Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ որոշ լրատուական կայքերում տեղեկութիւններ էին տարածւում, թէ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմաւորել։
Տարածուող լուրերը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց Իշխան Սաղաթելեանի հետ։
— Ճի՞շտ են տեղեկութիւնները, որ ընտանիքով մեկնել եք արտէրկիր՝ Ամանորը նշելու։
— Երեք տարի ընտանիքիս հետ նոյնիսկ երեք լիարժէք կիրակի չեմ անցկացրել, ի՞նչ եք կարծում, այս օրերին Ամանոր նշելու համար դուրս կգնայի։
— Բայց մամուլը գրեց…
— Մամուլը չէ, ֆեյքերի ՊՈԱԿ-ը։ Ընդամէնը մի լուսանկար օդանաւակայանի տեսախցիկներից եւ կազմակերպուած հակաքարոզչութիւն։ Իրականում ես շատ կարճ ժամանակով բացակայել եմ երկրից: Ունէի նախօրօք պլանաւորած կարեւոր հանդիպում եւ քանի որ այցելութիւնը չուներ պաշտօնական բնոյթ ու որեւէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։
Կրկնում եմ՝ բացակայութեանս նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցէ մի օր կպատմեմ, թէ որն էր կարճատեւ բացակայութեանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչէն իրենց պահուածքի համար։
Այսքանը, թեման փակուած է։
— Պարոն Սաղաթելեան, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում ստեղծուած վիճակին։ Առաջիկայում ինչ-որ գործողութիւններ նախատեսու՞մ եք։
— Այո, նախատեսում ենք։ Բայց թոյլ տուէք դրա մասին քիչ աւելի ուշ խօսել։
Նարէ Գնունի