«Չեք կարող ջնջել մեզ». աշխարհահռչակ Շերի ու պրոդիւսեր Էրիկ Էսրաիլեանի յօդուածն Արցախի արգելափակման մասին

«Չեք կարող ջնջել մեզ». աշխարհահռչակ Շերի ու պրոդիւսեր Էրիկ Էսրաիլեանի յօդուածն Արցախի արգելափակման մասին

Աշխարհահռչակ երգչուհի Շերը եւ անուանի ամերիկահայ բժիշկ, Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիւուդեան «Խոստումը» ֆիլմի պրոդիւսեր, բարերար Էրիկ Էսրաիլեանը յօդուած են հրապարկել ամերիկեան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրութիւնը հրաւիրելով մարդասիրական ճգնաժամի վրայ, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետեւանքով։

«Չեք կարող ջնջել մեզ» խորագիրը կրող յօդուածում հեղինակները նշել են, որ ադրբեջանական գործողութիւնների հետեւանքով այս պահին Արցախում 120 հազար մարդու կեանք սպառնալիքի տակ է, եւ աշխարհը պարտաւոր է ուշադրութիւն դարձնել ստեղծուած իրավիճակին ու փրկել կեանքեր։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ ադրբեջանական բարբարոս արգելափակումը զրկել է սննդի ու կեանքի համար կարեւոր միջոցների մատակարարման հնարաւորութիւնից։ Էթնիկ զտման այս քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ մշակոյթը ջնջելու նենգ փորձերը պարզապէս բարբարոսական են»,- գրում են նրանք։

Շերն ու Էրիկ Էսրաիլեանը պատմել են կորոնաւիրուսի համաւարակի ամենաթէժ ընթացքում՝ 2020 թուականին Արցախի դէմ Ադրբեջանի իրականացրած յարձակման մասին, որին բացայայտ աջակցութիւն էր ցուցաբերում Թուրքիան՝ մարտի դաշտ բերելով օտարերկրացի վարձկանների։

«Ռազմագերիները բռնութեան են ենթարկուել կամ սպանուել են: Կրոնական վայրերը պղծուել եւ սիստեմատիկօրէն ոչնչացուել են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարութիւնը խրախուսել եւ ողջունել է այդ բռնութիւնները: Հայերի նկատմամբ ինդոկտրինացումն ու ատելութիւնը տարածւում են պետութեան կողմից հովանաւորուող լրատուականների եւ սոցիալական ցանցերի միջոցով, անգամ Ադրբեջանում պաշտօնապէս սովորեցնում երեխաներին»,- նշում են հեղինակներն ու արձանագրում, որ միջազգային հանրութեան ամենաթողութեան պայմաններում Ադրբեջանը շարունակելու է նմանօրինակ գործողութիւններն ու արդէն խորանալու Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նրանք ուշադրութիւն են հրաւիրում Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ ազատութիւնների ոտնահարումների վրայ։ «Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի բացառիկ ժողովրդավարութիւնները, չէն կարող զոհաբերուել հանուն որեւէ մէկի քաղաքական նպատակայարմարութեան»,- նշում են Շերն ու Էսրաիլեանը։ Նրանք համոզուած են, որ որպէս աշխարհում հեղինակութիւն եւ ազդեցութիւն ունեցող անձինքն իրենք պէտք է կիրառէն իրենց ներուժը եւ հնարաւորութիւնները՝ ամենաբարձր մակարդակներով պատմելու այս պատմութիւնը։

«Երկար մտածեք՝ փաստէրի վրայ աչք փակելուց առաջ, նպատակ ունենալով աջակցել ֆինանսապէս գրաւիչ բռնապետներին՝ անտեսելով միւսներին։ Մենք շարունակելու ենք կիսուել մեր պատմութիւններով՝ օգնելու մեր հայրենիքում գտնուող մեր եղբայրներին ու քոյրերին եւ տրամադրելով աջակցութիւն՝ պաշտպանելու սրբավայրերը։ Իր հերթին, մենք խնդրում ենք Միացեալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին եւ աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար կարեւոր են արդարութիւնն ու արժանապատուութիւնը, բոյկոտելու եւ պատժամիջոցներ կիրառելու այս մարդասպան ռեժիմների դէմ, դադարեցնել գումարի չդադարող հոսքը դէպի նրանց եւ կիրառել աւելի հետեւողական չափորոշիչներ այն ժամանակ, երբ խօսք է գնում մարդու իրաւունքների մասին»,- եզրափակել են Շերն ու Էրիկ Էսրաիլեանը։

Share