Որպէսզի արցախցին մնա իր հողի վրայ

Որպէսզի արցախցին մնա իր հողի վրայ

Դեկտեմբերի 2-5-ը Արցախում էին գտնւում ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նաիրի Տերտէրեանը, վարչութեան անդամ Համեստ Սասունեանը եւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարոյ Քեշիշեանը։ Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունեցել ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի, Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանի, ինչպէս նաեւ ջրատաքացուցիչներ տեղադրող Shtigen Group ընկերութեան Արցախի ներկայացուցիչ Արմէն Խաչատրեանի հետ:

ՀՕՄ-ը մնալու է Արցախի կողքին և պայքարելու է Արցախի գոյատևման համար, որպեսզի արցախցին մնա իր հողի վրա

Նաիրի Տերտերյան

Հանդիպումների ընթացքում քննարկուել են ՀՕՄ-ի՝ Արցախում իրականացուող ծրագրերը, խօսուել է առաջիկայ նախաձեռնութիւնների մասին:

Այցի ընթացքում ՀՕՄ-ի պատուիրակութիւնն այցելել է մի շարք համայնքներ եւ խօսել ջրատաքացուցիչների ծրագրից օգտուած որոշ քաղաքացիների հետ՝ հասկանալու համար ծրագրի արդիւնաւետութիւնը, շահագործման հետ կապուած հնարաւոր խնդիրները։

ՀՕՄ-ի արեւային ջրատաքացուցիչների ծրագրի շնորհիւ Արցախի մի շարք սոցիալական խաւերի ներկայացուցիչներ էներգիայի այլընտրանքային աղբիւր են ձեռք բերել, որը լուծում է առօրեայ հոգսերի մի մասը եւ տնտեսում ընտանեկան բիւջեն։

Ծրագրից օգտուել են ԱՀ Մարտունու շրջանի Պառաւաթումբ, ՆՆգի, Կաղարծի, Կոլխոզաշէն, Խնուշինակ, Մաճկալաշէն, Մարտակերտի շրջանի Կիչան, Նոր Կիլիկիայ, Ճանկաթաղ, Վաղուհաս, Մաղաւուզ, Յարութիւնագոմեր, Ասկերանի շրջանի Պատարայ, ք. Ասկերան, Վարազաբուն, Այգէստան, Աստղաշէն համայնքների՝ Արցախեան վերջին պատերազմում զոհուած, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամութիւն ստացած, բազմազաւակ ընտանիքները։

«Արեւային ջրատաքացուցիչների առումով ցանկանում էինք անձամբ տեսնել, թէ այդ ծրագիրը որքան է օժանդակում արցախցի գիւղացուն։ Հպարտանում եմ, որ ՀՕՄ-ը Արցախի միաւորի հետ այսպիսի ծրագիր է սկսել, եւ հպարտ ենք, որ ունենք այնպիսի ընկերուհիներ, որոնք նեցուկ են կանգնում Արցախին»,- «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհի Նաիրի Տերտէրեանը։

Խոսելով այլ համայքներում եւս ծրագիրը գործարկելու մասին՝ Նաիրի Տերտէրեանը նշել է. «Հիմա  աւելի լիայոյս ենք, որ կը շարունակէնք ծրագիրը, ու նուիրատուները նորից նեցուկ կը կանգնէն, նոր նուիրատուներ կմիանան, ու առաջին փուլն աւարտելուց յետոյ ընդհանուր փուլը կը սկսուի»,- ասել է նա։

Նրա խօսքով՝ ՀՕՄ-ը մնալու է Արցախի կողքին եւ պայքարելու է Արցախի գոյատեւման համար, որպէսզի արցախցին մնա իր հողի վրայ։

Share