Միջազգային իրաւունքի մասնագէտ Ջեֆրի Ռոբերտսոնը The Independent-ում յօդուած է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցութեամբ եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցուած է եղել հիմնականում հայերով: Գրում է 168.am-ը:
Ջեֆրի Ռոբերտսոնը յօդուածը սկսել է հետեւեալ կերպ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը կարող են կանգնեցնել աւտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար բնակիչներին սովամահ անելու նպատակով:
Յօդուածագիրը շեշտել է, որ շրջափակումը մարդկութեան դէմ յանցագործութիւն է եւ հակասում է մի շարք պայմանագրերի, սակայն ադրբեջանցիները երկու ամիս է, ինչ շրջափակել են եւ դեռ շարունակում են շրջափակումը: Նշւում է, որ Լաչինի միջանցքը կենսական օղակ է՝ Ղարաբաղի հայերին ամէն օր 400 տոննա առաջին անհրաժեշտութեան ապրանքներ հասցնելու, ինչպէս նաեւ քաղաքացիների, դպրոցականների եւ շտապօգնութեան մեքենաների շարժի համար:
«Իհարկէ, դա աւելի արագ կը լինէր օդային փոխադրման ճանապարհով, սակայն Ադրբեջանի կառավարութիւնը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կը փորձի վայրէջք կատարել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկիրը Ադրբեջանի եւ պատմութեան գերին է. այն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցուած է եղել հիմնականում հայերով, որոնք յայտնի են իրենց վաղ քրիստոնէական եկեղեցիներով եւ իւրայատուկ գորգերով: 19-րդ դարում այն օկուպացւել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թուականին Ստալինը կամայականօրէն եւ սխալ կերպով այս քրիստոնէական անկլաւը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում՝ որպէս անկախ շրջան։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ԼՂ ժողովուրդը անկախութիւն է պահանջել եւ պատերազմ մղել դրան հասնելու համար»,- նշուած է յօդուածում:
Ջեֆրի Ռոբերտսոնը նկատել է՝ յաղթանակից յետոյ հայերը յարաբերական խաղաղութիւն են ունեցել, մինչեւ 2020 թուականին Ադրբեջանը յարձակուել է: Նա նշել է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մասին:
«Համաձայնագիրը երաշխաւորուեց Ռուսաստանի կողմից: ՌԴ-ն յատկացրեց 2000 «խաղաղապահի»՝ միջանցքը վերահսկելու , բայց նրանք ապացուցեցին, որ չեն կարող կամ գուցէ չեն ցանկանում ցրել միջանցքը փակած ինքնակոչ «բնապահպան ակտիւիստներին», որոնց խրախուսում է Ադրբեջանի կառավարութիւնը, որն ընդհանրապէս արգելում է ցոյցերը եւ բանտարկում ցուցարարներին»,- նշուած է յօդուածում:
Յօդուածագիրը նկատել է, որ «ցուցարարներից» շատերը դաջուածքներ ունեն, որը ապացուցում է, որ դրանք «Գորշ գայլեր»-ի անդամ են:
Շեշտւում է, որ «ցուցարարները» խրախուսւում են բռնապետ Իլհամ Ալիեւի կողմից: Յօդուածագիրը յիշեցնում է նաեւ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի նիստի ու անդամների պահանջի մասին: Յօդուածում նշւում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը միայն ուշացումով է կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ եւ յորդորել ցրել ցոյցը՝ յաւելելով, որ Ուկրայինայի իրադարձութիւններից յետոյ ՌԴ-ն ազդեցութիւնը կորցրել է: