ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի յայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարուել է մասնակցել Ադրբեջանում անցկացուող Տիեզերագնացութեան միջազգային կոնգրէսին՝ շեշտելով Հայաստանի դէմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թուիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ինչո՞ւ է Տիեզերագնացութեան միջազգային կոնգրէսն (IAC) անցկացւում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղաւոր է իր հարեւան Հայաստանի դէմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացուած երկրներից է, այն Եւրոպայում մարդու իրաւունքների ամենավատ ցուցանիշներից մէկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթէ պատրաստւում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր»,-գրել է Ռեյզմանը:
Նա նաեւ յիշեցրել է, որ Հայաստանի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսուել է անցեալ տարուայ սեպտեմբերին, այն դատապարտուել է Եւրոպական խորհրդարանի կողմից:
Տիեզերագնացը «Թուիթեր»-ի իր միկրոբլոգում նաեւ կիսուել է մի շարք միջազգային կառոյցների զեկոյցներով, գնահատականներով, օրինակ՝ «Թրանսփարենի Ինթերնեյշլնի»-ի կոռուպցիայի ընկալման 2021-ի ինդեսքում Ադրբեջանը վատ դիրքերում է, Ադրբեջանը 180 երկրների մէջ 128-րդն է: