ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողւում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտօնի կողմից Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու եւ այդ երկրի՝ հայերի դէմ ագրեսիան յստակօրէն դատապարտելու կարեւորութիւնը:

Այս մասին  յայտնում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA):

Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրուած Լին Թրեյսիին ուղղուած հարցերում Մենենդեսը անհանգստութիւն է յայտնել, որ Պետդէպարտամենտի պաշտօնեաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանութիւնն ու անդամահատումը պատկերող տեսանիւթերի վերաբերեալ հարցումներից:

«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, յատկապէս հակամարտութիւնների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականութեանը, որպէսզի մենք՝ որպէս քաղաքականութիւն մշակողներ, կարողանանք որոշել, թէ ինչ անել այդ ճշմարտութեան հետ կապուած», — յայտարարել է սենատոր Մենենդեսը:

Այնուհետեւ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինայ Կուիենը խոստացել է անել ամէն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմէն փաստագրելու այս տեսանիւթերում պատկերուած վայրագութիւնները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպէսզի կարողանանք որոշում կայացնել»:

Սենատորներին անհրաժեշտ են փաստէր ադրբեջանական ռազմական յանցագործութիւնների եւ ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ յօդուածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնութիւն տրամադրելու վերաբերեալ, բացատրել է Մենենդեսը:

«Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիւօրէն կօգնի մէզ որոշել՝ արդյօք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողութիւնները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպէսզի մենք՝ որպէս քաղաքականութիւն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրայ յոյս դնել», — հարցրել է Մենենդեսը:

«Աեօ՛, սենատոր, եւ ես աւելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնոյթի յանցագործութիւնների համար պատասխանատուութիւնը շատ կարեւոր է ինձ համար, եւ ես կ’աշխատեմ, որպէսզի համոզուեմ, որ կայ նաեւ պատասխանատուութիւն», — ասել է դեսպանի թեկնածու Քուիենը:

«Առանց պատասխանատուութեան արդարութիւն չկայ»,- ընդգծել է Մենենդեսը։

Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատուութեան ենթարկելու կարեւորութիւնը՝ նաեւ նշելով իր անհանգստութիւնը Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով պէտքարտուղարի օգնական Կարէն Դոնֆրիդի եւ Պետդէպարտամենտի Կովկասի բանակցութիւնների գծով աւագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին յարձակումների ժամանակ Ադրբեջանին որպէս ագրեսոր յստակ ճանաչելուց հրաժարուելու վերաբերեալ:

«Սեպտեմբերին անկախ մամուլի աղբիւրների կողմից շատ լաւ փաստագրուել է, որ Ադրբեջանը յարձակումներ է գործել եւ տարբեր տեսակի վայրագութիւններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարեւորութիւնը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պէտք է գոնէ սկսեք փաստէրից եւ պատրաստ լինեք դրանք հրապարակայնօրէն յայտարարել», — յայտարարել է սենատոր Վան Հոլենը:

Արցախին ԱՄՆ-ի օգնութեան վերաբերեալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապէս մտահոգուած է, որ ո՛չ Պետդէպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չէն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնութիւնը 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով տեղահանուած 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակուողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։

Սենատորները մէկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից յետոյ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, իսկ աւելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարաւորութիւն կ’ունենան հաստատել թեկնածուներին։

Share