արիներ շարունակ Եւրոպայում յաջող շրջագայելուց յետոյ, քննադատների հաւանութեանն արժանացած «Նաղաշ» անսամբլը 2023 թուականի մարտին կը մեկնարկի իր առաջին շրջագայութիւնը Հիւսիսային Ամերիկայում՝ հանդէս գալով ԱՄՆ-ի եւ Կանադայի տասնմէկ քաղաքներում:
«Նաղաշ» անսամբլը ծնունդ է առել Երեւանում՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն հոդիանի նախաձեռնութեամբ։ Այն սինթեզում է հայկական ժողովրդական երգի, նոր դասական երաժշտութեան եւ ժամանակակից պոստմինիմալիզմի երկրային հոգեւորականւթիւնը ռոքի եւ ջազի էներգիայի հետ: Հայաստանի երեք փայլուն երգչուհիներն ու լաւագոյն երաժիշտներից մի քանիսը դուդուկի, ուդի, դհոլի եւ դաշնամուրի վրայ նուագում են իւրայատուկ նոր երաժշտութիւն, որի հիմքում միջնադարեան հայ տաղերգու եւ քահանայ Մկրտիչ Նաղաշի հոգեւոր տեքստէրն են։
Սրբազան հնչիւնները ոգեշնչման աղբիւր են Հայաստանի ամենաինքնատիպ նորագոյն երաժշտութեան համար․ «Նաղաշ» անսամբլի պատմութիւնը:
2005 թուականին ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդիանը նոր էր սկսել ուսումնասիրել իր նախնիների երկրում գտնուող հնագոյն վանքերն ու սրբավայրերը։ Դրանցից մէկը Գառնու տաճարն էր՝ հեթանոսական ժամանակներից մեր օրեր հասած յունահռոմեական ճարտարապետութեան միակ կոթողը, որտեղ նա յանկարծ ինչ-որ ձայն լսեց։ Ըստ Ջոնի՝ «դա երբեւէ իր լսած ամենագեղեցիկ ձայնն էր»։ Արդիւնքում պարզուեց, որ դա Յասմիկ Բաղդասարեանի սոպրանօն էր, ով հայ միջնադարեան հոգեւոր երաժշտութեան առաջատար կատարողներից էր եւ տաճարում փորձ էր անում։
«Տաճարում հնչող այդ ձայնը պարզապէս թովիչ էր, ու այն օրեր շարունակ մտքիցս դուրս չէր գալիս», — ասում է Ջոն Հոդիանը: «Որպէս կոմպոզիտոր՝ ես ուզում էի այն գողանալ եւ իմը դարձնել: Ստրաւինսկին ասում էր՝ «Վատ կոմպոզիտորները փոխ են վերցնում, լաւ կոմպոզիտորները՝ գողանում»: Ես մտադիր էի գրել մի բան, ինչը հնարաւորութիւն կտար այս ձայնը նորովի օգտագործել»։
Թեեւ նա գիտէր, թէ ինչպէս էր հնչելու այդ երաժշտութիւնը, Հոդիանը բազմաթիւ տարիներ փնտրում էր այդ երաժշտութեանը համապատասխան տեքստ, մինչեւ որ վերջապէս պատահաբար դէմ առաւ Մկրտիչ Նաղաշ անունով հայ միջնադարեան քիչ յայտնի մի քահանայի բանաստեղծութեան կարճ հատուածի: Տեքստը սահմռկեցուցիչ մանրամասնութեամբ նկարագրում էր այն մարդկանց ճակատագիրը, որոնք հարկադրուած էին ապրել աքսորում։ «Այդ խօսքերը թեւեր առան ու մխրճուեցին հոգուս մէջ: Ես գիտէի, որ գտել եմ իմ տեքստը»: Նա պէտք է հայթհայթեր այդ տեքստէրը: Բնօրինակ ձեռագրերը կորել էին, սակայն գտնուեցին աւելի ուշ ժամանակաշրջանում արտագրուած տարբերակներ։ Մի քանի հայ գիտնականների եւ իտալական մի փոքրիկ կղզում ապրող մի խումբ վանականների օգնութեամբ (Սուրբ Ղազարի Մխիթարեանների միաբանութիւնը) Հոդիանը կարողացաւ «պեղել» մնացած 16 բանաստեղծութիւնները։
Փոխադրելով այդ տեքստէրը երաժշտութեան՝ Հոդիանը հետեւեց իր ինտուիցիային: «Այն մարդու պարագայում, ով մեծացել էր տանը հայկական երաժշտութիւն լսելով, երիտասարդ տարիներին ուսումնասիրել էր եւրոպական դասական, մասնաւորապէս՝ միջնադարեան բազմաձայն երաժշտութիւն եւ ժամանակակից մինիմալիստական որոշ կոմպոզիտորների, երաժշտութիւնը բնական արդիւնք է։ Բացի այդ, ես անընդհատ շրջապատուած էի ժամանակակից պոպուլեար երաժշտութեամբ՝ իր բոլոր ձեւաչափերով հանդերձ»։ Ենթագիտակցաբար զետեղելով այս բոլոր ազդեցութիւնները՝ Հոդիանը ստեղծել է երաժշտութիւն, որը Հայաստանի ամենահռչակաւոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը բնութագրել է որպէս «21-րդ դարի համար վերաստեղծած Հին Հայաստանի ձայն»։
Այս ստեղծագործութիւնները կատարելու համար Հոդիանը հաւաքեց Հայաստանի լաւագոյն տեղացի երաժիշտներին՝ ուդ, դուդուկ եւ դհոլ գործիքների համար, ինչպէս նաեւ երեք նշանաւոր հայ երգչուհիների, այդ թւում՝ իր ոգեշնչման աղբիւր Յասմիկ Բաղդասարեանին: Անսամբլն իր առաջին եւրոպական շրջագայութիւնը մեկնարկեց 2014 թուականին՝ այդ ժամանակից ի վեր բազմաթիւ համերգներ տալով միջազգային հանրութեան համար:
2023 թուականի մարտին «Նաղաշ» անսամբլն առաջին անգամ հանդէս կը գայ Հիւսիսային Ամերիկայում։
«Նաղաշ» անսամբլի անդամներն են՝
Յասմիկ Բաղդասարեան (սոպրանօ), Տաթեւիկ Մովսեսեան (սոպրանօ), Արփինէ Տեր-Պետրոսեան (ալտ), Յարութիւն Չքոլեան (դուդուկ), Արամայիս Նիկողոսեան (ուդ), Տիգրան Հովհաննիսեան (դհոլ), Ջոն Հոդիան (դաշնամուր/կոմպոզիտոր)
«Նաղաշ» անսամբլի 2023 թ․ հիւսիսամերիկեան շրջագայութեան ամսաթուերը՝
3/02/23 • UCLA, Schoenberg Hall • Los Angeles, CA
3/03/23 • Mountain View Center for the Performing Arts • Mountain View, CA
3/04/23 • Lone Tree Arts Center • Lone Tree, CO
3/05/23 • The Lincoln Center • Fort Collins, CO
3/09/23 • University of Michigan • Ann Arbor, MI
3/10/23 • St. John Armenian Church • Southfield, MI
3/11/23 • Zankel Hall at Carnegie Hall • New York, NY
3/13/23 • Salle Bourgie • Montreal, Canada
3/15/23 • Kennedy Center, Millennium Stage • Washington, DC
3/17/23 • Chatter • Albuquerque, NM
3/18/23 • San Miguel Chapel • Santa Fe, NM