95 տարեկանում կեանքից հեռացել է իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Ջինայ Լոլոբրիջիտան: 1950-1960 թուականներին մեծ ճանաչման հասած դերասանուհին ծնուել է 1927 թուականին, Իտալիայի Սուբիակոյ քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպէս մանեկէնուհի։
Տարբեր պարբերականների կողմից զանազան տարիների ճանաչուել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մէկը: 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկութեան մրցոյթի, գրաւել է 3-րդ տեղը։
Առաջին անգամ գլխաւոր դերով հանդէս է եկել Կարլոյ Լիձանիի «Զգոյշ աւազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանուել է ինչպէս իտալացի, այնպէս էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապաւէններում։ Դրանցից են Ռենէ Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժիւլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը եւ Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագաւորը, դաման եւ սպասաւորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գէտը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտայ» (1973), Թոնի Նաւարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սէր եւ ֆանտազիայ» (ռեժ. Վիտորիոյ դէ Սիկայ 1953), «Տրապեցիայ» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստէրի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստուածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուայ, Էնթօնի Քուինի հետ, 1956) եւ 1973 թուականին մոսկովեան ութերորդ միջազգային կինոփառատօնում մանկական ֆիլմերի մրցոյթում ոսկէ մրցանակի արժանացած «Պինօքիոյի արկածները» կինոնկարները։
Ջինայ Լոլոբրիջիտան եղել է նաեւ լուսանկարիչ, հրատարակել է «Իմ Իտալիան» գիրք-ալբոմը: