Ս. Ծննդեան տօնակատարութիւնները արեւմտեան թեմում

Ս. Ծննդեան տօնակատարութիւնները արեւմտեան թեմում

Արևմտեան թեմում այս տարի տարեմուտն սկսվեց ավանդույթ դարձած հունվարի լույս 1-ի գիշերային Գոհաբանական աղոթքով։ Ժամը 12։30 Ս. Ղևոնդյանց Մայր Տաճարում թեմի բարեխնամ Առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հանդիսապետությամբ, Տեր Երեմիա Վարդապետ Աբգարյանի, Տեր խաժակ քահանա Շահբազյանի, մի շարք սարկավագների, դպիրների և տասնյակ հավատավոր ժողովրդի մասնակցությամբ աղոթք կատարվեց՝ հայցելով Երկնավոր Տիրոջ գթասրտությունը, ողորմածությունը և օրհնությունը, նոր տարին նոր ձեռքբերումների հույսերով և նոր կյանքի լուսավոր տեսիլքներով սկսելու ու հաղթահարելու այն բոլոր փորձություններն   ու դժվարությունները, որոնք պիտի փորձեն ընկճել մեր քրիստոնեավայել և աստվածահաճո կյանքը։ Աղոթքի ավարտին ներկաները հրավիրվեցին մասնակցելու Խաչատրյան ընտանիքի կողմից պատրաստված հյուրասիրությանը, որտեղ էլ առիթ ունեցան շնորհավորելու և իրենց բարեմաղթանքները հղելու Առաջնորդ Սրբազան Հորը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար օրեր և ամենայն բարիք բարձր և պատասխանատու առաջնորդական  առաքելության մեջ։  

  Հունվար 1-ի առավոտյան Սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Հավարտ Սուրբ և Անմահ պատարագի կատարվեց նաև Հայրապետական մաղթանք։ Նոր Տարվա սեմին Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ թեմի բազմաթիվ հոգևորականներ և ազնիվ ու նվիրյալ հավատացյալներ աղոթեցին հանուն Հայրապետական աթոռի անսասանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացման, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղության և անդորրության համար՝ անցնող տարիների դժվարությունները ու բարդությունները անցեալին թողնելու ակնկալիքով։

Ս. Ծննդեան Ճրագալոյցին՝ հունվարի 5-ի երեկոյան, հատուկ արարողությամբ վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, որպես աստվածային լույսի և եկեղեցու օրհնության սփռում, պատարագիչն էր Ս. Ղևոնդյանց եկեղեցու Հոգևոր հովիւվ Տ. Խաժակ Քահանա Շահբազյանը։ Հավատացյալները Ճրագալույցի արարողությունից հետո մոմերը տուն տանելով ավետեցին Քրիստոսի հրաշագործ ծնունդը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ։ Մեզ և Ձեզ մեծ աւետիս»։ 

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի Պատարագը Ս. Ղևոնդեանց Մայր Տաճարում մատուցեց Առաջնորդ Սրբազանը։ Հավատացյալ հայորդիների հետ մեկտեղ ներկա էին ՀՀ Գլխաւոր հյուպատոսի ներկայացուցիչ Նազելի Համբարձումյանը, Հայտնի գործարար Արա Աբրահամեանը, Թեմական խորհրդի ատենապետը և Արարատ տան Վարիչ Տնորեն Տիար Դերիկ Ղուկասյանը, Glendale Adventist հիվանդանոցի նախագահ Ալիս Իսային, Woodbury University-ի նախագահ դոկտոր Բերի Ռայնը, Կաթոլիկ Եկեղեցու Էկումենիկ հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Հայր Ալեքսեյ Սմիթը,  խաչքավորն էր դատավոր Մայքըլ  Ամերյանը, որոնց և նաև բոլոր ներկաներին իր մասնավոր գնահատանքն ու բարեմաղթանքները փոխանցեց Սրբազան Հայրը։ Այնուհետև օրվա պատգամը փոխանցեց նշելով․

«Ս. Ծննդեան տօնը մեր կեանքին մէջ հրաւերն է նոր կեանքին: Քրիստոնեային համար նորը պայմանաւորուած է Քրիստոսով եւ Քրիստոսի հետ ապրուած կեանքով: Քրիստոսի հետ հոգևոր ճանապարհորդութեամբ մեր կեանքի բոլոր օրերը պարտ ենք դարձնել նոր, որպէսզի մեր կեանքով դառնանք լոյսի ճառագայթ մը խաւարին մէջ խարխափող մարդկութեան համար:

 Արդարեւ, մարդկութիւնը ծարաւի է նոր կեանքի: Աշխարհը կորսնցուցած է իր խաղաղութիւնը և ազգեր պատերազմներու մէջ կը սպառեն աստուածատուր իրենց կեանքն ու շնորհները, որոնցմով կարելի է հրաշքներ գործել:

Ս. Ծնունդը այն մեծագոյն տօնն է մարդկութեան կեանքին մէջ, որ բոլորիս կը յիշեցնէ Աստուծոյ՝ մարդկութեան կեանքին մէջ ունեցած ներգործութեան մասին, որպէսզի մարդը խոնարհութեամբ անդրադարձ ունենայ եւ դառնայ շնորհընկալ Ս․ Կոյս Մարիամի նմանողութեամբ: Քրիստոսի Ս․ Ծնունդով մեզի կը յայտնուի Աստուծոյ շնորհքով եւ ողորմութեամբ մարդկութեան փրկութեան խորհուրդը խորին, որ մեծագոյն պարգեւ է:

Ս. Ծնունդին ընդառաջ հոգեւին պիտի նախապատրաստուինք աղօթքով, հոգևոր ընթերցումներով, բարեգործութիւններով, սգաւորներուն եւ հիւանդներուն խնամատարելով, կարօտեալներուն մեր ունեցածէն բաժին հանելով։ Ասիկա պէտք է ընենք խոնարհութեամբ, լուռ, առանց թբկահարումի, ոչ թէ մեր մնացորդացէն կամ աւելցուկէն, այլ՝ մեր իսկ բաժինէն, մենք զմեզ նեղի դնելով, որովհետեւ ինչպէս Մայր Թերեզան կ’ըսէ՝ «որպէսզի զոհաբերութիւնը իրական ըլլայ, գին մը պիտի վճարես անոր համար, պիտի ցաւիս, պիտի ինքնապարպուիս»։

Ս. Ծնունդը ընտանեկան տօն է։  Հետեւաբար, ընտանիքը պիտի համախմբուի աղօթքով, օրուայ եկեղեցական շարականի երգեցողութեամբ, Յիսուս Մանուկի ծննդեան մասին աւետարանի ընթերցովը, եւ մանաւանդ՝ միմեանց նկատմամբ սիրով ու համերաշխութեամբ: Մեզ անհրաժեշտ է առնել ամենապարզ քայլերը մեր զաւակներուն սորվեցնելու խաչակնքում, պարզ աղօթքներ, աւետարաններու սերտողութիւն և եկեղեցի յաճախելու բարի աւանդութիւն: Այսօրինակ քայլերը մեր միտքն ու Հոգին կը զարդարեն Աստուծոյ սիրովն ու իմաստութեամբ՝ տունը դարձնելով  եկեղեցի, օջախ սրբութեան: Եթէ այս քայլերը կեանքի չկոչենք, ապա աշխարհը կը խեղդէ բոլորս նիւթականացած բարքերով: Միշտ պիտի մտաբերենք պատկերը հրեշտակին ու Ս. Կոյս Մարիամի միջև կայացած հանդիպման, թէ ինչպէս Աստուածամայրն ընդունեց շնորհը Աստուծոյ կողմէ իրեն վստահուած: Հետևաբար, Ս. Ծնունդը այն մեծ տօնն է, որ մեր մէջ կ’արթնցնէ գիտակցութիւնը Աստուծոյ կողմէ մեզի տրուած շնորհներուն: Անիկա նաեւ հրաւէրք է մեր ազգի զաւակաց ապրելու քրիստոնէական հաւատքով:

Տկարացած ենք մեր հաւատքի մէջ․ հարկ է, որ մեր խօսքն ու գործը արտացոլէ Աստուծոյ սէրն ու Քրիստոսի Աւետարանին պատգամները:

Ս. Ծնունդի տօնախմբութիւնը կը դառնայ լիակատար, երբ մեր առջև որպէս մտատիպար ունենանք Աստուածամօր կերպարը իր խոնարհ ներկայութեամբ, եւ Ս․ Կոյսի պէս հոգևոր զուարթութեամբ դիմաւորենք Յիսուս Մանուկին ծնունդը մեր հոգիներէն ներս:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ.

Օրհնեա՜լ է յայտնությունը Քրիստոսի:

» ու Աստուծոյ լոյսի ակնկալիքը չլքեն մեզ ամենքիս ողջ տարուայ ընթացքում։

Քրիստոս ծնուեց և յայտնուեց: Օրհնեալ է Քրիստոսի յայտնութիւնը։

Դիւան Առաջնորդարանի

6 Յունուարի, 2023

Share