«Արդարութիւն» կուսակցութեան, ՀՅԴ Արցախի կառոյցի եւ Արցախի ժողովրդավարական կուսակցութեան համատեղ յայտարարութիւն

«Արդարութիւն» կուսակցութեան, ՀՅԴ Արցախի կառոյցի եւ Արցախի ժողովրդավարական կուսակցութեան համատեղ յայտարարութիւն

Արցախում ստեղուած իրավիճակի եւ հնարաւոր զարգացումների համարպատասխանատուութեան մասին

2020թ. պատերազմից յետոյ մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երեւոյթները եւ դրանք լուծելու իշխանութիւնների անպատրաստութիւնն ու վճռականութեան բացակայութիւնը յանգեցրել են ներքաղաքական վտանգաւոր զարգացումների: Դրա արդիւնքում յաճախակի փոխւում են կառավարութեան անդամները եւ ստեղծւում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջօրէն վնասում են կառավարման համակարգի արդիւնաւետութեանը:

Խորքային խնդիր է դարձել նաեւ Արցախի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների ներկայիս ոչ բաւարար մակարդակն ու որակը: Հետպատերազմեան ժամանակահատուածում Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցւում ազգային խնդիրների եւ, մասնաւորապէս, միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանութեան գործում:

Հայկական երկու հանրապետութիւնների փոխյարաբերութիւններում նուազող վստահութեան հանգամանքն արտառոց երեւոյթ է: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան ստորագրումից եւ դրան յաջորդած ոչ հրապարակային պայմանաւորուածութիւնների արդիւնքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնութիւնը ակնյայտ հակասում է Հայաստանի գործող իշխանութիւնների՝ Արցախի հարցով յայտարարուած ծրագրային դրոյթներին:

Մենք իրաւունք չունենք եւ չենք կարող մոռացութեան տալ այն իդէալները, որոնք մէզ առաջնորդել են ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրուարեան օրերին, երբ գտնուելով առաւել դժուարին պայմաններում՝ կարողացանք ոչ միայն միասնութեան հասնել Արցախի ներսում, այլեւ պայքարի ալիքը տարածել մայր Հայաստանում եւ Սփիւռքում:

Աշխարհաքաղաքական արագ փոփոխուող եւ ոչ նպաստաւոր միջավայրում անչափ կարեւոր նշանակութիւն է ստանում ներքաղաքական միասնութեան ու կայունութեան գործոնը, որը 2020թ. աղէտաբեր պատերազմից յետոյ դարձել է Արցախի սուբյեկտայնութիւնը պահելու գրեթէ միակ միջոցը: Ստիպուած ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաեւ ՀՀ իշխանութիւնների ուղակի կամ անուղղակի դերակատարութիւնը՝ ներքաղաքական ու համահայկական միասնութիւնը տրոհելու եւ պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցաւօք, հիմնականում պասիւօրէն ենթարկւում են նաեւ ԱՀ իշխանութիւնները:

Փաստ է նաեւ, որ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրութեան համար գործադրուած ջանքերի, կտրուկ ակտիւացել են արտաքին ազդեցութեան գործոնները, եւ այդ միջոցով փորձ է արւում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: Յենց այդ համատեքստում պէտք է դիտարկել անցեալ տարուայ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի առայսօր շարունակուող շրջափակումը:

Չի կարելի անուշադրութեան մատնել այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի վճռականութեան վրայ ազդելու փորձերը ակտիւացել են այն բանից յետոյ, երբ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի կողմից սահմանուել են «կարմիր գծեր», որոնց հատումը ցանկացած պարագայում անթոյլատրելի է: Դրան յաջորդել է Արցախի ժողովրդի կողմից միասնականութեան պահպանման եւ 1988թ. սկսուած պայքարի ոգին ամուր պահելու պատրաստակամութիւնն ապացուցող 2022թ. հոկտեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահաւաքները: Նման ձեւով համաժողովրդական կամքի արտայայտումը ոչ այլ ինչ է, քան իւրատեսակ պլեբիսցիտ՝ արցախահայութեան դիրքորոշումը վերահաստատելու ուղղութեամբ: Քաղաքական այս կեցուածքով մենք նաեւ իւրայատուկ ազդակներ ենք փոխանցել մեր հայրենակիցներին՝ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում եւ թէ՛ Սփիւռքում:

Այսքանով հանդերձ, երբ 70 եւ աւելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցուած ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանութիւնները իրաւունք չունեն շեղուելու ՊԱՅՔԱՐԻ ճանապարհից: Այս տրամաբանութեանը հակառակ զարգացումների դէպքում ամբողջ պատասխանատուութիւնը մնալու է օրուայ իշխանութիւնների վրայ:

Ցանկացած բացթողում, սխալ որոշում եւ չհիմնաւորուած հաշուարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին եւ ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանայ հանրային կոշտ հակազդեցութեան: Անթոյլատրելի ու վտանգաւոր ենք համարում իշխանութիւնների այն վարքագիծը, երբ սեփական անկարողութիւնը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ ստեղծուած ժողովրդաիշխանութիւնն ապահովող մարմինների նկատմամբ անվստահութեան քօղի ներքոյ:

Մենք ազդարարել ենք վերազարթօնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրուանի մասին եւ շարունակելու ենք մեր մասնակցութիւնը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարուող համահայկական պայքարին:

«Արդարութիւն» կուսակցութիւն

ՀՅԴ Արցախի կառոյց

Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն

Share