Պետր Մակեդոնցեւ
Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան
Արեւմուտքի հետ առճակատման մէջ յայտնուած Ռուսաստանի համար շատ կարեւոր է սպառման նոր շուկաներ փնտրել եւ չկորցնել կապը պատժամիջոցներին չմիացած գործընկերների հետ։ Աւանդաբար այդ գործընկերներից մէկը Ադրբեջանն է՝ Անդրկովկասեան երկիր, որը սահմանակից է Ռուսաստանին։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի այցն Ադրբեջան, որը տեղի ունեցաւ նոյեմբերի 18-ին, անկասկած կարեւոր էր։ Սակայն պէտք է հասկանալ, որ ներկայումս առեւտրատնտեսական համագործակցութիւնն ու Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքի զարգացումն առաւելապէս անհրաժեշտ է Ռուսաստանին, որը յայտնուել է ծանր տնտեսական իրավիճակում Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով։ Իսկ ահա Ադրբեջանը բոլորովին այլ տնտեսական եւ քաղաքական առաջնահերթութիւններ ունի։
Մեկ օր առաջ՝ նոյեմբերի 17-ին, Ալիեւն ընդունել էր Արեւելեան գործընկերութեան հարցերով Եւրոպական Միութեան յատուկ բանագնաց Դիրկ Շուբելին, ով մինչ այդ այցելել էր Հայաստան։ Տվեալ դէպքում կարեւոր են ոչ թէ էներգետիկայի եւ անվտանգութեան ոլորտում ԵՄ-ի եւ Ադրբեջանի համագործակցութեան մասին եւրաչինովնիկի խօսքերը, այլ հէնց Ալիեւի խօսքերը։ Նա նշել է Ադրբեջանի համար ԵՄ-ի հետ համագործակցութեան կարեւորութիւնը․ «Մենք շատ գոհ ենք մեր համագործակցութեան մակարդակից տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, էներգէտիկ, հումանիտար եւ այլն։ Իհարկէ, ինչ վերաբերում է Արեւելեան գործընկերութեանը, ապա Ադրբեջանը հէնց սկզբից վճռականօրէն աջակցեց այդ ծրագրին եւ ակտիւօրէն մասնակցեց տարբեր միջոցառումների, այդ թւում՝ գագաթաժողովների։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ այժմ ժամանակն է արդիականացնել այն եւ դիտարկել կատարուած աշխատանքը։ Որովհետեւ այս ծրագրի ստեղծումից անցնում է աւելի քան 10 տարի, եւ Արեւելեան գործընկերութեան անդամ երկրները կատարել են իրենց ընտրութիւնը։ Ոմանք ստորագրել են Ասոցացման համաձայնագիր, ոմանք էլ անդամակցել են Եւրասիական տնտեսական միութեանը։ Ադրբեջանը միակ երկիրն է, որը չի միացել որեւէ ձեւաչափի»։
Աչքի է զարնում այն դրական գնահատականը, որն Ալիեւը տուել է Արեւելեան գործընկերութեանը։ Արեւելեան գործընկերութեան նկատմամբ վերաբերմունքն ամենեւին էլ պարապ հարց չէ, քանի որ Ադրբեջանից բացի դրան մասնակցել են Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը եւ Հայաստանը։ Ինչպէս գիտենք, եւրաինտեգրման հարցը դարձաւ 2013-2014թթ.Ուկրաինայում Եւրամայդանի պատճառներից մէկը, որի արդիւնքում եւրատլանտեան ուղու կողմնակիցները սկսեցին ճնշում գործադրել Ռուսաստանի հետ ինտեգրման կողմնակիցների վրայ եւ «հասան» Ուկրաինայից Ղրիմի անջատմանը։ Այսինքն՝ Արեւելեան գործընկերութիւնը միշտ ուղղուած է եղել հետխորհրդային պետութիւնների լիակատար տարանջատմանը Ռուսաստանից։ Ադրբեջանը, որը չի հետաքրքրւում Ռուսաստանի մասնակցութեամբ լուրջ քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիոն միաւորումներով, ազատ է ինքնուրոյն որոշելու իր ճակատագիրը։ Բայց արդեօ՞ք Ալիեւի արտայայտութիւնը չի նշանակում, որ պաշտօնական Բաքուն լուռ կողմ է Եւրատլանտեան ճանապարհին Արեւելեան գործընկերութեան միւս մասնակիցների համար։
Ալիեւի ելոյթի մնացած հատուածը միայն հաստատում է հետխորհրդային միւս պետութիւնների քաղաքական ընտրութեան նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի վերաբերեալ մտահոգութիւնները. «Ինչ վերաբերում է մէզ, ապա մենք այս ծրագիրը եւ այս հարթակը դիտարկում ենք որպէս լրացուցիչ հնարաւորութիւն ոչ թէ անդամ երկրների միջեւ համագործակցութեան, այլ Եւրամիութեան հետ համագործակցութեան ամրապնդման համար։ Որովհետեւ մենք այլ յարաբերութիւններ ունենք Արեւելեան գործընկերութեան միւս հինգ անդամ երկրների հետ։ Մեզ համար կարեւոր էր Եւրոպական յանձնաժողովի հետ համագործակցութեան լրացուցիչ մեխանիզմ ստանալը»։
Այսինքն՝ Ադրբեջանի համար կարեւոր է Արեւելեան գործընկերութեան միջոցով ամրապնդել յարաբերութիւնները հէնց Եւրամիութեան հետ։ Դրա հետ մէկտեղ, տուեալ հատուածում Ալիեւի մօտ առկայ է անճշտութիւն, որից կախուած է ընդհանուր քաղաքական պատկերը. Այսօրուայ դրութեամբ, բացի Ադրբեջանից, Արեւելեան գործընկերութեանը մասնակցում է ընդամէնը 4 պետութիւն՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Հայաստանը։ 2021ի յունիսի 28-ին Բելառուսը պաշտօնապէս յայտարարեց Արեւելեան գործընկերութեանը մասնակցութեան դադարեցման մասին։ Դրա պատճառը Եւրամիութեան կողմից Բելառուսի դէմ պատժամիջոցների սահմանումն էր 2020ին, երբ ԵՄ-ն բացայայտ աջակցեց նախագահ Ալեքսանդր Լուկաշէնկոյին տապալելու փորձին։
Իսկ Ադրբեջանի յարաբերութիւնները ԵՄ-ի եւ եւրոպական պետութիւնների հետ գտնւում են այլ մակարդակի վրայ, քան Բելառուսը, ինչի մասին յայտարարել է նաեւ Ալիեւը:․․․․ Այլ կերպ ասած, չնայած դժուարութիւններին, Ադրբեջանն ինքն է ցանկանում զարգացնել համագործակցութիւնը ԵՄ-ի հետ։ Այնուհետեւ Ալիեւը խօսել է Հայաստանի հետ յարաբերութիւնների եւ ղարաբաղեան հակամարտութեան մասին։ Իր ելոյթի վերջում դա շատ լուրջ յայտարարութիւն է արել․ «Կարծում եմ՝ կարեւորն այն է, որ Հայաստանն, ըստ էութեան, բացայայտ յայտարարի այն մասին, թէ ինչ է ուզում։ Եթէ նրանք ուզում են խօսել Ղարաբաղում հայերի իրաւունքների եւ անվտանգութեան մասին, ապա դա չի ստացուի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խօսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին է Մոսկուայի կողմից ուղարկուած Վարդանեանը, որը գրպանները լցրել է ռուս ժողովրդից գողացուած միլիարդներով։ Նա այնտեղ է ուղարկուել Մոսկուայից՝ շատ յստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խօսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում եւ ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դէպ, այդ գործընթացը սկսուել է։ Եթէ չլինէին որոշ երկրների արտաքին միջամտութիւնները, որոնց մասին ես հէնց նոր նշեցի, եւ փորձեր չձեռնարկուեին կասեցնել այդ գործընթացը, ապա, կարծում եմ, այն կարող էր աւելի դինամիկ ընթանալ։ Սակայն սա կապ չունի փաշինեանի եւ նրա կառավարութեան հետ։ Ինչպէս արդէն ասացի, պէտք է լինի կոնսենսուս Ադրբեջանի, Եւրամիութեան, Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն՝ այն երկրների եւ կառոյցների միջեւ, որոնք Ադրբեջանը համարում է, որ ունակ են աջակցել այդ գործում»։
Մեղադրանքը բաւականին կոշտ է։ Ալիեւի կարծիքով, Ռուսաստանի նախկին քաղաքացի, գործարար Ռուբէն Վարդանեանը, որը վերջերս դարձաւ չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան ղեկավար, յանձնարարութեամբ ուղարկուել է Մոսկուայից: Փաստօրէն, Ադրբեջանի նախագահը վտանգաւոր սադրանքի է դիմել։ Մի կողմից՝ նա Վարդանեանին անհիմն մեղադրում է Ռուսաստանի բնակչութեան մեծամասնութիւնը կազմող ռուսների հաշուին ապօրինի հարստանալու մէջ։ Միւս կողմից, Ալիեւը պնդում է, թէ իբր ապօրինի հարստացած Վարդանեանը վայելում է Կրեմլի քաղաքական աջակցութիւնը։ Դրանով նա փորձում է ռուսական մեծամասնութեանը քսի տալ Ռուսաստանի իշխանութիւնների դէմ։ Եթէ ամփոփենք, ապա իր մեղադրանքով Ալիեւը փորձեց միանգամից երկու հակամարտութիւն կազմակերպել, որպէսզի
1․ Ռուսաստանի բնակչութեան մեծ մասին հրահրել Վարդանեանի, ղարաբաղահայերի եւ Ռուսաստանի հայկական սփիւռքի հետ։
2․ Ռուսական մեծամասնութեանը մղել Ռուսաստանի իշխանութիւնների դէմ, որոնք իբր սատարում են Վարդանեանին։
Բացի այդ, իր յայտարարութեամբ Ալիեւն անձամբ է նպաստել ադրբեջանական հասարակութեան մէջ այն գաղափարի արմատաւորմանը, թէ իբր հայերը միշտ դաւադրութիւններ են հիւսում Ադրբեջանի դէմ՝ Ռուսաստանի հետ սերտ համագործակցութեամբ։ Իհարկէ կարող են առարկել, որ դե Ալիեւը Ռուսաստանին ոչ բարեկամական երկիր չի համարում։ Անշուշտ, կցանկանայի հաւատալ Ռուսաստանի հանդէպ Ադրբեջանի նախագահի անկեղծ սիրալիրութեանը, միայն թէ փաստերը, ցաւօք, հակասում են դրան։ Այսպէս, Ադրբեջանի նախագահի կայքի «Պատմութիւն» բաժնում կարելի է կարդալ․ «1920ի ապրիլի 28-ին Ադրբեջանը բռնազաւթուեց բոլշեւիկեան Ռուսաստանի կողմից։ Խորհրդային իշխանութեան տարիներին ադրբեջանական պետականութիւնը բախուեց բարդ փորձութիւնների։ 1920-1922թթ․ դէ ֆակտոյ միջազգային հանրութեան կողմից արդէն ճանաչուած Ադրբեջանի անկախութիւնը ձեւականօրէն մասամբ պահպանուեց։ 1922ի մարտին Հարաւային Կովկասի երեք հանրապետութիւնները (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) միաւորուեցին մէկ պետութեան՝ Անդրկովկասեան Սոցիալիստական Ֆեդերատիւ Խորհրդային Հանրապետութեան շրջանակներում , դրանով իսկ ձեւական անկախութիւնն ամբողջութեամբ վերացուեց։ Խորհրդային Միութեան տարիներին Զանգեզուրը, Գեեյչան, Նախչըվանի մի մասը եւ միւս շրջանները դուրս բերուեցին Ադրբեջանի կազմից եւ միացուեցին Հայաստանին։ Արդիւնքում երկրի տարածքը, որը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան շրջանում կազմում էր 114 հազար քառակուսի կիլօմետր, կրճատուել է մինչեւ 86,6 հազար քառակուսի կիլօմետր: Բացի այդ, 1923ի յուլիսի 7-ին բոլշեւիկեան առաջնորդների նախաձեռնութեամբ ստեղծուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզը։ Այս որոշումը առաջին քայլն էր, որն ուղղուած էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելուն։ Ադրբեջանում խորհրդային իշխանութեան դէմ դիմադրութեան պատասխանը դաժանութիւնն էր, աքսորները, բռնաճնշումները։ 1937ի բռնաճնշումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի ականաւոր ներկայացուցիչների մեծ մասը, որոնք չէին համակերպուել խորհրդային իշխանութեան հետ, տարբեր պատրուակներով ձերբակալուեցին, աքսորուեցին Սիբիր, ղազախական տափաստաններ, շատերը գնդակահարուեցին»։
Անգամ Խորհրդային Միութեան կազմում Ադրբեջանի գտնուելու ժամանակները նկարագրուած են կիսաթափանցիկ գոյներով։ Այսինքն՝ Ալիեւի կարծիքով խորհրդային ժամանակների բոլոր դժբախտութիւնների համար մեղաւոր են ռուսները (թեեւ Կոմունիստական կուսակցութիւնում տարբեր ազգութիւնների ներկայացուցիչներ կային)։ Եւ դա էլ չասած այն մասին, որ ստալինեան բռնաճնշումների թէժ պահին՝ 1937-1938թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում կառավարում էր Միր Ջաֆար Բագիրով անունով մի մարդ, այլ ոչ թէ պայմանական «Իւանով», «Պետրով» կամ «Սիդորով»։ Համաձայնեք, որ Ալիեւի մօտեցումը թէ ժամանակակից Ռուսաստանի, թէ Խորհրդային Միութեան հանդէպ այդ դէպքում քիչ է տարբերւում Մերձբալթեան, Ուկրաինայի եւ Մոլդովայի քաղաքական գործիչների մօտեցումներից։
Ինչ վերաբերում է Վարդանեանին, ապա նրա հասցէին յարձակումն էլ պատահական չէ։ Ադրբեջանի ԶԼՄ-ները պատռում ու մտրակում են այն պատճառով, որ Վարդանեանը դրական է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունէութիւնը եւ ցանկանում է, որ նրանք այնտեղ մնան նաեւ 2025 ից յետոյ, երբ լրանում է խաղաղապահ առաքելութեան առաջին հնգամեայ ժամկէտը։ Բացի այդ, Վարդանեանի հասցէին Ալիեւի մերկապարանոց մեղադրանքը կապուած է Ադրբեջանում հակահայկական կոնսենսուսի հետ, քանի որ նորմալ մարդը հասկանում է, որ ցանկացած ժողովրդի մէջ հանդիպում են բնաւորութեամբ եւ արարքներով տարբեր մարդիկ։
Իսկ ահա քաղաքական տեսանկիւնից Ռուսաստանի եւ ղարաբաղահայերի միջեւ սեպ խրելու Ալիեւի ձգտումն աւելի մանրամասն բացատրութեան կարիք ունի։ Պատմականօրէն այնպէս է ստացուել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները տեղ-տեղ նոյնիսկ աւելի լոյալ են Ռուսաստանի հանդէպ, քան հէնց Հայաստանի բնակիչները։ Դրա պատճառը եղել են անցեալի իրադարձութիւնները, քանի որ չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացումը տեղի է ունեցել 1992-1994թթ. անկախ Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Ուստի, եթէ նոյն վրացի եւ ադրբեջանցի ազգայնականների համար բացարձակ չարիք են Խորհրդային Միութիւնը եւ Ռուսաստանի Դաշնութիւնը՝ որպէս նրա իրաւայաջորդ, ապա Ղարաբաղի հայերի համար այդպիսի չարիք են Ադրբեջանի իշխանութիւնները։ Եւ քանի որ մուսաւաթականները, Ադրբեջանական ԽՍՀ իշխանութիւնները եւ անկախ Ադրբեջանի բոլոր 4 նախագահները (Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյ, Հեյդար Ալիեւ եւ Ալիեւ կրտսէր) փորձում էին Ղարաբաղը մաքրել հայերից, այդ թւում՝ ահաբեկչութեան միջոցով, ապա Ստեփանակերտում չէն պատրաստւում հրաժարուել անկախութեան համար պայքարը շարունակելուց։ Այսպէս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը նոյեմբերի 18-ին յայտարարեց. «Ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտ եւ առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժէք ձեւաչափը եւ այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։
Այդ համատեքստում կարեւոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետութեան համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպէս հակամարտութեան կողմի կարգավիճակը, իսկ բանակցութիւնները ներկայացնել որպէս «խօսակցութիւն Ղարաբաղում ապրող հայերի հետ» եւ Ադրբեջանի ներքին քաղաքականութեան շրջանակներում ընկած գործընթաց։
Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտայայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերեալ, որը վերահաստատուել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահաւաքով։
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս ընդգծել է բանակցութիւններին Արցախի լիիրաւ մասնակցութեան անհրաժեշտութիւնը եւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի՝ որպէս ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար լաւագոյն հարթակի պահպանման կարեւորութիւնը։ Մեր տուեալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Միեւնոյն ժամանակ Արցախի Հանրապետութիւնը չի հրաժարւում պաշտօնական Բաքուի հետ երկկողմ յարաբերութիւններին եւ հակամարտութեան կարգաւորմանն առնչուող հարցերի քննարկումից։ Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կը լինի միայն այն դէպքում, եթէ ընթանայ միջազգայնօրէն համաձայնեցուած ձեւաչափով եւ կողմերի իրաւահաւասարութեան սկզբունքի պահպանմամբ»։
Ներկայ իրավիճակում յատկապէս յատկանշական են չճանաչուած հանրապետութեան իշխանութիւնների գործողութիւնները։ Այսպէս, նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Յարութիւնեանը մասնակցել է Ստեփանակերտում ռուսական կենտրոնի բացմանը։ Այս կենտրոնը, որը ստեղծուել է բարերար եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի աջակցութեամբ, զբաղուելու է ռուսաց լեզուի, մշակոյթի եւ պատմութեան հանրահռչակմամբ, ինչպէս նաեւ նպաստելու է կրթութեան ոլորտում համագործակցութեան զարգացմանը: Նշւում է, որ ռուսական կենտրոնում կայ հարուստ գրքային ֆոնդ, որը թոյլ կը տայ Ղարաբաղի երիտասարդ բնակիչներին ուսումնասիրել ռուսական գրականութիւն։ Կենտրոնի բացման ժամանակ Արայիկ Յարութիւնեանը յայտարարել է․ «Ռուսական կենտրոնների բացումը հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարեայ բարեկամութեան եւս մէկ ակնառու ապացոյց է, մեր սերտ համագործակցութեան վառ օրինակ։ Արցախում միշտ յատուկ ուշադրութիւն է դարձուել ռուսաց լեզուի ուսուցմանը, եւ կենտրոնի բացումը ներկայ պայմաններում առաւել քան անհրաժեշտ է»։
Հասկանալի է, որ Ղարաբաղի հայերը հէնց այնպէս չէն գնացել այդ քայլին։ Այնուամենանիւ, փորձելով Ռուսաստանին իրենց կողմը գրաւել՝ Ղարաբաղի հայերը շատ նուրբ են զգում ռուսների հոգեվիճակը, ինչը թոյլ է տալիս նրանց իրենց կողմը գրաւել ռուսական հասարակութեանը։ Այս առումով Ստեփանակերտի խօսքը գործից չի տարբերւում։ Օրինակ՝ նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանը առցանց հանդիպում է ունեցել Մերձդնեստրի արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատեւի հետ։
Մի խօսքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը շատ ընդհանրութիւններ ունի հետխորհրդային տարածքում ներկայումս գոյութիւն ունեցող այլ չճանաչուած պետութիւնների հետ։ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի իշխանութիւնները, որոնք օգտագործում են հակառուսական գաղափարներ, 1991ից անմիջապէս յետոյ սկսեցին կառուցել սեփական էթնոկրատական պետութիւնները, որտեղ այլ ժողովուրդներ դարձան երրորդ կարգի բնակիչներ։ Ձախողուելով ձուլման հարցում՝ անկախ Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի իշխանութիւնները սկսեցին ռազմական միջոցներ կիրառել ըմբոստ ժողովուրդների դէմ։ Ստեփան Բանդերայի, Նոյ Ժորդանիայի, Եոն Անտօնեսկուի եւ Մամեդ Էմին Ռասուլզադէի գաղափարական ժառանգներն անցած տարիներին ապացուցել են, որ իրենք պատրաստւում են ֆիզիկապէս ոչնչացնել կամ վտարել իրենց հայրենի հողից Դոնբասի ռուսներին, աբխազներին, Հարաւային օսէրին, Մերձդնեստրի բազմազգ բնակչութեանը եւ ղարաբաղահայերին։ Այսինքն՝ Կիեւում, Թբիլիսիում, Քիշնեւում եւ Բաքւում իշխանաւորները, որոնք աղաղակում էին Ռուսաստանի տիրապետութեան տակ սարսափների եւ տառապանքների մասին, իրենք բռնակալներ եւ հրէշներ էին, որոնք ճնշում էին այլ ժողովուրդների իրաւունքներն ու ազատութիւնները։
Այս հակամարտութիւններն անմիջական կապ ունեն նաեւ Ալիեւի սադրանքի հետ։ Ադրբեջանի ներկայացուցիչները, որպէս կանոն, ձգտում էին ռուսական հասարակութիւնից աջակցել Բաքուին ղարաբաղեան հակամարտութեան հարցում՝ փոխարէնը ոչինչ չառաջարկելով։ Աւելի ճիշտ՝ ռուսներին առաջարկում էին դիմանալ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի եւ Մերձբալթեան երկրների յարձակումներին։ Չնայած ադրբեջանցի դիւանագէտները միջազգային հարթակներում փորձում էին չքուէարկել հակառուսական բանաձեւերի օգտին, բայց իրականում այնպէս էր ստացւում, որ Ադրբեջանի բնակիչների ճնշող մեծամասնութիւնը աջակցում էր Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի եւ Դոնբասի հակամարտութիւններում։ Աւելին, Վրաստանի պարագայում ադրբեջանական լրատուամիջոցներից կարելի էր լսել բացայայտ զառանցանք այն մասին, թէ իբր Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի անջատման մէջ մեղաւոր են… հայերը։ Այն, որ Աբխազիայի անկախութեանը սատարում է Թուրքիայի աբխազական համայնքը, նրանց ոչ մի փոքր չի անհանգստացրել։ Այսինքն՝ իրականում Ադրբեջանի բնակչութեան մեծ մասը Ռուսաստանին բարեկամ երկիր չի համարում՝ նախընտրելով համերաշխանալ Մոսկուայից «նեղացած» հետխորհրդային միւս պետութիւնների հետ։ Միայն Ռուսաստանի քաղաքացիութիւն ունեցող ադրբեջանցիների շրջանում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր անկեղծօրէն աջակցում են նաեւ Դոնբասի ռուսներին եւ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ։ Իսկ անդրկովկասեան հանրապետութիւնում քիչ բնակիչներ են Դոնբասի ռուսների աջակցութիւնը համատեղում Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու պայքարի հետ։
Այն ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական հասարակութիւնից պահանջում էին համերաշխութիւն ղարաբաղեան հարցում եւ հնազանդութիւն հետխորհրդային հպարտ պետութիւնների հանդէպ, Ղարաբաղի հայերը ռուսներին գոնէ բարոյական աջակցութիւն էին առաջարկում հետխորհրդային տարածքում այլ հակամարտութիւններում։ ԻՍկ լաւ խօսքը հաճելի է կատուի համար: Այս ճշմարտութիւնը չհասկացած ղարաբաղեան հակամարտութեան հարցում Հայաստանի վիզաւիները յետագայում եւս կզայրանան եւ համերաշխութիւն կցուցաբերէն ուկրաինացիների, մոլդովացի միաբանների եւ վրացի ռեւանշիստների հետ։
Մինչդեռ Ղարաբաղի հայերը չէն յուսահատւում։ Դատելով Մարտակերտում «Արմաթն օդում» ԱԹՍ-ի երկրորդ արհեստանոցի բացման մասին լուրից՝ հայերը չէն պատրաստւում կամաւոր հեռանալ Ղարաբաղից։ Իհարկէ, առայժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բնակիչները նախատեսում են անօդաչու թռչող սարքերն օգտագործել խաղաղ նպատակներով։ Սակայն, ինչպէս ցոյց է տալիս կեանքը, հմուտ ձեռքերում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը կարող են վերածուել նաեւ մարտականի…
Ադրբեջանի տեղեկատուական արշաւը եւ Հայաստանի դէմ ուժ կիրառելու Ալիեւի սպառնալիքները դատարկ տեղում չէն առաջացել։ Յուսանք, որ ռուս խաղաղապահները ողջ-առողջ կը լինէն եւ չէն կրկնի անցեալի սխալները՝ փորձելով զինաթափել ղարաբաղեան հայերին՝ ի շահ Ադրբեջանի երկերեսանի իշխանութիւնների։