Հալեպում անօթեւան մնացած 60 հայ կայ

Հալեպում անօթեւան մնացած 60 հայ կայ

Զարմիկ Պողիկեան

Աւերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրաւորում ստացած տասը հայերից ութն արդէն դուրս են գրուել բժշկական կենտրոններից, միւս երկուսը շարունակում են բուժումը հիւանդանոցում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրոյցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկեանը։

«Ծանր վիրաւորները չորսն էին, նրանք վիրահատուել են։ Նրանցից երկուսը զոհուած մայր ու որդի Միրնայ եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու դուստրը, որոնք շարունակում են բուժումը հիւանդանոցում։ Նրանց կեանքին վտանգ չի սպառնում»,– յայտնեց Զարմիկ Պողիկեանը։

Փետրուարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Սիրիայում աւելի շատ տուժել են Հալեպ, Լաթաքիայ, Իդլիբ  եւ Համայ համայնքները։  «Գանձասար» պարբերականի խմբագրի խօսքով՝ երկրաշարժից ցնցուել է նաեւ Սիրիայի մայրաքաղաքը՝ Դամասկոսը, բայց վնասներ չէն եղել։ Հայութիւնն աւելի շատ կենտրոնացած է Հալեպում եւ Լաթաքիայում։

«Հաեօց թեմի ազգային իշխանութիւնը անօթեւան մնացած մարդկանց տրամադրել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու սրահը, որն ամէն տեսակի յարմարութիւններով է օժտուել։ Ներկայ պահին Հալեպում անօթեւան 60 հայ ունենք, որոնք չէն կարող վերադառնալ իրենց բնակարաններ, համապատասխան մասնագէտները եկել ու ստուգել են, որ շէնքերը կարող են փուլ գալ, բնակուելու համար վտանգաւոր է։ Թէ՛ Հալեպում, թէ՛ Լաթաքիայում ունենք մեծաթիւ բնակարաններ, որոնք վնասուած են եւ վերանորոգման կարիք ունեն։ Մասնագէտները բնակարան առ բնակարան շրջում են, Հալեպում 500 բնակարան են ստուգել, այն մարդկանց, որոնք բնակարաններին փլուզման վտանգ չի սպառնում, ցուցուած է վերադառնալ իրենց տներ։ Նրանցից 180–ը վերադարձել են, բայց տները նորոգման կարիք ունեն։ Իսկ այն մարդիկ, որոնց բնակարանները ենթակայ են փլուզման, կը մնան մեր ապաստարաններում մինչեւ իրենց տուն կտրամադրուի»,– ասաց Զարմիկ Պողիկեանը։

Եկրաշարժի հետեւանքով Սիրիայում զոհուել են երկու հայ՝ մայր ու որդի Միրնայ եւ Ալպէր Թէնքէճեանները, որոնք մի քանի օր առաջ են յուղարկաւորուել։ Անհետ կորած հայերի վերաբերեալ, ըստ Պողիկեանի՝ տուեալ չկայ։ Փետրուարի 8–ից Սիրիայ մեկնած հայ փրկարարները 8 անշնչացած մարմին են  դուրս բերել փլատակներից։

«Հայ փրկարարները արաբաբնակ Շահար շրջանում էին մասնակցում որոնողափրկարարական աշխատանանքերին։ 3 օրուայ ընթացքում 8 մարդու աճիւն դուրս հանեցին։ Նրանք արդէն վերադարձել են Հայաստան։ Ի դէպ, երեկուանից Սիրիայի Կառավարութիւնը դադարեցրել է որոնողափրկարարական աշխատանանքերը։ Վերջին երկու օրերին արդէն ողջ մարդիկ դուրս չէին հանում, դժբախտաբար բոլորն արդէն անշնչացած մարմիններ էին»,– պատմեց Զարմիկ Պողիկեանը։

Ըստ սիրիահայ կնոջ՝ աւերիչ երկրաշարժին յաջորդած երկու օրերին գրանցուած  հետցնցումների հետեւանքով աւերածութիւնները շարունակուել են։

«Որովհետեւ խարխլուած շէնքեր կային, փլատակներ կային, որ կիսաքանդ էին եւ  շարունակւում էին քանդուել։ Առաջին օրերին բնակարաններ վերադառնալը վտանգաւոր էր, բոլորը, այդ թւում՝ մենք, երկրաշարժին յաջորդող երեք օրերին  գիշերում էինք հայկական կազմակերպութիւններում։ Մարդիկ սարսափի մէջ էին, չէին ուզում բնակարաններում գիշերել։ Ներկայում հետցնցումները շարունակւում են, բայց վտանգ չկայ, յուսով ենք ուժեղ ցնցումներ այլեւս չէն լինի»,– ասաց Զարմիկ Պողիկեանը։

Սիրիայի Կառավարութիւնն այժմ կենտրոնացած է երկրաշարժ հետեւանքով վիրաւորում ստացած հիւանդների բուժմամբ եւ նիւթական վնաս կրած տուժածների խնդիրների լուծմամբ։

«Հալեպի բոլոր պետական հիւանդանոցներն անվճար ծառայութիւններ են մատուցում։ Սկզբում սիրիացի բժիշկներին էին պայքարում մարդկանց կեանքերը փրկելու, հիւանդներին բուժելու,  յետոյ տարբեր երկրներից բժշկական խմբեր ժամանեցին։ Մարդկանց սննդով ապահովելու եւ առաջին բուժօգնութիւն ցուցաբերելու աշխատանքներ են իրականացւում այժմ։ Արաբական տարբեր երկրներից, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնից, ինչպէս նաեւ  Հայաստանից, մարդասիրական օժանդակութիւն է ուղարկուել։ Առաջին հերթին դեղորայքի ու սննդի կարիք կայ, օրինակ, մանուկների կաթ չկայ այժմ։

14 տարի է՝ Սիրիան պատերազմի մէջ է, տնտեսութիւնը մեծ վնասներ էր կրել, միջին խաւ  գրեթէ չկայ, մարդիկ աղքատութեան մէջ են։ Եւ այս վիճակում մարդիկ պէտք է բնակարաններ նորոգէն, առողջապահական հարցեր լուծեն, դրա համար եմ ասում, որ այս ընթացքում օժանդակութեան կարիք կայ»,– նշեց «Գանձասար» պարբերականի խմբագիրը։

NEWS.am

Share