Յայտարարութիւն
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը խստօրէն դատապարտում է սոյն թուականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրուակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։
Ադրբեջանի այս յանցաւոր գործողութիւնները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնութեամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Պաշտօնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցոյց է տալիս, որ հրաժարւում է ստանձնած պարտաւորութիւններից, խախտում է միջազգային մարդասիրական իրաւունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայութեան դէմ՝ նպատակ ունենալով ցեղասպանութիւն իրականացնել եւ նոր պատերազմ սանձազերծել։
Այս եւ նմանօրինակ այլ ռազմատենչ եւ ակնյայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողութիւնները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայութեան կեանքի իրաւունքի ապահովման միակ հնարաւոր գրաւականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն է:
Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կեանքի ճանապարհ է, որի չգործելը յղի է ծանրագոյն հումանիտար հետեւանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը եւս մէկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զօրախմբի առկայութեան անհրաժեշտութիւնը։
Կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժէք գնահատականներ եւ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրութիւնից բխող գործողութիւններ։
Զորակցելով Արցախում առաքելութիւն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնութեանը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու եւ ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։
Կոչ ենք անում մեր արցախահայ քոյրերին ու եղբայրներին չտրուել սադրանքներին, պահպանել զգօնութիւնը։ Հայաստանի Հանրապետութիւնն ունի յանձնառութիւն Արցախի նկատմամբ եւ ամբողջութեամբ տէր է կանգնելու իր յանձնառութեանը։
Հիմնաւորում
Յայտարարութեան ընդունման անհրաժեշտութիւնը պայմանաւորուած է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կեանքի ճանապարհը սադրիչ գործողութիւններով պարբերաբար շրջափակելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու եւ Արցախը հայաթափելու յանցաւոր վարքագծին գնահատական տալու հրամայականով:
Հայաստանի Ազգային ժողովը պարտաւոր է արձագանքել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կոչին՝ հիմնուելով ՀՀ օրէնսդրութեամբ ստանձնած յանձնառութիւնների վրայ:
Յայտարարութեամբ Ազգային ժողովն ուղերձ է յղում նաեւ միջազգային հանրութեանը՝ նպատակ ունենալով բոլորի ուշադրութիւնը սեւեռել արցախահայութեան գոյաբանական խնդիրների վրայ: