ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով ՀԺ-ի տարածուած լուրը․ Թեւանեան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով ՀԺ-ի տարածուած լուրը․ Թեւանեան

Իշխանութիւնների հերթական սուտը

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը գրում է. 

«ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածուած լուրը․ իշխանութիւնների հերթական սուտը

Իշխանութեան առաջին դէմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինեանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաեւ՝ էութիւնը։

Փաշինեանը հիմա թաքնւում է «Հաւաստի Աղբիւրի» անուան տակ եւ շարունակում իր սիրած գործը, բայց արդէն վարչապետի կարգավիճակով եւ միջազգային մասշտաբով։

Եթէ նրա լրագրողական եւ «ընդդիմադիր» քաղաքական գործունէութեան զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետութեան ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիւն ու աշխարհագրութիւնը զգալիօրէն ընդլայնուել են։

Երեկ Փաշինեանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նիւթ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպէս․ «Իրանը դէմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։

Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետեւողներին կերակրեին այն բանով, թէ, իբր, ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման յայտարարութիւն չի արել։

Նիկոլ Փաշինեանը պրահեան գործընթացի արդիւնքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրաւիրելն այդ բախման սցենարի մէջ է տեղաւորւում, ինչի մասին բացայայտօրէն խօսում է Ռուսաստանը։

ՌԴ–ից կոշտ ձեւով, իսկ Իրանից՝ դիւանագիտական լեզուով պարբերաբար ցոյց են տալիս, որ դէմ են Արեւմուտքի ներգրաւուածութեանը, եւ որ Հարաւային Կովկասի խնդիրները պէտք է լուծուէն տարածաշրջանային երկրների միջոցով։

ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինեանը գիտի այդ մասին, բայց ունի պարտաւորութիւններ եւ կատարում է դրանք, որպէսզի կարողանայ յետագայում իր անձնական անվտանգութիւնն ապահովել։

Փաշինեանի այս քաղաքականութիւնը լրջօրէն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստուար հատուածին։ Եւ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինեանն իր թերթով ու իր միւս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ–ում Իրանի դեսպանի խօսքը, որը վերջինս իրականում չի ասել։
Այսօր հրաւիրուած էի ու մասնակցում էի Իրանի իսլամական յեղափոխութեան 44–րդ տարեդարձին նուիրուած միջոցառմանը։ Իմ այն հարցին, թէ արդյօք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նիւթի վերնագրում գրուած խօսքերը, ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։

Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականութեանը։

«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջեւ խնդիրները պէտք է հէնց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ լուծուէն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, յայտարարել եմ, թէ Իրանը դէմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասութիւն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրոյցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Թիւրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզուով (հայերէն, անգլերեն, պարսկերէն (թարգմանչի օգնութեամբ)) յստակեցրեցի հարցս ու դեսպանից նոյն պատասխանը ստացայ, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դէմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, եւ որ իր անունից «Հայկական ժամանակում» յայտնուած ուղիղ խօսքը չի համապատասխանում իրականութեանը։
Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղեակ պահեցի, որ մեր զրոյցի այդ մասը ես՝ իր թոյլտուութեամբ, կը հրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկայ։

Եւ այսպէս, բռնուեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։
Հ․Գ․։ Ի նշան հայ–իրանական բարեկամութեան՝ յարգարժան դեսպանի հետ նկարուեցինք տօնական միջոցառման ժամանակ (կից նկարում կայ նաեւ «Հայկական ժամանակի» տարածած նիւթի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։

Շնորհաւորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին»։ 

Share