Պ.գ.թ., թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է.
«Հայաստանում եւ հայկական աշխարհում հայ պարտուողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դէ-ֆակտոյ թուրքամէտ իշխանութիւնները, մշտապէս, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից յետոյ առաւել մեծ ծաւալներով ու հետեւողականութեամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզօր պետութիւն է եւ անյաղթելի», հետեւաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները եւ այդժամ կ’ունենանք հանգիստ կեանք»։
Այս պնդումը ոչ միայն սխալ է այն պատճառով, որ հակասում է քաղաքական ու աշխարհքաղաքական պարզագոյն իրողութիւններին (այն, որ պետութիւնները զիջելով ոչ թէ յաղթում են, այլ աստիճանաբար փոքրանում ու վերանում, անհերքելի է), այլ նաեւ այն պարզ պատճառով, որ Թուրքիան թէեւ իսկապէս կայացած ու մեծ հնարաւորութիւններ ունեցող պետութիւն է, բայց ամենեւին էլ ամենազօր չէ։ Եւ դրան դիմադրելու, աւելին՝ դրա հանդէպ պարբերաբար յաղթանակներ գրանցելու համար էլ կան հնարաւորութիւններ։
Դիմադրութեան ցանկացած դրսեւորում կամ դրա տեսական հնարաւորութիւն մեր թշնամի Թուրքիայի կողմից արդէն իսկ դիտարկւում է խնդիր, քանի որ գրագէտ դիմադրութիւնը միանգամից կոտրում է վերջինիս ամենազօրութեան պատրանքը։ Վառ վկայութիւնը 2020-ից յետոյ Հայաստանում բողոքի նոյնիսկ փոքրաթիւ ակցիաների հանդէմ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան նեարդային արձագանքը։
Թուրքիան եւ դրա «դուստր» Ադրբեջանին յաջող դիմադրելու համար անհրաժեշտ են սակայն կամք եւ քաղաքական գրագիտութիւն, տարածաշրջանի իրողութիւնների սթափ իմացութիւն եւ հմուտ քաղաքականութիւն վարելու ունակ կադրեր։ Այս յատկանիշներին տիրապետող մարդիկ կան Հայաստանում եւ Սփիւռքում, բայց չկան իշխանութեան մէջ։ Ուրեմն մէզ մնում է միայն մէկ բան. այս «ամենազօրութեան» պատրանքը համազգային ուժերով անհրաժեշտ է կոտրենք եւ մեր կարող լինելու հնարաւորութիւնը ձեւակերպենք նոր՝ ազգային իշխանութեան մէջ։ Սա յաջողութիւնների շղթան սկսելու միակ բանալին է»։
Աղբիւր` Panorama.am