Եւրոպական խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատւիրակութիւն

Եւրոպական խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատւիրակութիւն

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում փետրւարի 21-24-ը փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան են այցելելու Եւրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմը եւ Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպէս նաեւ հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատւիրակութեանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էւինեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Յիշեցնենք, որ նոյնաբովանդակ այցելութեամբ Եւրոխորհրդարանի մէկ այլ պատւիրակութիւն Հայաստան էր այցելել 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարեւոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եւրոպական խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների եւ փաստաթղթերի ընդունման գործում։ Մասնաւորապէս՝ յիշատակման է արժանի Եւրոպական Միութեան ընդհանուր պաշտպանական եւ արտաքին քաղաքականութեան զեկոյցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» վերտառութեամբ բանաձեւը եւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների 2021-2022թթ․ զեկոյցը, որոնցում Եւրոպական խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները գրեթէ լիովին համահունչ են ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի պատկերացումներին։

Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների առաջիկայ այցի ընթացքում նախատեսւած են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան, քաղաքական ընդդիմութեան ներկայացուցիչների, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի հետ։ Առանձին հանդիպում է նախատեսւած նաեւ ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ։

Փետրւարի 22-ին նախատեսւած է պատւիրակութեան այցը Սիւնիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելութիւն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր եւ հանդիպում քաղաքացիական բնակչութեան հետ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

20.02.2023 թ

Share