Զրուցելով քաղաքացիների հետ պարզ է դառնում, որ ամէն մէկի մօտ մի խնդիր կայ, ամէն մէկի խնդիրը ինչ-որ իւրայատկութիւն ունի։ Այս մասին ՊՆ նախկին շէնքի դիմաց «Իրաւունքի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
«Մենք այստեղ ենք, որպէսզի մեր քաղաքացիների բողոք արտայայտելու իրաւունքը պաշտպանուած լինի։ Նրանք իրաւունք ունեն բողոք արտայայտելու ու ոստիկանութեօնը ոչ թէ պէտք է խոչընդոտի, այլ պէտք է ապահովի մարդու իր բողոքն արտայայտելու սահմանադրական իրաւունքը։ Եթէ Նիկոլ Փաշինեանին թոյլատրւում է Ֆրանսիայի հրապարակում վրան դնել, ապա միւս քաղաքացիները եւս իրենց բողոքն արտայայտելու համար պէտք է վրան դնէն եւ մնան այնտեղ։ Պետութիւնը պէտք է լուծումներ առաջարկի եւ քաղաքացիները պէտք է կատարեն իրենց ընտրութիւնը։ Ակնյայտ է, որ որեւէ մէկը չի նախընտրում վրանում քնել այլընտրանք ունենալու դէպքում։ Իսկ այլընտրանքը պէտք է առաջարկի պետութիւնը»,- ասաց նա։
Նրա խօսքով՝ իրենք եկել են այդտեղ որպէսզի քաղաքացիների ձայնը լսելի լինի․
«Կայ խնդիր՝ 10-յակ քաղաքացիներ յայտնուել են փողոցում պետութեան գործունէութեան ընթացքում։ Այս մարդիկ ՀՀ քաղաքացիութեան անձնագիր ունեն, խնդիրը Հայաստանի Հանրապետութեանն է։ Եթէ պետութիւնը ինչպէս Արցախի դէպքում լուանում է ձեռքերը ամէն տեսակ հարցից եւ իշխանութիւնն օգտագործում է միայն բարիքների համար, ապա պէտք է դրա մասին յայտարարէն, որ ամէն քաղաքացի իմանայ, որ ինքը լրիւ մենակ է իր խնդիրների մէջ։ Մարդիկ զրկուել են օթեւան ունենալու իրաւունքից, այդ հարցը պէտք է լուծուի»,- ասաց պատգամաւորը։
Նա նշեց, որ մի կողմից Ադրբեջանն է փորձում Հայաստանի քաղաքացիներին զրկել տներից, միւս կողմից Երեւանի փողոցներում ենք նոյնը տեսնում։
Յիշեցնենք, որ փետրուարի 16-ի առաւօտեան ժամը 8-ի սահմաններում, մի քանի աւտօբուսներով ոստիկաններ էին եկել ՊՆ նախկին շէնք, եւ ՊԵԿ գրութեան հիման վրայ՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շէնքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկուել՝ ՀՀ վարչական իրաւախախտումների վերաբերեալ օրէնսգրքի 182-րդ յօդուածի յատկանիշներով (Ոստիկանութեան զօրքերի զինծառայողի կամ ոստիկանութեան ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշէնք, որ ՊՆ նախկին շէնքը 2008 թուականից է դադարել ծառայել պաշտպանութեան նախարարութեանը։ Նախորդ տարուայ ապրիլին կառավարութիւնը որոշեց այն ամրացնել Պետական գոյքի կառավարման կոմիտեին, որն էլ յետոյ շէնքը տրամադրեց ՊԵԿ–ին։