Այս իշխանությունը պատրաստվում է գնալ նոր զիջումների. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական մեծամասնությունը չի կարող որոշել, թե ընդդիմությունը ինչպես եւ ինչպիսի ելույթներ պետք է ունենա, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է իր դերում մնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ալեն Սիմոնյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ՔՊ վարչության անդա՞մ է, թե՝ ԱԺ նախագահ։ Պատգամավորների հետ որեւէ մեկն իրավունք չունի նման կերպ խոսելու։ Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, իսկ քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի դրա հետ, պետք է նստեն ու լսեն այդ գնահատականները»,– ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություններ ունի, որ իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների գնալ, որոնք նրանց բնորոշմամբ, ձեռքբերում, տարածաշրջանում հաշտություն հաստատելուն ուղղված քայլ է, բայց ըստ Սաղաթելյանի՝ դա կլինի Հայաստանի պետականության կործանման ճանապարհը։

«Մեր ժողովրդին մոլորեցնում են, հիմա էլ սկսել են նոր պատերազմով վախեցնել։ Ասում էին՝ այլեւս խաղաղություն կհաստատվի, բայց պատերազմից անցել է 9 ամիս, մենք կրկին զոհեր ու գերիներ ենք ունենում, թշնամի օրեցօր մոտենում է, մեր հասարակությունը պետք է աչքերը բացի ու տեսնի, թե ում հետ գործ ունի»,– նշեց նա։

Սաղաթելյանը ԱԺ–ում իրականացվող ուժեղացած ծառայությունը բացատրում է նրանով, որ իշխանությունները սարսափում են. «Նրանք գիտեն ինչ են արել ու հավանաբար պատկերացնում են, թե ուր են գնում, հենց սրանով եմ բացատրում նրանց համատարած վախը»։

Share