«Փաշինեանի ստորագրութեամբ 71 զօրամաս է դրւել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը». Գեղամ Մանուկեան

«Փաշինեանի ստորագրութեամբ 71 զօրամաս է դրւել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը». Գեղամ Մանուկեան

 Հիմնական շեշտը դնում են նրա վրայ, որ տեսէք՝ զօրամասեր են վաճառւել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զօրամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զօրամաս է վաճառւել: Այս մասին այսօր՝ փետրւարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու թոյլտւութիւն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխաւոր դատախազը: Գրում է News.am-ը:

«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինեանի ստորագրութեամբ: ՊՆ-ի թւով 71 գոյք փոխանցւում է պետական գոյքի կառավարման կոմիտէին, որ յետոյ օտարւի, վաճառւի: Այստեղ 71 զօրամասի հասցէ է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մէջը, տարբեր քաղաքների զօրամասեր: Հիմա ի՞նչ յայտարարենք, որ զօրամասեր են վաճառւո՞ւմ: Ոչ, պարզապէս այս զօրամասերը չգործող են եւ նոյնիսկ դրանց պահպանութիւնը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրւել է վաճառքի»,- ասաց պատգամաւորը:

Դիտարկմանը, որ գլխաւոր դատախազը յայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկիւնից չեն օտարւել, Մանուկեանն ասաց. «Արշակունեաց պողոտաի վրայ եղած 6 հեկտարանոց զօրամասը վաճառւելը պետական շահի տեսանկիւնի՞ց է, թէ ոչ: Կրկնում եմ՝ խօսքը երկու չգործող փոքր զօրամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կը տեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց աւարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թէ ոչ: Սա պարզապէս շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գոյք ու ասեմ՝ Սուրէն Պապիկեանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զօրամաս է, ՊՆ-ն նպատակայարմար չի գտնում իր հաշւեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»:

Ինչ վեաբերում է նրան, որ շուկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառւել, Գեղամ Մանուկեանն ասաց. «Չեմ ուզենայ մանրանալ, աւելի լաւ է կադաստրի մասնագէտներին դիմել: Նորից եմ վերահաստատում, Ազատ գիւղում տեղի ունեցած ողբերգութեան յաջորդ օրը գլխաւոր դատախազը եկել էր Սէյրան Օհանեանի եւ մի քանի օր յետոյ Արմէն Չարչեանի միջնորդութեամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրաւական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակութեան ուշադրութիւնը շեղելու համար:

Տարիներ կանցնի, Աննա Վարդապետեանի փոխարէն կը լինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրէն Պապիկեանին Նիկոլ Փաշինեանի հետ կը գամի անարգանքի սիւնին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Տայ Աստւած, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանութիւնը չծանրաբեռնի իր աշխատանքը»:

Նա համոզմունք յայտնեց, որ իշխանութիւնը չի գնայ Սէյրան Օհանեանի կալանաւորմանը. «Խելագարութեան սահման կայ: Իշխանութիւնները խելագարութեան սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դէպքում չեն անցնի»:

Share