Լուսինէ Սահակեան
Բանասիրական գիտ. թեկնածու
Երբ տարիներ ի վեր զբաղւում էի Համշենի գաւառի պատմութեամբ, չէի կարող երեւակայել, որ երբեւէ ԱՄՆ-ում կը հանդիպեմ համշէնահայերի։
2020, 2021 թթ. երբ գիտահետազօտական աշխատանքներ կատարելու նպատակով գործուղման էի Լոս Աջելեսում, ինձ համար մեծ անակնկալ էր, երբ իմացայ, որ դեռեւս 1940-ական թ. վերջին եւ 1950-ական թ. սկզբին Կալիֆորնիայի Մոնթեբելլոյ քաղաքում հաստատուել են նաեւ համշէնահայ ընտանքներ, որոնցից իւրաքանչիւրն ունի իր նախնիների պատմութիւնն ու իր կեանքի ոդիսականը։
Եւ ահա խմբագիր եւ հրապարակախօս յարգարժան Վաչէ Բրուտեանի միջոցով ինձ բախտ վիճակուեց Մոնթեբելլոյում ծանօթանալ մեծ հայ եւ հայրենասէր Վարդան Ֆընդըքեանի եւ նրա հրաշալի ընտանիքի` եգիպտահայ տիկնոջ Սոնայի, դստրերի` Ալիսի եւ Կատարինի, որդու` Արամի, փեսայի` Վիգէն Անմահունու հետ։ Այս հանդիպմանը գնում էի մեծ ոգեւորութեամբ, սրտի թրթիռով, վստահ լինելով, որ բացայայտելու եմ նոր փաստէր, որոնք լրացնելու են Համշէն աշխարհի պատմութեան էջերը։
Ֆընդըքեանների Մոնթեբելլոյի առանձնատանը ես հանդիպեցի լուսաւոր ու պայծառ մարդկանց։ Անբացատրելի պատկառանքի զգացում ապրեցի, երբ մօտեցայ բարեւելու 92-ամեայ հաւատաւոր դաշնակցական եւ ազգային գործիչ, մասնագիտութեամբ տիեզերնաւերի ինժիներ Վարդան ֆընդըքեանին։ Սպասուածից էլ աւելի մեծ անակնկալ էր, երբ նա սկսեց պատմել իր նախնիների պատմութիւնը։
Պրն. Վարդանի հայրը` երեւելի Ներսես Ֆընդըքեանը, ծնունդով Տրապիզոնի Գրոբի գիւղից էր։ Տրապիզոնի դպրոցներում նա թուրքերենի ուսուցիչ է եղել եւ հայերենի փայլուն գիտակ։ Հայոց ցեղասպանութեան տարիներին կորցնելով մօրը, կնոջն ու երկու աղջիկներին` Ներսեսը 1921-1922 թթ. տեղափոխւում է Հայաստան, ապա՝ Ղրիմ եւ այնտեղ կազմում նոր ընտանիք։ Պրն. Վարդանը յուզմունքով էր յիշում իր հոր պատմութիւնը. «Հայրս Տրապիզնում ամուսնացած էր, ունէր երկու աղջիկ, եւ ինքը զինուոր էր։ Ամէն անգամ կըսէր. «Մեզի՝ զինուորներիս բանուոր կը տանէին, բայց այս բանուորները չէին վերադառնար, եւ ես որոշեցի փախչել եւ փախուստ տուի բանակից, մի կերպ հասայ տուն, որ արդէն ամէն ինչ աւրուած էր՝ կինս, երեխաներս, մայրս, քոյրս սպանուած էին, որոնց ես երբեք չտեսայ։ Եւ ես, մօտակայ անտառներու մէջ պահուելով, կարողացայ կեանքս փրկել, մինչեւ որ փոխադրուեցայ Հայաստան եւ այնտեղից եկայ Ղրիմ»։
Ղրիմի Նովայայ Բուրուլչայ (Новая Бурульча) գիւղում ծնւում են Ներսեսի դուստրերը՝ Անահիտն ու Արաքսին, եւ Վարդան։ 1937 թ. Ներսեսն ու իր եղբայր Հայկը խորհրդային իշխանութիւնների կողմից ենթարկւում են քաղաքական հետապնդումների։ Հայկը սպանւում է, իսկ Ներսեսը կարողանում է մի կերպ ազատուել։ Ինչպէս պատմեց պրն. Վարդանը. «Մեր շրջանը՝ Ղրիմը, կարելի է ըսել, որ ընդհանրապէս, թաթարաբնակ էր, կային շատ հայեր։ Կային նաեւ ռուսներ։ Բայց պատերազմի ընթացքին այդ շրջանը գրաւուեցաւ ռումանացիներու կողմէ, եւ անշուշտ, գերմանացիներն ալ աւելի փոքր մասնակցութեամբ եկան եւ տիրացան»։ Այդ օրերին Միսաք Թոռլաքեանը, որպէս ռումանացի զինուոր, գալով Ղրիմ այցելում է իրենց գիւղի տունը. «Միսաքին ով ըլլալը, ինչ ըլլալը ես չգիտէի, բայց այսօր, որ կանդրադառնամ, կը հասկնամ, թէ ինչ էր եւ ինչու եկած էր, եւ ուրեմն դրանից յետոյ, երբ որ գերմանացիներու նահանջը սկսաւ, եւ հայրս, անշուշտ, չէր կարող հանգիստ մնալ»։ Շարունակելով իր կեանքի պատմութիւնը պրն. Վարդանը աւելացրեց նաեւ, որ գերմանացիները գրաւում են Ղրիմը, տեղի թաթարներն անմիջապէս զինուորագրւում են գերմանական բանակին։ Բայց քանի որ Հիտլերը որեւէ մէկին չէր վստահում, նրանց միայն գերմանական զինուորի հագուստ է տալիս, բայց երբեք զէնք չտուեցին։ Ուրեմն սրանք զէնք չունէին, չնայած որ գերմանական զինուոր էին։
Ստալինն ամբողջ Ղրիմը վերագրաւելուց յետոյ տեղի ողջ ժողովրդին, բացի ռուսներից, աքսորում է Սիբիրի կողմերը։ Ֆընդըքեանների ազգակաները եւս աքսորուեցին, այժմ նրանց սերունդներն ապրում են Կրասնոդարի երկրամասի Անապայ քաղաքում եւ Ռոստւում։ Թուրքերին կամ թաթարներին արգելեց վերադառնալ Ղրիմ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1942 թ. Ղրիմից Ներսես Ֆընդըքեանը, եւս խուսափելով ստալինեան հետապնդումներից, շրջակայ վայրերից եւ այլ քաղաքներից (Կերչ, Օդեսայ, Կրասնորդար, Ադլեր, Կիեւ) շատ հայ ընտանքիների նման ստիպուած իր ընտանքով տարագրւում է Գերմանիայ՝ իբրեւ բանուոր։ Նշէնք, որ Ղրիմում հաստատուած այդ հայերի մի մասը Հայոց ցեղասպանութեան տարիներին գաղթել էր Արեւմտեան Հայաստանի տարբեր նահանգներից, այդ թւում՝ Տրապիզոնից։ Հատկապէս Արեւմտեան Հայաստանից բռնագաղթուած հայերից շատերին ստալինեան վարչակարգը հալածելով աքսորում կամ սպանում էր։
Պրն. Վարդանը պատմեց, երբ գերմանացիները սկսում են նահանջել, «Գերմանիայ ապրել ենք Հիտլերի ժամանակ, մի քանի ամիս գիւղերում, մի քանի ամիս Ռոտուայլ ասուած շրջանը, որ քաղաք էր, այդ ժամանակ, ֆաբրիկային մէջ կ’աշխատեինք։ Եւ, ուրեմն, պատերազմը, երբ որ վերջացաւ, մենք այդ շրջաններն էինք՝ ֆրանսական ենթակայութեան տակ։ Սուէտները պահանջեցին, որ իրենց հպատակները, որ տարուած էին Գերմանիայ, իբրեւ բանուորներ, անպատճառ վերադառնան՝ համաձայն Յալթայի որոշումի։ Եւ, անշուշտ, մենք, որ ֆրանսիական գօտիի մէջ էինք, ֆրանսացիները՝ առանց մէկ այլեւայլի ռուսներին ազատ ասպարէզ էին տուել, որ ինչպէս կուզեք ձեր հպատակների հետ, այնպէս էլ վարուեցեք, այսինքն՝ եթէ ռուսները ուզեին ինձի բռնի կերպով տանել Ռուսաստան, ֆրանսացիները ոչ մէկ առարկութիւն չունէին։ Բայց լուր հասաւ, որ ամերիկեան գօտիի մէջ նման բռնութիւններ չկան։ Եթէ որեւէ մէկը չուզեր կամաւոր վերադառնալ, բռնի միջոցներով չէին վերադարձնի։ Այնպէս որ, մենք միջոցը գտանք՝ գիշերները ճամփորդելով, այսինքն՝ սայլակը քաշելով, որ մեր չամադանները տանենք, փախանք եւ ֆրանսիական գօտիէն կարողացանք անցնել ամերիկեան գօտի։ Կարճ ժամանակին մէջ հայերը խմբուեցան ամերիկեան գօտիի մէջ՝ Շտուտգարտ կոչուած քաղաքի արովարձանների մօտ։ Մեզ տրամադրուեցաւ նախկին գերմանական զինուորական խարիսխներից մէկը, որը դարձաւ մեր, այսպէս կոչուած, տարագիր ժողովրդի կենտրոնը, բայց միայն հայերի համար։ Այդ camp-ը կամ հայերէն ճամբարը, որ կըսենք, այնտեղ միայն հայեր էին։ Կարծեմ շուրջ 3000 հայեր կային»։
Նշէնք, որ տարագիր այս հայերը չէն վերադառնում Խորհրդային Միութիւն, քանի որ վախենում էին, թէ խորհրդային իշխանութիւնները կը սպանեն կամ Սիբիր կաքսօրէն նրանց։ Յատկապէս խորհրդային անվտանգութեան մարմիններն ամէնուր ձեռնարկում են «հայրենիքի դաւաճանների որսը» եւ նրանց բռնի ԽՍՀՄ տեղափոխումը, սակայն չէն կարողանում իրականացնել այդ ծրագիրը։ Որոշ ժամանակ անց դադարում են այդ հետապնդումները։
Այսպիսով, պատերազմից յետոյ շուրջ 3000 հայ տարագիրներ Եւրոպայի տարբեր քաղաքներից հաստատւում են Գերմանիայում՝ գաղթական այդ հայերի համար առանձնացուած եւ ամերիկեան վերահսկողութեան ներքոյ գտնուող Շտուտգարդ քաղաքի մօտ գտնուող Ֆունկերկազերն կոչուող զօրամասի յատուկ ճամբարում եւ քաղաքի արովարձաններում՝ իրենց միջոցներով վարձակալած բնակարաններում։ Այնտեղ են մնում 1945 թ.-ից մինչեւ 1949 թ.։
Վարդան Ֆընդըքեանը մէզ մանրամասն պատմեց Շտուտգարդում հայ տարագիրների եւ նաեւ իր ընտանիքի ճամբարային կեանքը։ 1945 թ. ճամբարը լցուեց հայութեամբ։ Այնտեղ ապրողների մեծամասնութիւնն ընտանիքներ էին. կային մանուկներ, պատանիներ, մեծահասակներ։
Ճամբարային կեանքն ազգային հիմքերով կապմակերպելու գործում մեծ ջանքեր են գործադրում Արսէն Թափալցեանը, Դրաստամատ Կանայանը, Վահան Փափազեանը, Միսաք Թորլաքեանը եւ ուրիշներ։ Նրանք հիմնում են վարչութիւն, որի շնորհիւ հայ տարագիրները կարողանում են ինքնակազմակերպուել, մանուկների եւ պատանիների համար հիմնել սկաուտական կազմակերպութիւն, մշակութային ու մարզական խմբակներ, անգամ հրապարակել «Տարագիր» եւ «Բանբեր» շաբաթաթերթը։ Նվիրատուների միջոցով ճամբարում կառուցւում է գործարան՝ հագուստ կարելու համար։
Ինչպէս բնութագրեց պրն. Վարդանը, այդ ճամբարը կարծես «անկախ պետութիւն էր». ունէր իր ոստիկանութիւնը, դատարանը, հայկական դպրոցը։ Հայերէնի ուսուցիչն էր Արտաշէս Աբեղեանը՝ յայտնի լեզուաբան Մանուկ Աբեղեանի եղբայրը։ Վերջինս ապրում էր Բեռլինում։ Իմանալով հայկական այս ճամբարի մասին՝ գալիս է այնտեղ հայերէն դասաւանդելու։ Այս տարագիր հայերի մէջ կային ուսուցիչներ, երաժիշտներ, բանաստեղծ ու արուեստագէտներ, գիւղատնտեսներ, առեւտրականներ ու արհեստաւորներ։ Նրանց մեծ մասն առաքելական եկեղեցու հետեւորդներ էին։ Ճամբարում էր ապրում նաեւ Վիեննայի Մխիթարեան միաբանութիւնից եկած հոգեւորական, որը մխիթարում եւ ոգեւորում էր հայ տարագիրներին։
Տարագիր այս հայերի համար ճակատագրական է դառնում 1946 թ. հանդիպումը ԱՄՆ-ից Գերմանիա այցելած յայտնի ռետորանատէր, ազգասէր ու ամերիկեան քաղաքական եւ զինուորական շրջանակներում հեղինակութիւն վայելող Ջորջ Մարտիկեանի հետ։ ԱՄՆ կառավարութիւնը նրան ուղարկել էր՝ ստուգելու Եւրոպայում գտնուող ամերիկեան զինուորների սննդի վիճակը։ Ինչպէս գրում է Մարտիկեանն իր «Երգն Ամերիկայի» գրքում, այնտեղ պատահաբար տեղեկանում է հայկական այդ ճամբարի մասին։
Ջորջ Մարտիկեանն այդ հանդիպման մասին նկարագրում է իր գրքում։ Սան-ֆրանսիսկոցի գնդապետ Տինից տեղեկանալով հայկական այդ ճամբարի մասին՝ նա մեծ ցնցում է ապրում։ Տինը նրան յայտնում է, որ այդ հայերը նացիստների կողմից գերեվարուելով բռնի աշխատանքի են դատապարտուած (տե՛ս Ջորջ Մարտիկեան, Երգն Ամերիկայի, Պէյրուրթ, 1975, էջ 331)։
Այցելելով նրանց՝ Մարտկեանը մեծ յուզմունք է ապրում եւ յիշատակելով հայ տարագիրների հետ իր հանդիպումը՝ գրում է. «Երբ հալումաշ տարագիրներու դէմքերը դարձան ինծի, ես կարդացի անոնց վրայ մեր հայ ժողովրդի չորս հազար տարուան պատմութիւնը։ Տեսայ դարերու հալածանքն ու տառապանքը։ Տեսայ մեր ժողովուրդի դարերու ըղձանքն ու պայքարը ազատութեան համար։ Տեսայ սարսափ, հիասթափութիւն եւ դառնութիւն։ Այսուհանդերձ նոյն ատեն հրաշքով մը այնքան հրաշալի, որքան կեանք իսկ է, տեսայ նաեւ ճառագայթ մը յուսոյ» (Ջորջ Մարտիկեան, էջ 332)։ Մարտիկեանը նրանց խոստանում, որ կ’անի հնարաւորն ու անհնարինը ամերիկահայութեան օգնութիւնն ու նպաստը բերելու իր հայրենակիցներին, որպէսզի նրանք կրկին կարողանան վերաշինել իրենց օջախները (Ջորջ Մարտիկեան, էջ 333)։ Եւ իսկապէս, 1947 թ. վերադառնալով ԱՄՆ՝ Սան Ֆրանցիսկոյում Մարտիկեանն իր նախագահութեամբ հիմնում է “American National Committee to Aid Homeless Armenians” («Հայրենազուրկ հայերի օգնութեան ամերիկեան ազգային կոմիտէն») կրճատ «ԱՆՉԱ» (“ANCHA”) կազմակերպութիւնը։ Ձեռք բերելով ՀՕՄ-ի եւ ՀՅԴ-ի աջակցութիւնը՝ յամառ աշխատանքներից յետոյ ԱՆՉԱՅԻՆ յաջողւում է 1948 թ. աշնանը կազմակերպել ճամբարի առաջին խմբի տեղափոխումը ԱՄՆ՝ «Տեղահանուած անձինք» (“Displaced Persons”) կարգավիճակով։ Այդ գործընթացը շարունակւում է մինչեւ 1951 թ.։ 1949 թ. շատերի հետ ԱՄՆ են տեղափոխւում նաեւ Ֆընդըքեանների ընտանիքը։
Հաստատուելով Մոնթեբելլոյում՝ Ներսես Ֆընդըկեանը՝ պայծառ այս հայ մտաւորականը, լիովին նուիրւում է տեղի հայապահպանութեան գործին։ Չնայած կեանքի դժուարութիւններին՝ նա երբեք վայր չի դնում իր գրիչը եւ թղթակցում է սփիւռքեան տարբեր թերթերին` ջանք չխնայելով պահպանելու հայոց ոգին ու ինքնութիւնը, գրելով արժէքաւոր յօդուածներ նաեւ տեղի համայնքին յուզող հարցերի վերաբերեալ։
Երբ պրն. Վարդանի կինը՝ Սոնան, ինձ ցոյց տուեց խնամքով հաւաքուած Ներսես Ֆընդըքեանի արխիւը՝ մեծ յուզմունք ու զարմանք ապրեցի. իր բացառիկ յօդուածաշարերից մէկում՝ նուիրուած Տրապիզոնի իրենց եւ շրջակայ հայ գիւղերի պատմութեանը, կենցաղին, սովորութիւններին, Ներսես Ֆընդըքեանը գրում է նաեւ, որ իր նախնիները Տրապիզոն են գաղթել Համշենից։
Ինչպէս ցոյց են տալիս պատմական փաստերը, 17-18-րդ դարերում բռնի իսլամացման հետեւանքով Համշենի գաւառի հայութեան մի մասը բռնում է գաղթի ճամփան։ Նրանց մի մասը Տրապիզոնի նահանգի լեռնային հատուածներում ու գոգահովիտներում հիմնում է գիւղեր։ Ահա այդպէս էլ հիմնւում է համշէնահայերի Գրոբի գիւղը, որտեղ եւ ծնուել է Ներսես Ֆընդըքեանը։ Նա իր մի շարք յօդուածների տակ ստորագրել է՝ «Սեւծովցի», ինչպէս նաեւ «Կաղինեան»՝ իր ազգանուան թուրքերէնից հայերէն թարգմանութեամբ։
Մոնթեբելլոյում Ներսեսը շարունակւում է իր բարեկամութիւնը ծնունդով Տրապիզոնի Կիւշանայ գիւղից ՀՅԴ կուսակցութեան անդամ Միսակ Թորլաքեանի հետ (1889-1968)։ Վերջինս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիսկում՝ գերութիւնից ազատելով շատ հայերի ու նրանց հետ նա եւս հաստատւում է ԱՄՆ-ում, ուր եւ մահանում է։ Միսակ Թորլաքեանը Ներսես Ֆընդըքեանի եղբօր՝ Երուանդի հետ միասին են գործել ՀՅԴ կուսակցական կարեւոր առաջադրանքներում, յատկապէս ՆԵՄԵՍԻՍ օպերացիայում։ 1921 թ. յուլիսի 18-ին Կ. Պոլսում Թորլաքեանն իրականացրել է Բաքուի հազարաւոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի բոլշեւիկեան ներկայացուցիչ Բեհբուդ խան Ջիւանշիրի ահաբեկումը։ Նշէնք, որ Թորլաքեանների մի ճիւղը 1915 թ. յետոյ հաստատուել էր Սոչիում։ Նրա ազգականն էր Բարունակ Թոռլաքեանը, որը 1981 թ. հրապարակում է «Համշէնահայերի ազգագրութիւն» արժէքաւոր գիրքը։
Վարդան Ֆընդըքեանը եւս շարունակում է իր հոր գործը։ Նա մեծ աւանդ ու ներդրում ունի հայ համայնքի կեանքում։ Ստանալով բարձրագոյն կրթութիւն՝ պրն. Վարդանն անմասն չի մնացել համայնքային կեանքից եւ իր մասնակցութիւնն է բերել Մոնթեբելլոյի հայկական դպրոցի ու եկեղեցու հիմնման, տեղի ակումբային կեանքի բազմաթիւ միջոցառումներին, նաեւ Արեւմտեան Ամերիկայի «Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) ճամբարը» կազմակերպելու գործում։ Վարդան Ֆընդըքեանի եւ իր ընկերոջ Մխոյի (Մխիթար Մինասեան), ինչպէս նաեւ Յակոբ Մանճիկեանի գաղափարն է եղել Մոնթեբելլոյում՝ հայաշատ այդ քաղաքում, կառուցել Հայոց ցեղասպանութեան զոհերը ոգեկոչող յուշարձան-կոթողը։ Դաշնակցութեան կենտրոնական կոմիտէն՝ ընդառաջելով այդ գաղափարին, կապ է հաստատում շրջանի այլ հայ համայնքների հետ՝ ռամակաւարների եւ հնչակեաններ, եւ կազմւում է ընդհանուր համահայկական մի մարմին։ Ընկերների աջակցութեամբ քաղաքապետարանից նրանք ձեռք են բերում թոյլտուութիւն ու տարածք, եւ յուշարձան-կոթողը վեր է խոյանում։
Վարդան Ֆընդըքեանը նաեւ Հայաստանում ու Արցախում իրականացող բազմաթիւ ծրագրերում իր բարեգործական ներդրումն է ունեցել եւ առ այսօր շարունակում է իր բարեգործութիւնները։ Նա «Գուրգէն Մելիքեան» Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամի» բարեգործներից մէկն է։
Եւ վերջում ինձ վրայ մեծ տպաւորութիւն թողեց Վարդան Ֆընդըքեան պատկառանք ներշնչող բարի դէմքը եւ նաեւ նրա արեւելահայերէնի ու ռուսերէնի իմացութիւնը։ Ինձ համար մեծ պատիւ է ծանօթանալ պրն. Վարդանի եւ նրա ընտանիքի հետ։