Առանցքում՝ հայրենիքն ու պետականութիւնը. ՀՅԴ-ն՝ միջազգային ասպարէզում (1-ամսեայ հաշուետուութիւն)

Առանցքում՝ հայրենիքն ու պետականութիւնը. ՀՅԴ-ն՝ միջազգային ասպարէզում (1-ամսեայ հաշուետուութիւն)

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, հաւատարիմ արդէն շուրջ 13 տասնամեակ ձեւաւորուած աւանդոյթի, իր հայրենանուէր գործունէութիւնն է ծաւալում ոչ միայն Մայր հայրենիքում, այլեւ արտէրկրում, որտեղ վաղուց արդէն ձեւաւորուել է հայկական Սփիւռք:

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի գլխին ծառացած մարտահրաւէրներին դիմագրաւելու համար ՀՅԴ-ն ակտիւ աշխատում է այլ պետութիւնների, միջազգային կառոյցների, տարբեր քաղաքական-հասարակական գործիչների հետ` իր ներուժը ծառայեցնելով հայրենիքին:

Yerkir.am-ն ամփոփ ներկայացնում է ՀՅԴ պատասխանատու գործիչների՝ միջազգային ասպարէզում կատարած աշխատանքը նոյեմբեր ամսին.

ՀՅԴ Բիւրոյի ներկացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանը եւրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եւրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամաւորների, մի շարք քաղաքական գործիչների հետ` ներկայացնելով տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը:

Նիդերլանդներում` Ալմելոյ քաղաքում Տեր-Խաչատուրեանը հանդիպել է հայրենակիցների հետ` ներկայացրել Հայաստանի եւ Արցախի իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, ՀՅԴ ծրագրերը:

Նոյեմբերի 12-ին Շուեդիայ կատարած այցի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը քաղաքական հանդիպումներ ունեցաւ` յատկապէս երկրի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչների եւ պատգամաւորների, ինչպէս նաեւ խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախումբի փոխնախագահ Մորգէն Եօհանսսոնի, Ստոկհոլմի քաղաքապետարանում քաղաքապետի եւ փոխքաղաքապետի:

Եւրոպական շրջագայութիւնից յետոյ Տեր-Խաչատուրեանն Արցախում էր, որտեղ հանդիպումներ ունեցաւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանի, ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի, Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանի, ինչպէս նաեւ Արցախի ՀՅԴ ԿԿ-ի հետ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը նոյեմբերի 13-ին Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպումներ ունեցաւ տեղի հայ համայնքի հետ` պատասխանել Կիպրոսում բնակուող հայրենակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին գնահատականները։

Սաղաթելեանն այնուհետեւ Կիպրոսում նախատեսուած քաղաքական հանդիպումների շրջանակում նոյեմբերի 14-ին հանդիպեց Արցախի բարեկամ, Նիկոսիայի ամենամեծ քաղաքի՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրէաս Պապախարալմպուսի հետ:
Նոյն օրը Գերագոյն մարմնի ներկայացուցիչը հանդիպում ունեցաւ Կիպրոսի «Սոցիալ-դէմոկրատական շարժում» եւ Կիպրոսի Դեմոկրատական կուսակցութիւնների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութեան դրսեւորումները ու դրանցից բխող վտանգները թէ՛ հայկական եւ թէ՛ բարեկամ երկրների համար:
Դաշնակցական գործչի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ հանդիպման ընթացքում քննարկուել են միջազգային հարթակներում Հայաստանի եւ Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդայ Դիմիդրիուի հետ հանդիպման ընթացքում ԳՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետութեան անուէրապահ աջակցութիւնը կիպրահայ համայնքին: Կարեւորուել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերութիւնը, մտքեր են տարածաշրջանային զարգացումներին վերաբերեալ։
Կիպրոս կատարած այցի ընթացքում Սաղաթելեանը այցելել է նաեւ Ազգային առաջնորդարան, հանդիպել  Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խօրէն Արք. Տողրամաճեանի հետ:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը Սիրիայ կատարած այցի ընթացքում Կամիշլիի Ազգային Փոխանորդարանում հանդիպել է Ջեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայանի հետ: Մանոյեանն այցելել է սիրիահայ համայնքին պատկանող կրթօջախներ, մասնակցել ՀՅԴ հիմնադրման 132-րդ ամեակի միջոցառմանը, հանդիպել Սիրիայում գործող հայկական կազմակերպութիւնների հետ:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում բարձրացրել է Հայաստանի եւ Արցախի համար ստեղծուած ծանրագոյն եւ անվտանգութեան հարցերին առնչուող թեման. «Եւրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկւում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների, սակայն միջազգային կառոյցների եւ հէնց մեր կազմակերպութեան կողմից շարունակւում է կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը»:

Նոյեմբերի 25-27-ը ՀՅԴ պատուիրակութիւնը Մադրիդում մասնակցեց Սոցիալական Ինտէրնացիոնալի խորհրդի եւ կոնգրէսի աշխատանքներին: ՀՅԴ պատուիրակութեանն անդամակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիոյ Նալբանդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգմաւոր Դաւիթ Իշխանեանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միութեան փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը եւ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը աշխատանքների ընթացքում Իսպանիայի վարչապետ Պեդրոյ Սանչեսին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը: Դաւիթ Իշխանեանը նաեւ պատմական ելոյթ է ունեցել Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրէսի ժամանակ, որին ներկայ էին Իսպանիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի վարչապետները, Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ջոզեպ Բորելը, այլ պետութիւնների ղեկավարներ եւ բարձրաստիճան գործիչներ։

Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսի կողմից ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիոյ Նալբանդեանը վերընտրուեց որպէս կազմակերպութեան փոխնախագահ։

Շուրջ 80 երկրների մօտ 400 պատուիրակների մասնակցութեամբ կայացած կոնգրէսի ժամանակ ընդունուեց ՀՅԴ-ի ներկայացրած Ղարաբաղեան հակամարտութեանը վերաբերող եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը: Յիշեցնենք՝ ՀՅԴ-ն նշուած համաշխարհային կազմակերպութեանն անդամակցում է 1907 թ. ի վեր:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը նոյեմբերի վերջին շաբաթը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է Մարսելից ընտրուած Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամաւոր Սապրինայ Ակրեսթի, Հարաւային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիէ Փարաքեանի, Մարսելի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քոզեանի եւ այլոց հետ, քննարկել հայ-ֆրանսիական կապերին առնչուող հարցեր, ներկայացրել ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակը:
Այցի ընթացքում Սաղաթելեանը մասնակցել է ՀՅԴ հիմնադրման 132-ամեակի միջոցառմանը` հանդէս գալով ելոյթով:

ReplyReply allForward
Share