Միջանցքի հնարաւոր բացման հետ կապուած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում․ Տիգրան Աբրահամեան

Միջանցքի հնարաւոր բացման հետ կապուած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում․ Տիգրան Աբրահամեան

«Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է․

«Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարաւոր բացման հարցը վերջին օրերին արծարծւում է Արցախի պետնախարարի հնարաւոր հրաժարականի համատեքստում։

Ըստ այդ տրամաբանութեան, եւ՛ ՀՀ իշխանութիւնը, եւ՛ Ադրբեջանից եկող ազդակները ցոյց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարաւորութիւն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանութեան, առաւել եւս՝ Ադրբեջանի ցանկութիւնները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկիւնից։

Արդեօ՞ք Ադրբեջանի միակ ցանկութիւնն ու պահանջը Ռուբէն Վարդանեանի հրաժարականն է եւ արդո՞ք նրա գնալով առկայ եւ ուրուագծուող խնդիրները կը լուծուէն։

Յիշեցնեմ, որ միջանցքը փակելուց յետոյ պաշտօնական ու ոչ պաշտօնական մակարդակով Ադրբեջանը կեանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որեւէ հատուածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողութիւն կ’իրականացնի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքաւորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառւում է, կապուած է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրեայ պատերազմից յետոյ, փոքր ծաւալով, մի քանի փուլով իրականացուել է։

Այսինքն՝ միջանցքի հնարաւոր բացման հետ կապուած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրւում է, այդ թւում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ նոյնիսկ այս պահանջների կատարումից յետոյ միջանցքը կը բացուի՝ ոչ։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ եթէ նոյնիսկ ադրբեջանական պահանջները կատարուէն, միջանցքը բացուի, ապա նոյնպիսի խնդիր չի առաջանայ, օրինակ՝ 1-2 ամիս յետոյ։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլեւս չի լինի։ Իհարկէ, ոչ։

Ընտրութիւնն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում եւ դժուար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամէն դէպքում ստեղծուած իրավիճակին պէտք է նայել սթափ, մտածուած, հաշուարկուած, հակառակ դէպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից յետոյ դիմադրութեան ռեսուրս այլեւս չի լինի։

Դեռ չեմ խօսում այն մասին, որ Ռուբէն Վարդանեանին պետնախարար նշանակելու առաջարկն արուել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունէին մտածելու, ծանր ու թեթեւ անելու եւ այդ ամէնից յետոյ արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թուով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պէտք է շուտ մտածէիք։

Գնացքը գնացել է, այլեւս այլ իրավիճակ է եւ խնդիրների հնարաւոր լուծումները պէտք է դիտարկել առկայ իրողութիւնների տրամաբանութիւնից»։

Share