Միլիոնաւոր անտարբեր հայեացքների ներքոյ 120 հազար արցախցիներ արդէն 20 օր է դիմադրում ու մաքառում են

Միլիոնաւոր անտարբեր հայեացքների ներքոյ 120 հազար արցախցիներ արդէն 20 օր է դիմադրում ու մաքառում են

Իրաւաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարգարեանն իր ֆեյսբուքեան էջում գրում է.

Որքան յիշում եմ առաջին նոր տարին է, որ լաւ չեմ:

Աւելի ճիշտ վատ եմ ու շա՜տ վատ:

Նոյնիսկ 44-օրեայ պատերազմից յետոյ` 2021 թուականի ամանորին, այսքան վատ չէի զգում:

Պարզ չի թէ ինչո՞ւ:

Երկու տարի առաջ այս օրերին ոչ մի սրբութիւն չունեցող անհայրենիք դաւաճանը, նրա թիւլեքն ու ուսապարկերը մկան ծակ էին որոնում ու ինքը` մարդամէկը, մի քանի շերտ թիկնապահներով էր հանրութեան աչքին երեւում ու փողոց դուրս գալու դէպքում էլ հրապարակային «սիւնեաց ողջոյններնէ անպակաս էին:

Բացառութեամբ մի քանիսի, գլխաւոր հեռուստաընկերութիւնները բօյկօտել էին ու չէին հեռարձակելու Բտ-ի ամանորեայ ուղերձը:

Ժողովրդի մօտ միմեանց ցաւակցելու ու վիշտը կիսելու դեռ մի փոքր, նուազ զգացմունք գոյութիւն ունէր:

Ու ամենակարեւորը` որքան էլ որ վիրաւոր ու արիւնաքամ արծուաբոյն Արցախը ոտքի կանգնելու փորձ էր անում: Պատերազմից յետոյ մեզ մնացածը փրկելու ու պահելու յոյսերը դեռ վառ էին:

Իսկ այսօր` 2022 թուականի դեկտեմբերի 31-ի՞ն:

Գերագոյն գլխաւոր Բտ-ն ու ուսապարկերը ղժժում են բոլորիս վրայ ու հայրենիքն առաջինը թշնամուն վաճառելու համար միմեանց հերթ չեն տալիս:

Արցախի ժողովրդի դատարկ սեղանների ֆօնին մեզ մօտ խրախճանք է: Մի տեսակ խրախճանք ժանտախտի պահին:

Իրենց հայ կոչող միլիոնաւոր «հայերիէ անտարբեր հայեացքների ներքոյ 120 հազար արցախցիներ յանուն արժանավայել ազատ ու անկախ կեանքի արդէն 20 օր է ինչ դիմադրում ու մաքառում են:

Իսկ գիշերուայ ժամը 12-ին երբ սլաքները կը յուշեն 2023 թուականի մուտքը, 120 հազար արցախցիների ցաւի ու տառապանքի ֆօնին Երեւանի երկնքում պայթող ամէն մի սալիւտով, իսկ հրապարակում, սրահներում ու կաֆեներում ականջ խլացնող ուրախութեան ու հրճուանքի ամէն մի ճչով մի մեխ է ամրացուելու «հայ ժողովուրդէ հասկացութեան դագաղին:

Վատ եմ: Շա՜տ վատ:

Ու ոչ մի Ամանորին այսքան վատ չեմ եղել:

Share