Հայաստանի մանրապետութիւն

Հայաստանի մանրապետութիւն

Այսպիսով, Հայաստանի պետական շահ՝ որպէս այդպիսին, այսօր գոյութիւն չունի։ Կան Նիկոլ Փաշինեանի անձնական շահեր, որոնք տարբեր ազգանուններով պաշտօնեաներն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են՝ որպէս Հայաստանի շահ։

Յարութիւն Աւէտիսեան

Պետական շահը՝ որպէս սուբստանցիայ, որպէս նախ՝ մտակաղապար, ապա՝ որպէս քաղաքականութեան առարկայ, ունի ձեւաւորման մեթոդաբանութիւն եւ մեխանիզմներ։ Այնպէս չէ, որ կարելի է գեղեցիկ տեքստէր երկնել եւ դրանք հռչակել՝ որպէս պետական շահեր։

Պետական շահը քաղաքականութեան այն հասկացութիւններից է, որը, թերեւս, ամենաշատն է իր վրայ կրում տարածութեան ու ժամանակի ազդեցութիւնը։ Այն առաջին հերթին հիմնւում է պետական կազմաւորման տարածքային պատկանելութեան՝ աշխարհագրութեան վրայ, որը, սակայն, կարեւոր, բայց բաւարար պայման չէ պետական շահերի համակարգի ձեւաւորման համար։

Դրա միւս բաղադրիչը պատմական եւ ինստիտուցիոնալ յիշողութիւնն է, որը տուեալ կազմաւորումը ներկայի միջոցով անցեալից ուղեկցում է դէպի ապագայ։

Այսօրուայ Հայաստանի պարագայում պետական շահի ճարտարապետութեան այս երկու՝ տարածական եւ ժամանակային չափումները խախտուել են։

44-օրեայ պատերազմից, Արցախի մեծ մասի կորստից յետոյ հայկական կենսական տարածութիւնը սեղմուել, փոփոխութեան է ենթարկուել։ Իսկ պատմական ու ինստիտուցիոնալ յիշողութիւնը, որը գոնէ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան համար առաւելապէս խարսխուած էր Արցախի վրայ, ընդհատուել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին, թէեւ, իհարկէ, դրա հիմքը դրուել է աւելի վաղ, երբ իշխանութեան գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է «զրոյական կէտից սկսելու» մասին։

Այս գործոնների ազդեցութեամբ հայկական պետականութիւնը վերածուել է անդամահատուած եւ անյիշողութիւն կամ ամնեզիայով տառապող կազմաւորման, որը, եթէ անգամ պէտք է զբաղուի պետական շահի նոր ճարտարապետութեամբ, գործնականում դա անել չի կարող։

Խնդիրն այն է, որ պետական շահը համակարգային մտածողութեան եւ համակարգերի մտածողութեան արգասիք է։ Հայաստանում, սակայն, համակարգեր՝ որպէս այդպիսիք, գոյութիւն չունեն։ Եղածները կատարում են զուտ բուտաֆորիկ դեր, իրականում ամէն ինչ՝ ամենափոքր հարցից մինչեւ պետութեան համար կենսական նշանակութիւն ունեցող խնդիրները, այդ թւում՝ արտաքին քաղաքականութիւնը, որոշւում է միանձնեայ՝ Նիկոլ Փաշինեանի կողմից։ Իսկ անձը, եթէ անգամ նա ոչ թէ Նիկոլ Փաշինեանն է, այլ մարդկային պատմութեան բոլոր ժամանակների բոլոր պետական գործիչների հաւաքական իմաստնութեան կրողը, չի կարող ձեւակերպել ու սպասարկել իրական պետական շահեր, որոնք ձեւակերպելի եւ սպասարկելի են միայն համակարգային մտածողութեան ու համակարգերի գործունէութեան պարագայում։

Պետութեան կազմաքանդումը սկսւում է առաջին հերթին հակակշիռների գործառոյթ իրականացնող պետական համակարգերին անկախութիւնից, սեփական դիրքորոշումն արտայայտելու հնարաւորութիւնից զրկելով։ Նիկոլ Փաշինեանն այդ հարցում հասել է կատարելութեան։ Նա ստեղծել է իրականութիւն, որում ինքը բոլոր պետական համակարգերի մարմնաւորումն է, իսկ բոլոր պետական համակարգերը գործում են ի պետս իր ցանկութիւնների կատարման։ Այսինքն՝ նա ի բնէ կազմալուծել է պետական շահի ձեւաւորման ինստիտուցիոնալ մեխանիզմները, դրա ճարտարապետութիւնն ամբողջութեամբ եւ դարձել է միակ անձը, ով մտածում, մշակում, ձեւաւորում եւ իր կարծիքով՝ սպասարկում է պետական շահերը։ Իսկ դա գործնականում նշանակում է, որ Հայաստանի պետական շահերը գերակշիռ մասով իրենց վրայ են կրում Նիկոլ Փաշինեանի բնաւորութեան գծերի, խառնուածքի, անձնային որակների, յոյզերի, ոգեւորութեան, հիասթափութեան, իմաստնութեան, անգիտութեան, խորամանկութեան, մոլորութեան եւ բազմաթիւ այլ անյատական յատկանիշների ազդեցութիւնները։

Եւ ամենակարեւորը՝ եթէ անհատը ստանում է պետական շահ ձեւաւորելու եւ իրացնելու մենաշնորհ, վերջինի միջոցով նա առաջին հերթին բաւարարում է սեփական շահերը (իշխանութեան պահպանում, հարստացում, փառասիրութիւն, քծնանքի ունկնդրում եւ այդպէս շարունակ)։ Իսկ շահերի հիերարխիայում անյատական շահերը, նոյնիսկ, եթէ ներկայացւում են բարձրագոչ ու վեհ ձեւակերպումներով, այդուհանդերձ մանր են ու ճղճիմ։

Այսպիսով, Հայաստանի պետական շահ՝ որպէս այդպիսին, այսօր գոյութիւն չունի։ Կան Նիկոլ Փաշինեանի անձնական շահեր, որոնք տարբեր ազգանուններով պաշտօնեաներն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են՝ որպէս Հայաստանի շահ։ Իսկ դա նշանակում է, որ կարճ ժամանակ յետոյ «Հայաստանի Հանրապետութիւն» անուանման երկրորդ արտայայտութիւնը պէտք է փոփոխութեան ենթարկուի։ Ընդամէնը մէկ տառի փոփոխութիւնն ամբողջութեամբ կարտայայտի այն ողջ ողբերգութիւնը, որում այսօր ապրում է Հայաստանը։

168.am

Share