Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տուել իտալական հեղինակաւոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծուած իրավիճակը: Այս մասին յայտնում են Արցախի պետնախարարի գրասենեակից:
Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայութիւնը մտադիր չէ յանձնուել եւ շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրաւունքը:
«Մենք ամբողջովին կտրուած ենք արտաքին աշխարհից եւ արդէն բազմաթիւ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ կարեւոր է դառնում օդային կամուրջի անհրաժեշտութիւնը»,- ասել է Վարդանեանը՝ ընդգծելով, որ Արցախի շրջափակման խնդիրը քննարկուել է ՄԱԿ Անվտանգութեան խորհրդում եւ ՄԻԵԴ-ում եւ միջազգային ընդհանուր գնահատականով իրավիճակն անընդունելի է համարուել:
Խօսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է. «Նրանք ամենեւին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչներ են: Կարեւորելով բնապահպանական խնդիրները՝ մենք առաջարկել ենք Ադրբեջանին միջազգային յանձնաժողով ձեւաւորել եւ ստուգել, թէ արդեօք կայ շրջակայ միջավայրին հասցուած վնաս, որի մասին հաղորդւում է: Բայց նրանք չեն համաձայնուել։ Այն, ինչ տեղի է ունենում, մանրակրկիտ ծրագրուած է: Ադրբեջանցիների մտադրութիւնը քաղաքական է, ոչ թէ բնապահպանական. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրայ, որպէսզի վերջիններս լքեն իրենց հողը»:
Արձագանգելով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին հարցին՝ Վարդանեանը նշել է. «Հայերն ու ադրբեջանցիները տարբեր ազգեր են, տարբեր մշակոյթ, տարբեր արժէքներ ունեն, բայց պէտք է ելք գտնեն ապրելու որպէս հարեւաններ նոյն տարածաշրջանում, առանց պատերազմելու միմեանց դէմ: Խաղաղութեան համաձայնագիր ձեռքբերելը դժուար է, բայց հնարաւոր: Կարեւոր է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը: Վստահ եմ՝ եթէ սկսենք այս կէտից, լուծումը կը գտնուի»:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրեն թիրախաւորելու մասին հարցին՝ Ռուբէն Վարդանեանն ասել է, որ. «Ադրբեջանը դա անում է, որովհետեւ ես կարող եմ Արցախի ժողովրդի ձայնն աւելի լսելի դարձնել, եւ սա խնդիր է Բաքուի համար: Մեր կառավարութիւնը փորձառու առաջնորդների կարիք ունի, Արցախը պէտք է աւելի բաց եւ մրցակցային դառնայ: Ես վստահ եմ, որ իմ հմտութիւնները կարող եմ ծառայեցնել իմ ազգին, եւ հէնց սա է Ադրբեջանի թիրախաւորման պատճառը»,- ամփոփել է Վարդանեանը: