Գրիշ Դավթեան
Առաւօտ
Գիշերը, որպէս թուխ մի աղջիկ,
Մայրամուտից յետոյ հասունացած,
Արբունութեան ջերմով գեղեցկացած,
Տարածուել է շուրջս,
Քսւում է ինձ,
Ցանկանում է սիրաբանեմ,
Որ մայրանայ․․․
Լուսինը շէկ տղան է
Արեւելքներից եկած
Իր պաղ ու փափուկ ուզմունքներով,
Մտել է ծոցը ու սիրաբանում է․․․
Սիրատարփ թուխ աղջիկը
Հեշտանքի գերագոյն հաճոյքում
Մայրանում է,
Երազի ոսկեափում
Ծնում է արեւ մի աղջիկ․․․
Աղջամուղջը փլւում է
Արեւի շողերի գրկում․․․
Սիրաբանութիւնս բեկւում է
Հագուրդի ալեբախութեամբ․
Բացում եմ աչքերս լոյսի մէջ,
Իմաստնացած:
Առաւոտ է, բարի լո՜ւյս,
Սկսում եմ օրը:
*****
Ցոլումներ
Ոչ թէ պատահական,
Այլ հազուադէպ ես լցւում աչքերիս մէջ,
Իբրեւ ընկեր, ցանկալի,
Որ յայտնւում ես, որպէս լիրիկ միանձնուհի,
Խորհրդաւոր ճամփորդ,
Տենչեր որոնող, բարերար:
Մոտենում ես թեթեւակի ողջագուրումի,
Հազիւ մի հպումի․․․
Մազերիդ երեկոն
Մթնշաղում է տեսողութիւնս,
Ու թեեւ պսպղում են կանթեղներ,
Բայց չեմ հասնում ցոլքերին,
Չեմ հասնում ջերմութեանդ համովին,
Մնում եմ զրկուած ու անբաւարար
Քո մօտիկ անհասութեան թնջուկում:
Իցիւ հեքիաթը սկսուի վերջից,
Երբ երկնքից երեք խնձոր է ընկնում
Ու համեղով յագեցնում կեանքը․․․
Մինչդեռ քո անփութութիւնից
Սկսւում է մի անյուսալի հեքիաթ․․․
Թեեւ ծառս է լինում հրեղէն ձին,
Բայց չի սաւառնում,
Չի սաւառնում իղձերիս թեւերով․․․
Հեռուների, հեռուների կարօտ կայ
Թաքնուած աչքերիդ մովերում․․․
Աչքերիս մովերում թաքնուած
Հեռուների կարօտ կայ,
Որ շրշում է մտերմութեամբ,
Գարնանային երեկոների բարեխառնութեամբ,
Որ տարածում է շշունջներ ու շուաքներ,
Գգուանքների անստոյգ ցանկութիւններ,
Փաղաքշում է զգացումներ
Ու պաշարւում սրտէրում:
Աւելի յաճախ լցուիր աչքերիս ծւում,
Մազերիդ երեկոն թող չշղարշի ջերմութիւնդ,
Այլ մթնշաղուի ուսերիդ
Որպէս ապահւութիւն ու շքեղանք,
Փայլի շնորհածդ գեղեցկութեամբ,
Իմաստաւորի տենչ ու տարփանք,
Որ հասնեմ ցոլքերին,
Ցոլքերին․․․