«Ստեփանակերտ-Բաքու երկխօսութիւնը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպէտք է վերաբերի». Գանտահարեան

«Ստեփանակերտ-Բաքու երկխօսութիւնը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպէտք է վերաբերի». Գանտահարեան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։

— Հայաստանի իշխանութիւնը համարում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծուած իրավիճակի հարցում Ստեփանակերտն ու Բաքուն երկխօսելու ելքեր պէտք է գտնէն։ Այս առնչութեամբ Դուք ինչ հնարաւորութիւններ եք տեսնում, եթէ պաշտօնական Բաքուն չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ։

— Ստեփանակերտ-Բաքու երկխօսութեան ձեւաչափը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպէտք է վերաբերի։ Թուրք֊ադրբեջանական դաշինքը տարիներ շարունակ հետապնդում էր Արցախ-Ադրբեջան հակամարտութիւնը վերածել  Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան, ինչը եւ ստացուել էր որոշակի առումներով։ Հիմա պահը պէտք է լիարժէք օգտագործել՝ հակամարտութեան յարաբերակցային ձեւաչափի վերականգնման համար։

— Արձագանքելով ստեղծուած իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ խօսնակ Զախարովան ասել է, թէ իրենց անհանգստացնում է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների բացասական տենդէնցները։ Ինչ է սա նշանակում. արդեօ՞ք իրավիճակը փակուղային է։ Եթէ ոչ, ինչպէս եք տեսնում ելքը։

— Զախարովայի այս յայտարարութեան կոնտեքստն այն է, որ շարունակում է հրամայական լինել ռուսական խաղաղապահ առաքելութեան անհրաժեշտութիւնը։ Նոյն կերպ յիշեցւում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելութեան՝ Արցախ տեղակայման համար անհրաժեշտ են հակամարտող կողմերի համաձայնութիւնը, եւ պարզ ասւում է, որ երկկողմանի համաձայնութիւն կայ միայն  ռուսական խաղաղապահների ներկայութեան վերաբերեալ։

— Մարիայ Զախարովան յայտարարում է, որ ՄԱԿ ԱԽ յայտարարութեան փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրութեան են մատնել Ռուսաստանի առաջարկները։ Այս յայտարարութիւնն արւում է այն ժամանակ, երբ Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը։ Այս երկու իրադարձութեան մէջ ի՞նչ կապ եք տեսնում։ 

— Կանխատեսելի էր, որ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի՝ Արցախին յատկացուած նիստից յայտարարութիւն չի բխի։ Աշխարհաքաղաքական մակարդակով միջնորդական հակամարտութիւն է գնում Արցախի ուղղութեամբ։ Երբ չկայ կոնսենսուս, պարզ է, որ չի լինի միջազգային ընտանիքի համար համաձայնեցուած դիրքորոշում կամ յայտարարութիւն։ Փարիզը յայտնուել է միջնորդական հակամարտութեան մէջ․ մի կողմից բրիւսելեան ձեւաչափի վերականգնման, նաեւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելութիւններ ուղարկելու ուղղութիւններով։

— Ալիեւը բաց տեքստով միջազգային հանրութեան աչքի առաջ յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են ապրել այդ տարածքում, եթէ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, հակառակ դէպքում կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Միջազգային հանրութիւնը, բացի յայտարարութիւններն, է՞լ ինչ գործիքակազմով պէտք է զսպի Ադրբեջանին։

-Ալիեւը առաջին անգամ չէ, որ նման գաղափարներ է յայտնում։ Միջազգային ընտանիքի մօտ քարոզչաքաղաքական լայնածաւալ աշխատանքներ են պէտք՝ առաջադրելու «կարգավիճակ հանուն փրկութեան» կարգախօսը։ Խնդիրը վերաբերում է ցեղային զտման պետական գործողութիւնների կանխարգելմանը։ Բերձորի միջանցքի փակումը պարզապէս դա է հետապնդում․ մարդասիրական աղէտը ցեղային զտման առաջին քայլն է։ Միջազգային ընտանիքը, յայտարարութիւններից բացի, կարող է նաեւ մարդասիրական օժանդակութիւններ հասցնել, ընդ որում, Ստեփանակերտի օդակայանի գործարկումով։ Երկրորդ՝ որոշել սկսել նոր բանակցութիւններ Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով՝ առաջնային օրակարգ ունենալով միջանցքի վերաբացումը։ Այս հանգրուանին հասնելու համար երկու գործիքակազմերի օգտագործումը, կարծում եմ, օրուայ հրամայական են։

Հայկ Մագոյեան

Share