Վահէ Հովհաննիսեան — Այլընտրանքային նախագծեր խումբ
Մաս 1. Նարատիւները
Մենք սխալ նարատիւների թակարդում ենք։ Կամ՝ մէզ յատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձեւակերպուած խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։
Այդ նարատիւներից են.
— մեր ընտրութիւնը Ռուսաստանի կամ Արեւմուտքի միջեւ է
— մեր ընտրութիւնը խաղաղութեան կամ պատերազմի միջեւ է
— ընտրութիւն ունենք՝ Արցախը տալ, բայց Հայաստանը փրկել
— Ամենասուր վտանգը «միջանցք տալն» է։
Մեր ընտրութիւնն իրականում շատ պարզ է. ապրել կամ ցեղասպանուել։ Պետական եւ քաղաքական միտքը կանգնած է նոյնքան պարզ որոշման առաջ՝ սպասե՞լ աղէտին, թե՞ կասեցնել աղէտը։
Ճիշտ ձեւակերպած խնդիրն ինքնաբերաբար բերելու է ճիշտ պատասխանների։
Հայաստանի իշխանութիւնը որեւէ իրական դաշնակից մէզ չի թողել։ Հերթով բոլոր ուժային կենտրոններին հակասական խոստումներ տալու հետեւանքով մենք բոլորի մօտ կորցրել ենք վստահութիւնը։ Արդիւնքը՝ բոլորից ստանում ենք միայն յայտարարութիւններ՝ առանց որեւէ լուրջ գործնական աջակցութեան։ Սա շատ վտանգաւոր վիճակ է։ Մենք չենք կարող փոխել բոլոր խոշոր տէրութիւնների իշխանութիւններին, ուրեմն՝ պէտք է փոխենք ՀՀ իշխանութիւնը, որպէսզի նորը փոխի այս վիճակը։
Հայաստանը եւ Արցախը գտնւում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ։ Զսպող հիմնական գործոնը ռուսական բանակի առկայութիւնն է։ Հետեւութիւն. չի կարելի պահանջել միակ զսպող ուժի հեռացումը եւ չի կարելի առանց մտածելու տրուել հակառուսական քարոզին, որովհետեւ դրանով մեծանում է քո իսկ մորթուելու հաւանականութիւնը։
Քանի՞ անգամ արեւմտեան պետութիւնները պէտք է ասէն, որ չէն կարողանալու ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, որ հայ ժողովուրդը եւ նրա կրթուած շերտերը հասկանան դա։ Հայաստանի տարածքում Ռուսաստան-Արեւմուտք բախումից շահելու է երկու երկիր՝ Ադրբեջանն ու Թուրքիան, եւ սա պարզ է անգամ նրանց, ովքեր այսօր ծառայում են այդ հակամարտութեան թէժացմանը հայաստանեան հասարակութեան ներսում։
Մաս 2. Ինքնիշխանութիւն եւ միջանցք
«Հայաստանի ինքնիշխանութիւն» ձեւակերպումը իշխանութիւնը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ի նման բերելու է նոր աղէտի։ Սրան պէտք է շատ լուրջ վերաբերուել, որովհետեւ դա գալիք աղէտի արդարացման նարատիւն է։
Գործող իշխանութեան տրամաբանութեամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետութիւններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արեւմուտք սուր հակամարտութեան 29 800 կմ մարտադաշտ։ Որպէս զուգահեռ բրենդ՝ շրջանառւում է միջանցքի նարատիւը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակութեան։ Եւ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրուայ անայլընտրանք դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիւ է տալիս։
Մեր ժողովուրդն այսօր գտնւում է գաղափարական դիւերսիայի թակարդում, ու նոյնիսկ կրթուած շերտերն են վիրտուալ «միջանցք»-ի ու «Միութենական պետութեան» դարդն անում։
Շրջափակուած իրական Արցախը, հայ-ռուսական յարաբերութիւնների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասւում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամէնը սովորական ճանապարհ), եւ գոյութիւն չունեցող «Միութենական պետութեան» գաղափարներին։
Նման բան հնարաւոր է միայն առաջնորդութեան սուր ճգնաժամի դէպքում, երբ հասարակութեանը չի ասւում այլ բան եւ ցոյց չի տրւում այլ ճանապարհ։ Իներցիոն կամ բացակայ լիդերութիւն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականութիւնը եւ չի ասում հնարաւոր լուծումները։
Իշխանութիւնն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգութիւնը, իսկ ռուսական ներկայութիւնը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակութիւն սա լսում է՝ հորթի հնազանդութեամբ սպասելով իր մորթուելուն։ Հետեւութիւն. Հայաստանին պէտք է նոր իշխանութիւն՝ անվտանգային նոր լուծումներով եւ պետութեան նոր տեսլականով։ Չի բացառւում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկայ ընդդիմադիր ձեւաչափերի պաշտօնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարաւորութեան համար։ Սա շատ կարեւոր է՝ այսօր առկայ ձեւաչափերի բազմաթիւ գրագէտ գործիչների՝ ճիշտ ձեւաչափերում արդիւնաւետ աշխատելու, հանրային լայն կոնսօլիդացիայի, պետութեանը նոր բովանդակութիւն հաղորդելու եւ հասարակութեանը նոր առաջարկներ տալու համար։