Հայաստանում Վազգէն Սարգսեան է պէտք. Արցախը հայկական պահելու հնարաւորութիւնները քիչ են, բայց կան Արցախում կայ ներքին համերաշխութիւն եւ պատասխանատուութիւն՝ գնալու բացառապէս ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, համենանդէպս, ես իմ ողջ կեանքի ընթացքում չէն հանդիպել մէկին, ով կասէր, թէ որեւէ կերպ պատկերացնում է մէզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթէ կան այնպիսի տրամադրութիւններ հանրութեան մէջ, որ պէտք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացուած առաջարկութիւնը, ապա հնարաւորութիւն ունեն իրենց քաղաքացիական իրաւունքների շրջանակում բարձրաձայնել...», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին Փաստինֆոյի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։ «Ես քննարկման մանրամասներին ծանօթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախագահը նկատի է ունեցել այն, որ դաշտն ազատ է, եթէ իրավիճակից դուրս գալու այլ տարբերակներ տեսնողներ կան, կարող են արտայայտուել։ Մի բան յստակ է՝ խօսելով ինտեգրման մասին՝ Ադրբեջանը նոյն էթնիկ զտման իր քաղաքականութիւնն է առաջ տանում, ուղղակի, քաղաքաւարի ձեւով»,-ասաց Բալայանը։ Արցախի ԱԺ պատգամաւորը վստահեցնում է՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու եւ Արցախը հայկական պահելու հնարաւորութիւններ քիչ են, բայց կան։ «Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր ՀՀ ղեկավարութիւնը մի կողմ է քաշուել ու արցախահայութեան խնդիրներն իրենը չի համարում։ Մտածել, թէ այդպէս Ադրբեջանի հետ խնդիրներ ՀՀ-ն չի ունենալու, սխալ է. Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի նկատմամբ եւ դա չի էլ թաքցնում։ 1990-ականներին Հայաստանն ու Սփիւռքն Արցախի կողքին են եղել, միասնական էինք ու կարողացանք յաջողել։ Հիմա եւս կենսական անհրաժեշտութիւն է այդ միասնութիւնը։ Ցանկալի արդիւնքին հասնելու հարցում ՀՀ դիրքորոշումը շատ կարեւոր է, ի վերջոյ, Հայաստանն է հայութեան կենտրոնը։ Ասել կուզեմ, որ Հայաստանում Վազգէն Սարգսեան է պէտք»,-նշեց պատգամաւորը։ Միաժամանակ, ըստ Բալայանի, միջազգային կառոյցների ու դերակատարում ունեցող երկրների հետ աշխատելն է կարեւոր՝ այն առումով, որ ներկայացուի արցախահայութեան իրական պահանջը՝ ապրել սեփական հայրենիքում։ «Ես թերահաւատ եմ, որ միայն Արեւմուտքի կամ այլ երկրների հետ աշխատելով շօշափելի արդիւնք կ'ունենանք, բայց որ նրանց հասցնել ու հասկացնելն է պէտք մեր ցանկութիւնը, որն, ի դէպ, ամբողջութեամբ տեղաւորւում է միջազգային իրաւունքի շրջանակում, միանշանակ է»,-նշեց Արցախի ԱԺ պատգամաւորն ու յաւելեց, որ անկախ ամէն ինչից, սեփական ուժերին պէտք է ապաւինենք, մոբիլիզացնենք մեր ռեսուրսները։ «Դրանք քիչ են, բայց կան, ուղղակի, կազմակերպել է պէտք»,-եզրափակեց Բալայանը։