Սուրբ Սարգսի տօնին Ստեփանակերտի Մայր տաճարում կը կատարուի երիտասարդների օրհնութեան կարգ

Սուրբ Սարգսի տօնին Ստեփանակերտի Մայր տաճարում կը կատարուի երիտասարդների օրհնութեան կարգ

Փետրուարի 4-ին Հայոց Եկեղեցին նշում է երիտասարդ զոյգերի եւ սիրահարների բարեխօս Սուրբ Սարգիս զօրավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինուորների տօնը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ յաւելելով, որ փետրուարի 4-ին, ժամը 16:00-ին Ստեփանակերտի Ս. Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարուելու է երեկոյեան ժամէրգութիւն եւ երիտասարդների օրհնութեան կարգ, հաւարտ որի եկեղեցու բակում տեղի կ’ունենայ տօնին նուիրուած հոգեւոր-մշակութային միջոցառում:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը Սուրբ Սարգսի տօնի առիթով աղօթք ու շնորհաւորանք է յղել երիտասարդներին։ Ստորև մեջբերումներ սրբազանի պատգամից՝

«Կարիք չկայ խօսքերի գեղեցկութեամբ ու շատութեամբ բացատրելու, թէ ով է զինուորն ու զօրականը Հայոց ազգի համար, որովհետեւ վերջին գոյապայքարից յետոյ դեռ չէն սպիացել մեր վէրքերը, դեռ թարմ են յիշողութիւնները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնութիւնը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյութեան շարժիչ ուժը, որովհետեւ ձեր շարքերից են ծնւում երկրի պաշտպաններ ու կազմւում նոր ընտանիքներ։ Թէ ինչպիսին կը լինի մեր վաղուայ օրը, մեծապէս կախուած է ձեր այսօրուայ կեցուածքից ու դաւանած արժէքներից։ Եթէ յետադարձ հայեացք գցենք ոչ վաղ անցեալին, կը տեսնենք որ արցախեան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակութեամբ։

Յաջորդ արժէքը ազգային մեր կեանքում Հայ Ընտանիքն է։ Որպէսզի աւելի ընկալելի լինի ընտանիքի արժէքն ու դերը, տեղին ենք համարում մէջբերել Մուրացանի խօսքը, որ հնչում է Գեւորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զօրութիւնը ընտանիքների մէջ է․․․ զօրաւոր է այն ազգը, որն ունի զօրաւոր ընտանիքներ, սիրով, միութեամբ, առաքինի եւ հաւատարիմ կենակցութեամբ ապրող ընտանիքներ․․Ինչպէս որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպէս եւ կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականութիւն, որոնցից հեռու է սէրը, միութիւնը, առաքինութիւնը եւ նամանաւանդ Աստծոյ երկիւղը»։ Ցաւօք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դաւաճանութիւնների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգուած է Հայ Ընտանիքի համակարգը, եւ փորձում են բազմատեսակ եղանակներով աղաւաղել աւանդական ընտանիքի եւ հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելինէր, ամուսնութիւնը երիտասարդական յոյզերից եւ զգացմունքային զեղումներից աւելին է, եւ այն ենթադրում է գիտակցուած ու կամաւոր յանձնառութիւն, փոխադարձ յարգանք ու հասկացողութիւն։ Երբ սիրահարութիւնը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միութիւնը պահելու խնդիր։ Պետք է լրջօրէն մօտենաք ամուսնութեան խորհրդին, կեանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաեւ ձեզ տրուած բանականութեամբ։ Եթէ Աստծոյ առաջ խոստացել եք մինչեւ ի մահ տէր եւ պաշտպան լինել իրար, ապա արեք ամէն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միութիւնը, եթէ չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարուածութիւնը վերածել մնայուն Սիրոյ։

Ի՞նչն է այսօր խանգարում մէզ գործելու նոյն նախանձախնդրութեամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպէս ծնող եւ զաւակ արհեստականօրէն բաժանուած են իրարից, երբ զաւակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայութիւն վայելելու հնարաւորութիւնից, Ձեր վրայ է նորից մեր յոյսն ու հաւատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատուութիւնը եւ տէր կը լինեք մեր սրբազան երկրին։

Ցաւօք պակասել է սէրը մեր ընտանիքներում, պակասել է սէրը նաեւ մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարաւոր եղաւ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի սիրելինէր, Սուրբ Սարգսի տօնի խորհրդի շուրջ համախմբուած եւ քաջ գիտակցելով, որ հիմնականում մէզանից է կախուած մեր ընտանիքի փրկութիւնը, լցուենք սիրով, համբերութեամբ, նեղութիւններին դիմագրաւելու վճռականութեամբ, եւ կը տեսնենք, որ Աստուած նորից պիտի օրհնի մեր միութիւնն ու կշնորհի մէզ խաղաղ եւ բարօր կեանք»,- ասւում է շնորհաւորանքի մէջ»։

Share