Ադրբեջանցիների այցերն Արցախ պէտք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշուի. Աբրահամեան

Ադրբեջանցիների այցերն Արցախ պէտք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշուի. Աբրահամեան

Հայաստանի «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտողար Տիգրան Աբրահամեանը գրում է.

«Արցախի իշխանութիւնը ուշացումով արձագանքել է ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ Մարտակերտի շրջանում յայտնուած ադրբեջանցիների խնդրին։

Ըստ պարզաբանման, «մշտադիտարկման» նպատակով ռուս խաղաղապահներին ուղղուած ադրբեջանցիների դիմումը Արցախի իշխանութեան եւ հանքարդիւնաբերական ընկերութեան ղեկավարութեան հետ սահմանուած կարգով չի քննարկուել, ըստ այդմ՝ ստացւում է, որ նրանց շարժն ու քայլերն առանց Արցախի իշխանութեան համաձայնութեամբ է իրականացուել։

Եթէ ընդունեք, որ պաշտօնական պարզաբանումն ամբողջութեամբ համապատասխանում է իրականութեանը, ապա մի քանի հարցադրում է առաջանում։

1. Ինչպե՞ս է Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ առաքելութեան հրամանատարութիւնը՝ առանց Արցախի իշխանութեան համաձայնութեան, ադրբեջանցիներին Արցախի տարածքում որեւէ վայր ուղեկցում։

2. Երկրորդ, արդեօ՞ք Արցախի իրաւապահ համակարգը չի վերահսկում իր տարածքում ադրբեջանցիների հնարաւոր մուտքն ու տեղաշարժը եւ ադրբեջանցիների ներկայութիւնը ֆիքսում այն ժամանակ, երբ արցախցիները Մարտակերտի հատուածում ճանապարհ են փակում։
Եթէ աւելի վաղ է ֆիքսուել, ապա շատ աւելի վատ, եթէ այն նախապէս է ֆիքսուել եւ քայլեր չէն ձեռնարկուել։

Եթէ ադրբեջանցիների շարժի մասին իմացել է միջին վիճակագրական արցախցին ու դրանց ճանապարհը փակել, ապա ինչպէս կարող էին դրա մասին չիմանալ իրաւապահ մարմինները։

3. Արդեօ՞ք նման դէպքերում Արցախի նախագահը միայնակ է որոշում կայացնում, թե՞ դա կոլեգիալ որոշման հետեւանք է։

Այս հարցը շատ կարեւոր է, որովհետեւ այսպիսի առիթներ առաջին անգամ չէն առաջանում եւ վստահաբար առաջիկայում եւս ծանր ժամանակներ են սպասւում։

4. Արդեօ՞ք Արցախի իշխանութիւնը խորը գիտակցում է, թէ ինչ է իրականում ուզում Ադրբեջանը եւ ինչպիսի հնարաւոր քայլեր են ձեռնարկուելու Արցախի դէմ։

Ադրբեջանցիների այցերն Արցախ պէտք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշուի, հակառակ դէպքում Ադրբեջանը հետեւողականօրէն ներխուժելու է Արցախի ներքին կեանք։

Այս խնդիրը չէր առաջանայ կամ այս ձեւով ճնշում չէր լինի, եթէ ամիսներ առաջ, Արցախի իշխանութիւնը չթոյլատրեր ադրբեջանցիների մուտքը Սարսանգի ջրամբարի տարածք, ընդ որում՝ դա արել էր գաղտնի եւ հանրութիւնն այդ մասին իմացաւ, երբ ադրբեջանցիներն այդ այցի վերաբերեալ ռեպորտաժներ հրապարակեցին։

Պետք է պատրաստուել Ադրբեջանի համակարգային սադրանքներին եւ տարբեր իրավիճակներին արձագանքել նախապէս մշակուած փաթեթներով»։

Աղբիւր` Panorama.am

Share