Դեկտեմբերի 10-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում» Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից կազմակերպուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան եւ Սահմանադրութեան հանրաքուէի, Մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրուան նուիրուած ինտելեկտուալ խաղ-մրցոյթ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը կարեւորել է նման միջոցառումները:
«Այս օրը համարում ենք նաեւ մեր՝ ՄԻՊ-ի աշխատակիցների մասնագիտական տօն օր: Այս առիթով մեր նախաձեռնած միջոցառումը նպատակ է հետապնդում բարձրացնելու մեր աշակերտների իրաւագիտակցութիւնը, սէր եւ նուիրուածութիւն սերմանելու ԱՀ պետականութեան եւ խորհրդանիշների նկատմամբ»-ասել է նա:
Ինտելեկտուալ խաղ-մրցոյթը, որին մասնակցում էին Հանրապետութեան շրջանների եւ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտները, բաղկացած էր երեք փուլերից: Ընդգրկուած էր 14 թիմ՝ 6-ական անդամներով:
Մրցութային յանձնաժողովի կազմում ընդգրկուած էին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեան, ԱՀ Գերագոյն դատարանի դատաւոր Յասմիկ Խաչատրեանը եւ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսեանը։
Ինտելեկտուալ խաղ-մրցոյթին մրցանակային տեղէր են զբաղեցրել Ստեփանակերտի Յու. Պողոսեանի անուան հ. 6 հիմնական դպրոցը (1-ին տեղ), Մարտակերտի Վ. Բալայանի անուան թիւ 1 միջնակարգ դպրոցը (2-րդ տեղ), Անտօնիոյ Արսլան հայ-իտալական կրթահամալիրը (3-րդ տեղ):
Յաղթողները Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պարգեւատրուել են պատուոգրերով եւ խրախուսական նուէրներով, մասնակից բոլոր թիմերին տրամադրուել են հաւաստագրեր: