Այս շրջափակումը բնապահպանութեան հետ որեւէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրաւունքի մասին է-Ռ. Վարդանեան

Այս շրջափակումը բնապահպանութեան հետ որեւէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրաւունքի մասին է-Ռ. Վարդանեան

Ամերիկեան հեղինակաւոր The American Conservative պարբերականը հարցազրոյց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Յայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնեայ ժողովուրդը եւ առաջին ժամանակակից ցեղասպանութեան զոհերը, վերջին ամիսներին ենթարկւում են ագրեսիւ Ադրբեջանի աւելի ու աւելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նաւթի եւ գազի հարստութեամբ ոգեւորուած Բաքուի վարչակարգը շրջափակման մէջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպէս կոչուած Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակուել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարութիւնը սպառնացել է ռմբակոծել օգնութիւն մատակարարող ինքնաթիռները»:

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ (հարցազրոյց տեղի է ունեցել  յունուարի 6-ին):

Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսուել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխուե՞լ է։
Ռուբէն Վարդանեայն- Ցաւօք, ոչինչ չի փոխուել։ Մենք շարունակում ենք շրջափակման մէջ մնալ։ Մենք չունենք պարէն, դեղորայք եւ վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսուած՝ չկարողանալով միանալ ընտանիքի միւս անդամներին, այդ թւում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, եւ հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բաւականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, եւ իրավիճակն իսկապէս ծանր է:

Սոհրաբ Ահմարի — Ստացւում է՝ 120 000 հայեր շրջափակման մէջ են։
Ռուբէն Վարդանեան — Այդ թւում՝ 30 000 երեխաներ։

Սոհրաբ Ահմարի — Շրջափակումը սկսուել է որպէս ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:
Ռուբէն Վարդանեան — Այն սկսուել է որպէս ադրբեջանցի բնապահպան ակտիւիստների բողոքի ակցիայ, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթէ հետեւեք Ադրբեջանի պատմութեան անցած 10 տարիներին, Ադրբեջանում որեւէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշուի առնելով, թէ որքան մեծ է նաւթի եւ գազի արդիւնաբերութիւնը Ադրբեջանում: Յետաքրքիր է, որ նրանք հիմա յանկարծ սկսել են մտածել շրջակայ միջավայրի մասին եւ ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հէնց այստեղ:
Մենք ի սկզբանէ ասել ենք. «Մենք որեւէ խնդիր չենք տեսնում՝ կապուած միջազգային փորձագէտներ ուղարկելու հետ, որպէսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդիւնաբերութեան ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարութիւնն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդիւնաբերութեան համար։ Հետեւաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկայ, եկեք ոչ միայն ստուգենք, թէ ինչպէս ենք մենք հանքարդիւնահանում, այլ նաեւ եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդիւնաբերութեան որակը», քանի որ մէզ եւս հետաքրքրում է, թէ ինչպէս են մեր ադրբեջանցի հարեւանները վերաբերւում շրջակայ միջավայրին: Բայց նրանք հրաժարուել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ են, զինուորականներ… Միւսներին  վարձել է կառավարութիւնը եւ վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Սոհրաբ Ահմարի — Մի՞թէ Լաչինի միջանցքը չի վերահսկւում ռուս խաղաղապահների կողմից։ Ինչո՞ւ ռուսները չէն օգնում։

Ռուբէն Վարդանեան -Դէ, եթէ հետեւեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմութիւններ: Պատճառներից մէկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիւը շատ սահմանափակ է։ Նրանք իրաւունք չունեն օգտագործելու իրենց զէնքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որեւէ գործողութիւն ձեռնարկելու համար սահմանափակ հնարաւորութիւն ունեն…. Իսկ յաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։

Սոհրաբ Ահմարի — Ես մեր զրոյցը պէտք է սկսէի՝ շնորհաւորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպէս չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրայ։

Ռուբէն Վարդանեան — Մենք աշխարհի ամենահին քրիստոնեայ ազգերից մէկն ենք, եւ մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտութիւնը նշում է նոյն օրը՝ միշտ յունուարի 6-ին։
Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։  Ինչպէս շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդեան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլաւ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդեան օրը: Բայց մարդիկ լաւ տրամադրութիւն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարաւոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մօտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարւում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանութեան հետ որեւէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրաւունքի մասին է։ Եւ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:

Սոհրաբ Ահմարի — Կա՞ արդյօք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մօտ: Որքա՞ն ժամանակ դա կբաւականացնի։

Ռուբէն Վարդանեան — Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հաւաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լաւ միս եւ հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարէնն ունենք, սով չի սկսուել մէզ մօտ, սակայն ամէն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղէն։ Երեխաները նորմալ սնունդ չէն ստանում, թերսնւում են,  ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մէզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկէ, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակւում են….
Ադրբեջանցի «ակտիւիստները» թոյլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թէ տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն միւսների դէպքում նրանք ստուգում են անձնագրերը եւ հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանաւորուածութեան՝ ճանապարհը պէտք է լինի բաց եւ ազատ։ Սա անընդունելի է մէզ համար:

Սոհրաբ Ահմարի — Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երեւանի կառավարութիւնը։

Ռուբէն Վարդանեան — Հայաստանն ինքն էլ բախւում է մարտահրաւէրների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարութիւնն ու հայ հասարակութիւնը սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Սոհրաբ Ահմարի — Կարծէս՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրուած ճնշելու այնքան ժամանակ, մինչեւ որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպուած կը լինէն հեռանալ:

Ռուբէն Վարդանեան — Տեսեք, սա շարունակւում է արդէն 35 տարի: 1988 թուականին, երբ Խորհրդային Միութեան կազմում գտնուող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախութիւն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւնից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտուեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարաւոր տարիներ։ Կան  հինաւուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայութեան մասին, գիւղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնեակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։

Սոհրաբ Ահմարի —  Պատրա՞ստ եք արդյօք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբեւէ կը հեռանա՞ն այս հողից։

Ռուբէն Վարդանեան — Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահաւաք ունեցանք, 50 000-ից աւելի  մարդ էր հաւաքուել։ Միասնական որոշում կայացուեց․ չնայած բոլոր դժուարութիւններին ու մէզ համար ստեղծուած բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կը մնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրութեան առաջ. նրանք պէտք է սպանեն 120 000 մարդու, այդ թւում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամէնի համար, ոչ միայն սեփական զինուորների կեանքով, այլ նաեւ նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչեւէ, մենք մեր որոշումն արդէն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։
 

Սոհրաբ Ահմարի — Ադրբեջանի կառավարութիւնն ասում է հետեւեալը. «Ղարաբաղը մեր  մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եւ նրանք կարող են ապրել մէզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:

Ռուբէն Վարդանեան — Տեսեք, դուք ապրում եք Միացեալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետութիւնում ժողովրդավարութիւն չկայ: Այն աւտօրիտար պետութիւն է: Պարզապէս հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրաւունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրաւունք: Չկայ ոչ մի ընդդիմութիւն, չկան իրական ընտրութիւններ, ոչ մի իրական ժողովրդավարութիւն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպէս մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրաւունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երեւոյթ է, էլ չեմ խօսում ազգային փոքրամասնութիւնների մասին»:

Սոհրաբ Ահմարի — Երբ ես հոկտեմբերին Երեւանում էի, որոշ պաշտօնեաներ, որոնց հետ ես հարցազրոյց ունեցայ, ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցուած հակամարտութեան վերջնական կարգավիճակի շուրջ բանակցութիւնների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կէնթարկուէք եւ արդյօք պատկերացնում եք, թէ ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչութիւն։ Արդեօ՞ք կարող եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, յատկապէս նրանք, ովքեր, պէտք է նկատենք, կորցրել են իրենց տները եւ վտարուել են նախկին պատերազմների ժամանակ։
 

Ռուբէն Վարդանեան — Եթեդուք իսկապէս ցանկանում եք խաղաղութիւն հաստատել եւ ունենալ երկարաժամկէտ ռազմավարութիւն, որտեղ մենք կարող ենք հարեւանների պէս ապրել միմեանց հետ կողք-կողքի, նա [Ալիեւը] պէտք է փոխի իր մօտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պէտք է նստի եւ քննարկի… Երեսուն տարի առաջ նրանք պարտուեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտուեցին պատերազմում։ Եւ դա կարող է շարունակուել ընդմիշտ, իսկ ուժային հաւասարակշռութիւնը կարող է փոխուել, քանի որ ապագայում նաւթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտութիւնը կարող է յաւէրժ լինել….
Ադրբեջանի ղեկավարները պէտք է հասկանան՝ եթէ նրանք իսկապէս ցանկանում են խաղաղութիւն հաստատել տարածաշրջանում, նրանք պէտք է այնպիսի առաջարկութիւններ ներկայացնեն, որոնք ընդունելի կը լինէն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պէտք է ընդունեն, որ Արցախը եւ նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, եւ նրանք պարզապէս չէն դառնայ Ադրբեջանի սովորական քաղաքացիներ… Նրանք պէտք է ճանապարհ գտնէն դա ընդունելու համար։ Նրանք պէտք է այնքան իմաստուն լինէն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկայ հակամարտութիւնը յաղթահարելու, այլեւ հակամարտութիւնը յաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խօսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կը պահանջուի, եւ երկու կողմերից շատ կամք կը պահանջուի՝ միմեանց հետ խօսելու, ատելութիւնը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կը կարողանանք ապրել միմեանց հետ կողք-կողքի, ինչպէս դա տեղի է ունեցել Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ։ Եթէ չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:

Սոհրաբ Ահմարի — Բայց ներկայումս արդեօ՞ք նրանք փորձում են պարտադրել դա:

Ռուբէն Վարդանեան — Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չէն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանութիւնը միակողմանի օգտագործել: Քանի որ դա երկարաժամկէտ լուծում չէ:
 

Սոհրաբ Ահմարի — Ամերիկեան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատուածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամէտ նաւթի եւ գազի պատճառով, քանի որ Բաքուին նրանք համարում են գործիք Իրանի դէմ։ Դէ իսկ Ադրբեջանն իրեն, որպէս վստահելի դաշնակից, վաճառել է Արեւմուտքին։ Ամերիկացիները գուցէ չէն հասկանում, որ այս հաշուարկի հիման վրայ մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կը լինէն վնասել մէկ այլ բնիկ քրիստոնեայ համայնքի: Ինչո՞ւ պէտք է ամերիկացիները եւ յատկապէս ամերիկացի քրիստոնեաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:

Ռուբէն Վարդանեան — Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթեդուք, որպէս ամերիկացիներ, հոգում եք ժողովրդաւարութեան, մարդու իրաւունքների եւ ժողովուրդների սեփական տներում ապրելու իրաւունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառուել անհաւասարաչափ կամ չի կարելի թոյլ տալ, որ այն ճնշուի ռեալպոլիտիկով… Միացեալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մէկը, աշխարհում ժողովրդաւարութեան հիմնական մատակարարը եւ արեւմտեան քաղաքակրթութեան հանգոյցը, պէտք է հասկանայ, որ հայկական քաղաքակրթութիւնը հնագոյններից մէկն է այս տարածաշրջանում եւ աշխարհում: Մենք ապրել ենք եւ ժառանգութիւն ենք ստեղծել աշխարհի համար: Եւ եթէ թոյլ տան մէզ ենթարկուել էթնիկ զտումների, դա կը վնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլեւ աշխարհին, յատկապէս՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթութիւնն է, եւ նա է ձեւաւորել քրիստոնէութիւնը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, յատկապէս՝ քրիստոնեաներ, սա մի երեւոյթ է, որը, գուցէ, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանայ, եթէ հայերը կորցնեն իրենց հայրենիքը:

Սոհրաբ Ահմարի — Շնորհակալութիւն, ուրախ Սուրբ Ծնունդ:
Ռուբէն Վարդանեան — Շնորհաւոր Սուրբ Ծնունդ։

Share