Զարեհ Սինանեան՝ շարքային անգրագէտ տգէտ, թէ տիպիկ նիկոլական պառակտիչ ստախօս

Զարեհ Սինանեան՝ շարքային անգրագէտ տգէտ, թէ տիպիկ նիկոլական պառակտիչ ստախօս

Ռոբերտ Մարգարեան

Վերջին օրերին ՀՀ Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը կրկին փայլեց իր յայտարարութիւններով ու յայտնուեց հանրութեան, մասնաւորապէս սփիւռքահայութեան ուշադրութեան կենտրոնում:

Զարեհ Սինանեանը նախ 24TV-ի եթերում ու ապա կառավարութեան նիստի աւարտին լրագրողների հետ ճեպազրոյցում կրկին ապացուցեց, որ ինքն ինչպէս Հայաստանի կառավարութեան իր միւս գործընկերները կամ շարքային անգրագէտ տգէտ է եւ կամ սփիւռքը պառակտող պատեհապաշտ ստախօս:

Անշուշտ այստեղ նպատակ չունեմ անդրադառնալ նրա կատարած բոլոր յայտարարութիւններին, որոնցից իւրաքանչիւրին կարելի է պատասխանել մէկ առանձին յօդուածով ու փաստերով: Որպէս օրինակ միայն յիշեմ մի քանի կարեւոր պարագաներ:

Զարեհ Սինանեանն այն պայմաններում է յաւակնում, որ պատերազմի ժամանակ սփիւռքից Հայաստան փոխանցուած օգնութիւնները 24 ժամում մաքսազերծուել ու հասցուել են հասցէատիրոջը, երբ բազմաթիւ սփիւռքահայեր այդ թուում ամերիկահայ յայտնի բարերար դոկտ. Մայքըլ Սարեանը փաստերով բարձրաձայնեցին, որ իրենց ուղարկած օժանդակութիւնները շարունակում եմ մնալ մաքսատներում: Եւ կամ օրինակ Զարեհ Սինանեանն այն պայմաններում է ՀՅԴ-ին մեղադրում այսպէս կոչուած նախկին իշխանութիւններին մաս կազմելով բանակը կազմաքանդելու եւ պարտութեան պատճառ դառնալու մէջ, երբ ինքը նոյն այդ ենթադրեալ համագործակցութեան տարիներին կեղծաւորի դիմակ հագած հանգիստ տեղաւորուել էր նոյն ՀՅԴ-ի աջակցութեան ստուերում ու աշխատանքային վկայական էր յօրինում իր համար: Ի դէպ Զարեհ Սինանեանը յիշողութեան կորուստ ունենալով մոռանում է, որ նոյն այդ թալանուած բանակը յաղթել է 2016 թուականի ապրիլեան քառօրեայում ու Ալիեւին պարտադրել կուլիսներում խոստովանել իր վրայ գործադրուող միջազգային ճնշումների մասին, իսկ պարտութիւն կրել է իր ներկայացրած իշխանութեան ժամանակ, մտածուած ու ծրագրաւորուած կերպով կազմաքանդուած ու հեղինակազրկուած բանակը: Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարութեանը միայն կարելի է քմծիծաղով ասել.՝ «Իեա՞, իրօ՞ք»:

Ստերի այս շարանը կարելի է դեռ երկար շարունակել բայց այս պահին ինձ աւելի շատ հետաքրքրում է Զարեհ Սինանեանի հարցազրոյցում տեղ գտած երկու ընդգծումներ, առաջինը՝ ՀՅԴ-ի, Հայ Դատի ու Հայոց Առաքելեկան եկեղեցու այսպէս կոչուած «հակապետական» գործունէութեան, իսկ երկրորդը՝ ՀՅԴ-ի անդամների մուտքը Հայաստան արգելուելու մասին, որոնցից իւրաքանչիւրը կարելի է տգիտութեան, ստախօսութեան ու սադրանքի մաստերկըլաս համարել:

Հիմք ընդունելով Զարեհ Սինանեանի կենսագրութիւնը պարզուում է, որ յիշեալը շրջանաւարտ է դարձել ԱՄՆ-ի հեղինակաւոր UCLA համալսարանի պատմութեան ու քաղաքագիտութեան ճիւղում ու ապա մէկ այլ հեղինակաւոր համալսարան՝ USC-ում իրաւաբանութիւն է սովորել: Անկեղծ չգիտեմ յիշեալ երկու համալսարանների պատասխանատուներն ի՞նչ կմտածէին իրենց երբեմնի շրջանաւարտի մասին, եթէ պատահաբար իմանային, որ յիշեալն անկարող է իրարից տարբերել քաղաքագիտութեան երկու պարզ հասկացութիւններ՝ «պետություն»-ն (state) ու «կառավարություն»-ը (government):

Իր վերջին ու նաեւ նախորդ մի շարք հարցազրոյցներում Զարեհ Սինանեանը ՀՅԴ-ին ու նրան ենթակայ կառոյցներին մեղադրել է իբր «հակապետական» գործունէութիւն ծաւալելու եւ «հայ ժողովրդի կողմից ընտրուած իշխանութեանը» դէմ գնալու մէջ (թէ ինչպէս կարելի է Հայաստանի 680 հազար քաղաքացիների կամ ընտրողների միայն 48 տոկոսի շուրջ 53 տոկոսի ընտրութիւնը ողջ Հայ ժողովրդի ընտրութիւնը համարել, միայն Զարեհ Սինանեանը կարող է բացատրել):Իր վերջին հարցազրոյցում Զարեհն այս մեղադրանքն ուղղել է նաեւ Հայոց Առաքելական եկեղեցին ներկայացնող Վեհափառ Հայրապետին ու Հայ Դատի յանձնախմբի տնօրէնին:

Այստեղ առկայ են երկու տարբերակներ: Կամ Զարեհ Սինանեանն անգրագէտի մեկն է, որ նոյնիսկ տեղեակ չէ քաղաքագիտութեան ամենատարրական հասկացութիւնների տարբերութեան մասին կամ էլ զրպարտիչ-ստախօս է, որ խեղաթիւրելով երկու հասկացութիւնները փորձում է ատելութիւն տարածել հայ իրականութեան երկու կարեւոր ինստիտուտսների՝ հոգեւոր արժէքները պաշտպանող Հայոց Առաքելական եկեղեցու եւ արտերկրում մեր ազգային արժէքներն ու դատը պաշտպանող Հայ Դատի յանձնախմբի դէմ, ինչը Հայաստանում քրէօրէն պատժելի արարք է:

Մէկ անգամ եւս Զարեհ Սինանեանին պիտի յիշեցնել, որ «պետութիւնն» ու «իշխանութիւնն» իրարից տարբերուող հասկացութիւններ են: Առաջինը մնայուն ու վեհ արժէք է ներկայացնում ու իր մէջ ներառում է բազմաթիւ տարրեր, որոնցից միայն մէկը իշխանութիւնն է:  Երկրորդը՝ «իշխանություն»-ը ժամանակաւոր բնոյթ կրող ինստիտուտ է, որ ժամանակի ընթացքում փոփոխուում ու ձեռքից-ձեռք անցնելով չի բացառուում, որ ժողովրդի մէկ հատուածի սխալ ընտրութեան պատճառով յայտնուում է հայրենիքը դաւաճանած ու վաճառքի հանած գործակալների ձեռքում: Ահա հենց սրան է, որ դէմ են Հայոց Առաքելական եկեղեցին, ազգային արժէքները կրող կուսակցութիւններն, այդ թուում ՀՅԴ-ն ու միլիոնաւոր սփիւռքահայեր:

Ի դէպ, եթէ մի պահ ընդունենք, որ ճիշտ է ասում Զարեհ Սինանեանն ապա տրամաբանօրէն հարց է ծագում ի՞նչ բնութագրում պիտի տալ մինչեւ 2018 թուականի թաւշեայ իշխանափոխութիւնը Հայաստանի նախկին իշխանութիւններին թունդ քննադատող Զարեհ Սինանեանի գործունէութեանը: Նոյն տրամաբանութեամբ ժամանակին Զարեհ Սինանեանը եղել է նոյնքան «հակապետական» գործիչ, որքան այսօր ասենք Վեհափառ Հայրապետն է կամ Հայ Դատի յանձնախմբի տնօրէնը եւ կամ Հայաստանի իշխանութիւններին քննադատող ցանկացած սփիւռքահայ:

Անդրադառնալով ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելուելուն Զարեհ Սինանեանը թէ՛ հարցազրոյցում եւ թէ՛ կառավարութեան նիստից յետոյ ճեպազրոյցում կատարելով հետաքրքիր մի բացայայտում միեւնոյն ժամանակ ցուցադրում է նաեւ աշխարհագրութեան ոլորտում իր անգրագիտութիւնը:

Զարեհ Սինանեանը յայտարարելով, որ այդ թեմայի շուրջ զրուցել է ՀՀ վարչապետի հետ ու կողմնակի նշելով նրա որոշումը փոխելու իր անկարողութեան մասին, ակամայից խոստովանում է Հայաստանում Նիկոլ Փաշինեանի բռնապետական միանձնեայ իշխանութեան հաստատման մասին, որտեղ բոլոր ուժայիններն, այդ թուում ԱԱԾ-ն առաջնորդուում են ոչ թէ պետական շահերով, այլ իրեն բռնապետ հռչակած անձի անհատական ցանկութիւններով: Զարեհ Սինանեանի յայտարարութիւնից յետոյ այլեւս որեւէ կասկած չի մնում, որ ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելուել է հենց Նիկոլ Փաշինեանի ուղիղ հրահանգով ու ցուցումով, այլապէս Զարեհ Սինանեանը հարցը պիտի քննարկէր ոչ թէ Նիկոլ Փաշինեանի, այլ ԱԱԾ-ի հետ:  Թէ որտեղի՞ց են գալիս Նիկոլ Փաշինեանի վախերն ու ո՞ւմ հաճոյանալու համար է նա նման որոշում ընդունել, կարծում եմ լիարժէքօրէն պարզ ու բացայայտ է:

Իսկ ինչ վերաբերում է Զարեհ Սինանեանի անգրագիտութեանը, յիշեալը պնդում է, որ մուտքի արգելքի որոշումն ընդունուել է կոնկրետ մէկ միջադէպի հետ կապուած ու ապա յիշատակում է վարչապետին փոխադրող ինքնաշարժի վրայ ձուեր նետելու դէպքը:

Զարեհ Սինանեանը մոռանում է, որ Հայաստան արգելուել է ընկերներ Մուրատ Փափազեանի, Նժդեհ Գարագաւորեանի, Մասիս Աբրահամեանի եւ Սիւնէ Աբրահամեանի մուտքը: Առաջին երկուսը բնակուում են Ֆրանսիայում, իսկ միւս երկուսը՝ Նիդէրլանդներում: Վարչապետի ինքնաշարժի վրայ ձուեր նետուել են Փարիզում, իսկ Նիդէրլանդներում նա արժանացել է միայն «իւրայատուկ» ողջոյնների: Ֆրանսիայում միջադէպը գրանցուել է 2021 թուականի յունիսին ու դրանից յետոյ ՀՅԴ երկու անդամները բազմաթիւ անգամներ առանց արգելքի եղել են Հայաստանում, իսկ Նիդէրլանդներում միջադէպը տեղի է ունեցել շուրջ մէկ տարի անց՝ 2022 թուականի մայիսին: Հիմա Զարեհ Սինանեանին պիտի տրամաբանօրէն հարց տալ, ինչպէ՞ս կարելի է Նիդէրլանդներում գտնուող Մասիս ու Սիւնէ Աբրահամեաններին մեղադրել ու կապել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինեանի կողմը ձուեր նետելու միջադէպի հետ: Ահա հէնց այս դէպքում էլ հայկական առածն ասում է «ստի ոտքը կարճ է»:

Զարեհ Սինանեանը նաեւ երկու այլ ուշագրաւ յայտարարութիւններ է կատարել, որոնց կփորձեմ անդրադառնալ շատ կարճ:

Սփիւռքի գլխաւոր յանձնակատարը յայտարարում է, թէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն աւարտուած է ու աւելացնում, որ դա մեզ ոչինչ չի տուել, քանի որ կրկին կանգնած ենք ցեղասպանութեան վտանգի դիմաց: Ժամանակին Հայ Դատի յանձնախմբին անդամակցած Զարեհ Սինանեանը Հայաստանը բռնազաւթած գործակալների նման մտածուած կերպով անտեսում ու շրջանցում է Հայոց Ցեղասպանութեան հետ կապուած «Պահանջատիրութեան» բաղադրիչ տարրը, որի թեման շարունակում է արդիական մնալ համալրուելով նաեւ Արցախեան պահանջատիրութեամբ: Զարեհ Սինանեանին անհրաժեշտ է յիշեցնել, որ Հայ ժողովուրդը կրկին ցեղասպանութեան դիմաց կանգնած է ոչ թէ Հայ Դատի յանձնախմբերի անարդիւնաւէտ աշխատանքի, այլ գործող իշխանութիւնների պարտուողական ու զիջողական քաղաքականութեան ու բոբիկ դիւանագիտութեան պատճառով:

Զարեհ Սինանեանը նաեւ հերթական ապարդիւն փորձն է կատարում պառակտելու ՀՅԴ շարքերը՝ մի տեղ Վաշինգտոնում գտնուող Հայ Դատի գրասենեակին հակադրելով Արեւմտեան ափի Հայ Դատի յանձնախմբին, մեկ ուրիշ տեղ էլ դաշնակցականներին այսպէս կոչուած խուլիգանների ու հայրենասէր մտաւորականների երկու խմբերի բաժանելով: Թէ որքան անհեթեթ ու անհիմն են Զարեհ Սինանեանի նման յայտարարութիւնները կարծում եմ որեւէ բացատրութեան կարիք չկայ: Ինձ աւելի շատ հետաքրքրում է այն կարմիր թելը, որ նմանատիպ յայտարարութիւններով Հայաստանի իշխանութիւններին ներկայացնող Զարեհ Սինանեանին կապում է «առաջինլրատվականներ»-ում ու «մեր ուղիներ»-ում շարունակաբար զրպարտութիւններ կատարողներին:

Վերջում ցանկանում եմ ուղիղ դիմել Զարեհ Սինանեանին:

Հեշտ է փողկապը ձիգ տուած յայտնուել տարբեր լրատուականների տեսախցիկների առջեւ եւ ձախ ու աջ անպատասխան ու ամպագոռգոռ յայտարարութիւններ անել:  Քեզ մարտահրաւէր եմ նետում ու պատրաստակամութիւն եմ յայտնում ցանկացած վայրում մասնակցել քեզ հետ բանավէճի: Գիտեմ, որ անցած յունիսին կատարած այցից յետոյ ԱՄՆ այցերիդ մասին նախապէս չես յայտարարում: Աննկատ գալիս-գնում ես ու միայն գրասենեակներում փակ հանդիպումներ ես ունենում: Բանավէճի դէպքում կարող ես մտահոգութիւն չունենալ: Անվտանգութիւնդ երաշխաւորուած է:

Share