Դաւիթ Իշխանեանի ելոյթը և հանդիպումները Սոցինտերնի նստաշրջանում

Դաւիթ Իշխանեանի ելոյթը և հանդիպումները Սոցինտերնի նստաշրջանում

ՀՅ Դաշնակցութեան պատիւակութիւնը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցինտերնի խորհրդի եւ կոնգրէսի աշխատանքներին: Պատուիրակութեան կազմում է նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգմաւոր Դաւիթ Իշխանեանը: Նստաշրջանին Դաւիթ Իշխանեանը ելոյթ է ունեցել «Խաղաղութեան ապահւում եւ ժողովրդաւարութեան ուժեղացում» օրակարգային հարցի շրջանակներում:

 Նա իր ելոյթը աւարտել է մի քանի հաստատումներով՝

— ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմեական են, տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացասում:

— Արցախը ինքնորոշուել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետեւելով, հռչակելով անկախ պետութիւն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետութեան մաս չի կազմել:

— Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականութիւն, որի արդիւնքում փորձում է ամբողջապէս հայաթափել Արցախի Հանրապետութիւնը:

— Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան սպառնալիքները՝ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, էլ աւելի են տեսանելի դարձնում նոր էսկալացիան, որը կարող է վերածուել լուրջ տարածաշրջանային բախման:

— Արցախի օկուպացուած տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն:

— Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարւում է քաղաքական մեկուսացման քաղաքականութիւն՝ ամէն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիւանագիտական եւ քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետութիւն եւ իրավիճակին հաղորդակից լինելու:

— Գրեթէ ամենօրեայ կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձեւաւորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:

— Արցախցիները չէն կարողանում լիարժէքօրէն օգտուել միջազգային օրէնքներով նախանշուած հնարաւորութիւններից, մասնաւորապէս Ադրբեջանի կողմից բռնի տեղահանուածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ եւ տեսանելի ապագայում չկայ նաեւ որեւէ հեռանկար:

— Միջազգային հումանիտար կառոյցները բաւարար աշխատանք չէն տանում եւ չէն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելութիւնը լիարժէքօրէն կատարելու:

«Ինձ համար մեծ պատիւ է, որ այսօր ելոյթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարութեան համար պայքարող մեծաթիւ յեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողաեօս Տեր-Հովհաննիսեանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենյագենի համագումարին: Այդ ժամանակ նաեւ իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կեանք ապահովելու համար», յայտարարել է Դաւիթ Իշխանեանը:


Դաւիթ Իշխանեանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը

Մադրիդում Սոցիալիստական Ինտէրնացիոնալի 26-րդ կոնգրէսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցութեան պատուիրակութիւնը նոյեմբերի 26-ի առաւօտեան հանդիպում եւ մտքերի փոխանակութիւն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրոյ Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրուել է Սոցիալիստական Ինտէրնացիոնալի նախագահ: ՀՅԴ պատուիրակութիւնը նաեւ շնորհաւորել է Իսպանեանի վարչապետ Պեդրոյ Սանչեսին` Սոցիալիստական Ինտէրնացիոնալի նախագահ ընտրուելու կապակցութեամբ:  

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը:

Յիշեցնենք՝ Մադրիդում շարունակւում են Սոցիալիստական Ինտէրնացիոնալի 26-րդ կոնգրէսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցութեան պատուիրակութիւնը հընթացս հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական եւ սոցիալ-դէմոկրատական կուսակցութիւնների ներկայացուցիչների ու պետական պաշտօնեաների հետ:

Share