Քամելեոնների ազգ

Քամելեոնների ազգ

Պատրիկ Ազատեան

Յետաքրքրական է եթէ Փարիզում, Հռոմում կամ Մադրիդի հրապարակներում էլ Սինատրայի եւ Էլուիսի տօնական ջինգերն են հնչում:

Ի՞նչն է, որ Հայ մշակոյթը աւելի մօտ է դարձնում ԱՄՆ-ին՝ համեմատած այս եւրոպական երկրներին։ Պետք է՞ անպայման կապկել Դիսնեյլենդը այս տօնական օրերին: Արդեօ՞ք մենք կարծում ենք, որ սա լաւ «բիզնես» է, թե՞ պարզապէս սիրում ենք կապկել եւ յարմարուել օտարերկրացիներին:

Իսկապե՞ս կարծում ենք, որ ռուս, ամերիկացի կամ սփիւռքահայ զբօսաշրջիկը Հայաստան է գալիս Սինատրային ու Էլուիսին լսելու։

Տարիներ առաջ UCLA-ում հայ գրականութեան դասընթացքի էի մասնակցում: Երբ մենք դասարանում էինք, բոլորս հայերէն էինք խօսում, հպարտ էինք որ հայ ենք: Մի օր մեր դասախօսը դասարանը փոխադրեց դրսի ազատ մի տարածք, ուր բնականաբար նաեւ կային շատ այլազգիներ: Նա ցանկանում էր տեսնել եթէ մենք նոյնքան հայ էինք ոչ հայ միջավայրում: Չեմ յիշում, թէ նա ինչ եզրակացրեց, բայց կարծում եմ, որ մենք յաճախ ենք տառապում թերարժէքութեան(ստորակայութեան) բարդոյթով (inferiority complex), երբ ներկայ են ոչ հայեր։

Եւ որքան շատանում են ոչ հայերը Հայաստանում, մենք կարծես թէ ցանկանում ենք նոյնչափ փոխուել ու համակերպուել նրանց: Աւանդապաշտութիւն եւ ծայրահեղութիւններ քարոզելու նպատակ չունեմ: Հայաստանեան ուշ եկած ու նոր զարգացած լիբերալներից աւելի լիբերալ եմ, Էլուիսն ու Սինատրան էլ իրնց տեղն ունեն տօնական օրերին, բայց Երեւանի փողոցներով քայլելիս հաճելի կը լինի ինձ զգամ Հայաստանում, այլ ոչ թէ Starbucks-ում:

Նոյնիսկ Ֆրանսիայի նման մի հզօր երկիր, մշակոյթի եւ լեզուի պահպանման խնդիր ունի. նրանք քայլեր են ձեռնարկում իրենց մշակոյթն ու լեզուն ​​պահպանելու եւ զարգացնելու համար։ Մենք շարժւում ենք հակառակ ուղղութեամբ։

Օտարները գնահատում են մեր մշակոյթը։ Նրանք այստեղ չէն եկել, որպէսզի համտեսէն իրենց մշակոյթի այլանդակուած տարբերակը: Իսկ հայ երեխաները ամէն երաժշտութեան հետ երգելու եւ պարելու ընդունակութիւն ունեն: Նրանց տուր Էլուիս, նրանք Էլուիս են երգելու։ Տուր նրանց հայկական երաժշտութիւն, նրանք կերգէն ու կպարէն հայկականը։ Պետք է սիրել ու գնահատել հայ լինել նոյնիսկ ոչ հայերի ներկայութեամբ։

1Vahe Shahinian2 commentsLikeComment

Share