէպս, այս տարի չէն կայանայ»,- յայտնել էր Փաշինեանը:

Հարկ է նաեւ նշել, որ դեկտեմբերից սկսած հայկական կողմը Լաչինի միջանցքի փակ իրավիճակի պատճառաբանութեամբ հրաժարւում է ընդունել ՌԴ ԱԳՆ՝ Մոսկուայում Միրզոյեան-Լաւրով-Բայրամով ձեւաչափով հանդիպման առաջարկը:

Սա, իհարկէ, չի վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ յարաբերութիւններին, սակայն լաւագոյնս արտացոլում է այն արտաքին քաղաքական գիծը, որը տանում են ՀՀ իշխանութիւնները՝ ընդդէմ Ռուսաստանի եւ ՌԴ առաջնորդած ինտեգրացիոն կառոյցների:

Share