Փոփոխութիւններ Արցախի ղեկավարութիւնում

Փոփոխութիւններ Արցախի ղեկավարութիւնում

Արցախի ղեկավարութիւնում լուրջ փոփոխութիւններ են սկսուել: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը:

«Արցախի ղեկավարութիւնում սկսել են լուրջ փոփոխութիւններ։ Հրաժարական տուեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանութեան համախմբում։ Եւ կառավարութեանը զուգահեռ անվտանգութեան խորհրդի ձեւաչափը դադարել է իրեն արդարացնել։

Դրանով հանդերձ, բոլորը, իհարկէ, մեծ յարգանով են վերաբերւում Վիտալի Միքայէլովիչի վաստակին»,- գրել է նա։

Այս մասին նաև տեղեկացնում են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:

Համաձայն նախագահի հրամանագրերի՝ Վիտալի Բալասանեանն ազատուել է ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից։ ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար է նշանակուել Արարատ Մելքումեանը։ Երկրի ղեկավարի նոյն օրուայ մէկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումեանն ազատուել է ԱՀ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրենի առաջին տեղակալի պաշտօնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցութեամբ։

Մելքումեանը որպէս սպայ ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչեւ գնդապետի կոչման։ 2016 թուականին N զօրամասի հրամանատարի` մարտական պատրաստութեան գծով տեղակալ Արարատ Մելքումեանի գլխաւորած ջոկատը կասեցրել է նախայարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրաւորուել է։ Պարգեւատրուել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 44-օրեայ պատերազմի ժամանակ զբաղուել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայութիւնների համար 2020 թուականի նոյեմբերի 22-ին գեներալ-մայոր Մելքումեանին շնորհուել է Արցախի հերոսի բարձրագոյն կոչում:

Share