ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլայ Ֆոն դեր Լայենը «Թուիթեր»-ի իր էջում գրել է, որ Եւրամիութիւնը Հայաստանի հաւատարիմ գործընկերն է եւ շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի ներուժը։
«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինեանին։ ԵՄ-ն Հայաստանի հաւատարիմ գործընկերն է։ Յաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելութիւն կ’ուղարկի, որը կնպաստի խաղաղութեանն ու կայունութեանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղութեամբ արձանագրուած առաջընթացը եւ շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական եւ ներդրումային ծրագրի ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումից յետոյ գրել է Ուրսուլայ Ֆոն դեր Լայենը։
Միւնխենի անվտանգութեան համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլայ Ֆոն դեր Լայենի հետ: «Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եւրոպական միութիւն համագործակցութեանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացուող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է եւ շնորհակալութիւն է յայտնել այդ ուղղութեամբ ցուցաբերուող օժանդակութեան համար:
Ուրսուլայ Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ յայտնել ԵՄ պատրաստակամութիւնը` շարունակելու աջակցութեան ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացուելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարուել Հարաւային Կովկասի տարածաշրջանում առկայ իրավիճակին: