Ո՞ր ենթակառուցուածքներն են Բերձորից տեղափոխուել. նախարարութեան պարզաբանումը

Ո՞ր ենթակառուցուածքներն են Բերձորից տեղափոխուել. նախարարութեան պարզաբանումը

Yerkir.am-ը հարցում էր արել ՀՀ կառավարութեանը՝ փորձելով պարզել, թէ ներկայումս Արցախին մատակարարուող էլեկտրաէներգիայի հոսքագիծը, ինտերնետ կապի, հեռախօսակապի մալուխներն անցնում են ընթացիկ տարում գործարկուած Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհո՞վ, թե՞ դեռեւս գործում են Բերձորով անցնող նախկին ենթակառուցուածքները:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պատասխան գրութեամբ յայտնւում է, որ ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացւում է գործող ենթակառուցուածքներով (Տեղ-Բերձոր): Միաժամանակ աւարտին են մօտենում Բերձորը շրջանցող Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման շուրջ 12 կմ երկարութեամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Թէ երբ կաւարտուէն դրանք, եւ երբ Արցախը կ’ունենայ էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով հոսքագիծ՝ նախարարութիւնը չի մանրամասնել:

Նախարարութիւնից յայտնում են, որ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ հեռահաղորդակցութեան ենթակառուցուածքները (ինտերնետ եւ հեռախօսակապ) 2022 թ. սեպտեմբեր ամսից տեղափոխուել են եւ չէն անցնում Բերձորի տարածքով: Այսինքն՝ հաստատւում է, որ օրերս Արցախին ինտերնետ մատակարարող մալուխը վնասել կամ կտրել էին ոչ թէ Բերձորում, այլ Շուշիին հարող ճանապարհահատուածում, իսկ վնասողները, բնականաբար, եղել են բնապահմանների դերում հանդէս եկող ադրբեջանական յատուկ մարմինների ներկայացուցիչները:

Ըստ նախարարի տեղակալի գրութեան՝ այս պահին Բերձորը շրջանցող նոր գազատարի կառուցման աշխատանքներ նախատեսուած չէն: Թէ ինչու՝ կրկին չի մանրամասնւում: Ստացւում է՝ առնուազն գազամատակարարման հարցում արցախահայութիւնը մշտապէս կախուած է լինելու Ադրբեջանի իշխանութիւնների հայեցողութիւնից, իսկ վերջիններս, բնականաբար, այդ խաղաթուղթն անխնայ օգտագործելու են սեփական հայաջինջ գործողութիւններում:

Իսկ թէ ինչու նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ չէն իրականացուել նաեւ ենթակառուցուածքների ամբողջովին տեղափոխման աշխատանքները՝ կարելի է անել ենթադրութիւններ, որոնցից մէկը, բնականաբար, կարող է լինել Արցախը Ադբեջանին յանձնելու Փաշինեան-Ալիեւ դաւադիր պայմանաւորուածութիւնը:

Վ. Սարգսեան  

Share