Մեր եռագոյնը կրկին կը ծածանուի Շուշիում եւ բռնազաւթուած միւս տարածքներում

Մեր եռագոյնը կրկին կը ծածանուի Շուշիում եւ բռնազաւթուած միւս տարածքներում

Այսօր` դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել համաժողովրդական հանրահաւաք: Արցախցիները պահանջել են, որ ադրբեջանցի այսպէս կոչուած բնապահպանները բացէն արդէն 2 շաբաթ լիակատար շրջափակման մէջ գտնուող Արցախի «կեանքի ճանապարհը»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարաւոր արցախցիներ են հաւաքուել: Հանրահաւաքին մասնակցել են նաեւ Արցախի նախկին նախագահ Բակոյ Սահակեանը եւ այլ գործիչներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չաւուշեանն իր ելոյթում ասաց.

«Ես Անդրանիկ Չաւուշեանն եմ, ծնուել եմ Սիրիայում՝ Ղամիշլի քաղաքում, նախնիներս ծագումով Արեւմտեան Հայաստանից են՝ Սասունից։ Այնուհետեւ տեղափոխուել ենք Լիբանան, այնտեղից՝ Արցախ՝ մշտական բնակութիւն հաստատելու։ Աղաւնոյ համայնքի համայնքապետն էի, Աղաւնոն Արցախի դարպասն էր, պարիսպը։ Մեր իշխանութիւնների զիջողական դիրքի, սխալ քաղաքականութեան հետեւանքով ունեցանք այս ժամանակաւոր կորուստը։ Չեմ ուզում առանձնացնել Աղաւնոն, բայց այն սիմուոլ էր։ Ուզում եմ այլեւս չունենանք ոչ մի զիջողական պահուածք։

Սփիւռքի մեր հայրենակիցները միշտ կապի մէջ են՝ վերանորոգելու ուխտը, որ մենակ չենք, իրենք մեր կողքին են։ Բայց դա միայն խօսքով չենք ուզում լինի, այլ նաեւ գործով։ Հաւատում ենք, որ գալիք օրերին տեսնելու ենք այդ ամէնը։

Հայաստանում, Սփիւռքում, Արցախում շատ ազնիւ հաեորդիներ ունենք։ Հաւատում եմ, որ կրկին մեր եռագոյնը կծածանուի Շուշիում եւ բռնազաւթուած միւս տարածքներում։ Մենք յաղթելու ենք մեր համախմբուածութեամբ։ Մեր ճակատագիրը մէկն է, մեր փրկութիւնը մեր միասնականութեան մէջ է, եւ յաղթելու ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին»:

Share